
Վերջին տարիներին Կառավարության առաջարկած օրինագծերից հատկապես մի քանիսը հանրային ու մասնագիտական թեժ քննարկումների առիթ դարձան, բայց որքան թեժ քննարկվեցին, այնքան արագ էլ մոռացության մատնվեցին։ Դրանցից մի քանիսն արդեն օրենք են դարձել, մի քանիսը դեռ չեն հաղթահարել քննարկումների փուլը։Հատկանշական է, որ բոլոր աղմկահարույց որոշումները հանրային առողջության են վերաբերել։
Որոշում 1․ 2 տարուց ավելի հանրային վայրերում ծխելն ավելի թանկ արժե
Հանրային վայրերում ծխել-չծխելու որոշումն արդեն 2 տարուց ավելի քաղաքացիների փոխարեն պետությունն է կայացնում։ Պաշտոնատար անձինք` մինչև 200 հազար դրամով, ֆիզիկական անձինք 50 հազար դրամով տուգանվում են, եթե որոշել են ծխել հանրային վայրերում։ Օրենքի նախագիծը շրջանառության մեջ դրվեց 2019-ի մայիսին, ընդունվեց 2020-ի փետրվարին։ Մինչ օրինագիծը կդառնար օրենք քննարկվում ու քննադատվում էր հատկապես հանրային կիսափակ կամ բաց վայրերում ծխելու արգելքը։
«Չմտածված օրենք է, շատ չմտածված, որովհետև օրենքի խստությունը օրենքի մտածված լինելու հետ ոչ մի կապ չունի։ Մենք գնում ենք օրինախախտ հասարակություն ստեղծելու ճանապարհով , որովհետև երբ բոլոր դռները փակում ես, մարդիկ մտածում են, թե ոնց շրջանցելու ճանապարհներ գտնեն»,- դեռ օրինագծի քննարկման առաջին օրերին ասում էր սպառողների իրավունքների պաշտպան Բաբկեն Պիպոյանը։

Պաշտոնատար անձինք` մինչև 200 հազար դրամով, ֆիզիկական անձինք 50 հազար դրամով տուգանվում են, եթե որոշել են ծխել հանրային վայրերում։ Սպառողների իրավունքների պաշտպանները դեռ օրենքի նախագծի քննարկման առաջին օրերին արձանագրում էին․
Ըստ վիճակագրության՝ ծխախոտի օգտագործման հետևանքով զարգացած հիվանդություններից մահանում է ծխողների գրեթե կեսը՝ հիմնավորում էր առողջապահության նախարարությունը։
Օրենքի ուժի մեջ մտնելուց 2 տարի անց «Ռադիոլուր»-ի հետ զրույցում առողջապահության նախարարության հանրային առողջության բաժնի գլխավոր կազմակերպիչ Մարիամ Մնացականյանը ասաց՝ առաջիկա 15 տարիներին ծխողների թիվը չի նվազելու։
«Օգտագործողների թիվը չի կրճատվելու սահմանափակումից, կրճատվում է երկրորդային ծխի ազդեցությունը հանրային վայրերում այն անձանց վրա, որոնք չեն ծխում, չեն ընտրել դա, բայց կրում են ծխի ազդեցությունը»։
Որոշում 2 ․ «Գարդասիլ»-ը 2017-ից մեզ հետ է
Հայաստանը «Գարդասիլ»–ի առաջին խմբաքանակը ձեռք բերեց 2017-ին դրամաշնորհային ծրագրի շրջանակում։ 2019-ին առողջապահության նախարարը հայտարարեց՝ միջազգային գործընկերները պատրաստ են պատվաստանյութը տրամադրել շուկայական գներից 25 անգամ ավելի էժան։ Գարդասիլը դեռևս միակ քաղցկեղ ոչնչացնող պատվաստանյութն է, չունի կողմնակի որևէ ազդեցություն, իսկ պատվաստանյութին դեմ քննարկումները ոչ թե գիտական, այլ քաղաքական են՝ 2019-ին ասաց առողջապահության նախարարի պաշտոնը զբաղեցնող Արսեն Թորոսյանը։
«Ես պատրաստ եմ հավերժ պատասխանել այս հարցերին»։
Մինչդեռ նույն թվականին Եվրոպական Միության տվյալների միասնական բազայի տեղեկություններով, որոնք տրամադրվել են «Ռադիոլուր»-ին, «Գարդասիլ»-ով պատվաստումների 92 տոկոսի դեպքում նկատվել է կողմնակի ազդեցություն։

Ի պատասխան հանրային ու մասնագիտական բուռն քննարկումների ու քննադատությունների՝ առողջապահության նախկին նախարար Արսեն Թորոսյանը և այդ ժամանակ նրա տեղակալ Անահիտ Մանասյանը ուղիղ եթերում պատվաստվեցին։
«Շատ մեծ ուրախությամբ հայտնում եմ, որ մենք պատվաստվեցինք, որևէ կողմնակի ազզդեցություն կամ ալերգիկ այլ բան չենք արձանագրել և ստանալու ենք երկրորդ դոզան»,-ասաց Անահիտ Մանասյանը։
2019-ին՝ համապատասխան որոշմամբ ընդլայնվեց պատվաստանյութի կիրառման տարիքային սահմանը՝ 9-ից 27-ը դարձավ 9-ից 45։ Մարդու պապիլոմա վիրուսի առաջացրած հիվանդությունները կանխարգելող պատվաստանյութը պլանային պատվաստումների օրացույցում է, բայց չի պարտադրվում։
Որոշում 3․ Ֆոլաթթուն դեռ մեր ալյուրը չի հարստացնում
2015-ին ալյուրը ֆոլաթթվով և երկաթով հարստացնելու օրենքի նախագիծը ԱԺ-ում էր, Կառավարությունը 2014–ին հաստատել էր «Ցորենի ալյուրի հարստացման մասին» օրենքի նախագիծը։ Ըստ հիմնավորման՝ ցորենի ալյուրը հարստացվելու էր երկաթով ու ֆոլաթթվով, որոնց դեֆիցիտի պատճառով առաջանում է սակավարյունություն:
Մասնագետների մի մասը կտրականապես դեմ էր ալյուրի հարստացմանը` պատճառաբանելով ֆոլաթթվի քաղցկեղածին լինելու հանգամանքը:
«Ես շատ կուզեի իմանալ, թե Հայաստանում վերջին 10 տարվա ընթացքում ինչ փորձի հիման վրա է, ինչ հետազոտության, ինչ թեստավորման, ինչ գիտական հիմնավորման վրա է որոշվել ալյուրը հարստացնել ֆոլաթթվով»։


2015-ի հունվարին ԱԺ մշտական հանձնաժողովը քննարկեց և որոշեց հետաձգել նախագծի ընդունումը: Ավելի քան 10 տարի անց առողջապահության նախարարության ներկայացուցիչը բացատրեց՝ ձախողման պատճառը ներպետական հետազոտությունների բացակայությունն էր։
«Էն ժամանակ ինչո՞ւ ձախողվեց։ Որովհետև հետազոտություններ չկային իրականացված, թե ֆոլաթթվի քանակը ինչքա՞ն է, իրականում պակա՞ս է, թե՞ չէ, ինչքանո՞վ պետք է ավելացնել։ Դա էր խնդիրը ։ Հիմա նախատեսում ենք իրականացնել այդ հետազոտությունները՝ Պարենի ռազմավարության շրջանակում»։
Որոշում 4․ Աղամանները շուտով նորից քննարկումների սեղանին կդրվեն
2022-ին առողջապահութայն նախարարությունը հանրային քննարկման ներկայացրեց օրինագիծ, որի համաձայն՝ հանրային սննդի օբյեկտներում սեղանի վրա առանց սպառողի պահանջի աղամանի առկայությունը կարգելվի, խախտման դեպքում՝ տնտեսվարողը կտուգանվի 30․000 դրամի չափով։ Նախագծի վերաբերյալ քննարկումներն ու քննադատություններն այնքան շատ էին, որ նախագիծը կառավարությունից խորհրդարան չհասավ։
«Տնտեսվարողների հիմնական մտահոգությունն այն էր, թե վերահսկողությունը ոնց է լինելու, աղամանը դնելու դեպքում, եթե անձը բերեց դրեց, ոնց են որոշելու՝ դա իրենց ուզածո՞վ է եղել, թե՞ չէ։ Վերահսկողության խնդիրր էր, քանի որ տուգանք կար՝ առանց պահանջի աղամանը սեղանին դնելու համար, այստեղ են խնդիրը տեսել տնտեսվարողները, թե չէ աղամանի մեջ չէր»։
Հանրային առողջության կազմակերպիչը դժվարանում է պատասխանել, թե ինչու օրենքի այս նախագիծը նման կրքեր բորբոքեց, բայց կարծում է՝ այդ քննարկումները իրազեկեցին մարդկանց։

Հայաստանում աղի օգտագործումն Առողջապահության համաշխարահային կազմակերպության սահմանած նորմերից երկու անգամ բարձր է։ Ոլորտի պատասխանատուներն ասում են՝ նպատակը ոչ թե տնտեսվարողներին տուգանելն է, այլ աղի օգտագործման իրական նվազեցումը։ Նախարարութունում հիմա էլ աշխատում են այդ ուղղությամբ, աղամանների արգելքի նախագծից չեն հրաժարվել։
«Օրենքը շրջանառության փուլում է, հետազոտություններ պետք է իրականացնենք մինչև այս տարվա վերջ , ինչպես երեխաների, դեռահասների շրջանում, այնպես էլ մեծերի։ Ընդ որում՝ դպրոցահասակ ների շրջանում արդեն իրականցված է, հիմա տվյալները մշակման փուլում են»։
Հետազոտություններին զուգահեռ մշակվում են այն մեխանիզմները, որոնցով հնարավոր կլինի վերահսկել ու հասկանալ՝ այցելո՞ւն խնդրեց աղամանը մոտեցնել, թե՞ այն արդեն սեղանին էր։
Որոշում 5․ Ձմերուկն ու սեխը կտրած վաճառելը դեռ վտանգավոր չէ
Նախորդ տարվա հուլիսին էկոնոմիկայի նախարարությունն առաջարկեց կտրած ձմերուկ ու սեխ վաճառողներին տուգանել 100 հազար դրամով, որ լուծի, նախարարության կարծիքով, սննդի անվտանգությանն առնչվող կարևոր խնդիրներից մեկը։

«Արդյո՞ք կտրած ձմերուկի մյուս մասը վնասված կամ փչացած չի եղել, ու տնտեսվարողը կտրտել է միայն նորմալ վիճակում գտնվող մասը, փաթեթավորել ու վաճառել։ Հենց այս հարցերն են, որ առաջացել են ու ստիպել գնալ այս փոփոխությունների ճանապարհով»- ասաց էկոնոմիկայի նախարարության ներկայացուցիչ Մելանյա Կարապետյանը։
Օրենսդրական նախաձեռնության հիմքում, սակայն, վիճակագրական տվյալներ չկային։ Սննդի ռիսկերը գնահատող մասնագետ Դավիթ Պիպոյանն իր մասնագիտական գործունեության ընթացքից դեպք չէր մտաբերում, երբ սննդային թունավորման պատճառը հատկապես կտրտած ձմերուկն ու սեխն են եղել։ Ըստ մասնագետի՝ կենդանական ծագման մթերքներից եկող ռիսկերն ավելի շատ են, իսկ նախարարությունն ավելի հրատապ խնդիրները լուծելու փոխարեն դետալային կարգավորումների ճանապարհով է գնացել։
Օրենքի այս նախագիծն, ի տարբերություն նախորդների, հանրային ու մասնագիտական թեժ քննարկումների չարժանացավ։ Հարցը, թե արդյոք կտրած ձմերուկն ու սեխը սննդի անվտանգությանը սպառնացող կարևոր խնդիր են, մնաց օդում՝ իր հետ օդում թողնելով նաև օրինագիծը։




