
Հայաստանի սոցիալական աշխատողների ասոցիացիան Արմավիրում նախատեսում է բացել սոցիալական աշխատանքի կենտրոն, որտեղ սոցիալական աշխատողները կաշխատեն Արցախից բռնի տեղահանվածների եւ տեղի խոցելի ընտանիքների հետ: Այդ նպատակով Արմավիր համայնքի ավագանին մեկ տարի ժամկետով տրամադրել է Սարդարապատ գյուղի երաժշտական դպրոցի շենքը, որի դռները 20 տարուց ավելի փակ են ու գտնվում է անմխիթար վիճակում: Ծրագրի ընթացքում շենքի մի հատվածը կվերանորոգվի, կկահավորվի, իսկ ծրագրի ավարտից հետո կհանձնվի համանքին:
Երկար տարիներ անգործության մատնված Սարդարապատ գյուղի երաժշտական դպրոցի երկհարկանի շենքը քայքայումից պաշտպանելու համար համայնքապետարանը ֆինանսական տարբեր միջոցներով փոխել է տանիքն ու պատուհանները: Ներսում վիճակն ավելի անմխիթար է: Շենքի մի մասը տարիներ առաջ օտարվել է՝ ասում է գյուղի վարչական ղեկավար Արթուր Խաչատրյանը։

«Երաժշտական դպրոցը չի գործում դեռ 1990-ականներից: Ընդհանուր շենքը երաժշտական դպրոցինն է եղել, բայց հետո կեսը օտարել, ծախել են, որտեղ «Արմավիր ՋՕԸ»-ն է: Սա էլ մենք մեր ուժերով ենք արել՝ պատուհանները փոխեցինք, նորը դրեցինք, քանի որ արևի ու անձրևի տակ էր: Տեսեք, թե ոնց է փչացել: Ուզում ենք պահպանենք շենքը ու չփչացնենք»:
Երկհարկանի շենքի երկրորդ հարկը Արմավիրի ավագանին մեկ տարի ժամկետով անհատույց հատկացրել է Հայաստանի սոցիալական աշխատողների ասոցիացիային՝ Արցախից բռնի տեղահանվածների հետ սոցիալական աշխատանք կազմակերպելու նպատակով: Ասոցիացիայի նախագահ Միրա Անտոնյանի խոսքով՝ շենքը բարեկարգվելու է, իսկ ծրագրի ավարտից հետո վերադարձվելու է համայնքին:

Միրա Անտոնյան. «Կան համայնքներ, որոնք տեղ ու հնարավորություն են տալիս, ավելին՝ իրենք են վերանորոգում ու տրամադրում շինությունը, համայնքներ էլ կան, միայն տարածքն են տրամադրում վատ վիճակում, համայնքներ էլ կան, որ ասում են՝ կներեք, տեղ չունենք, վարձեք: Բայց մեր պայմանն այն է, որ համայնքը պետք է տեղ դա, դա, ի վերջո, մնալու է իրեն: Երբ մենք դուրս գանք, Արմավիր համայնքին կթողնենք վերանորոգված, զինված, կահավորված և աշխատանքի մշակույթ ձևավորած պրոֆեսիոնալ անձնակազմով ծառայություն»:
Տեղի բնակիչներից կձևավորվի սոցիալական աշխատանքային խումբ, որի անդամները վերապատրաստումից հետո կմասնագիտանան այս ոլորտում: Սոցիալական աշխատողներն իրականացնելու են անհատական աշխատանք՝ այցելելով տեղահանվածների ընտանիքներին: 50-100 ընտանիքի կցվելու է մեկ սոցաշխատող:

«Հատուկ աշխատանք կտարվի երեխաների ու մեծահասակների հետ, որոնք դեռ չեն հաղթահարել տեղահանման հետ կապված իրենց տագնապները: Մասնագետներն իրենք են գնալու ընտանիքներ, նստելու են, խոսելու են, քննարկելու են հարցեր: Սա առաջին փուլում, աստիճանաբար օգնելու են այդ մարդկանց զարգացնելու իրենց հմտությունները, որպեսզի ներառվեն աշխատաշուկա կամ սկսեն իրենց սեփական բիզնեսը, եթե դրա համար նախադրյալներ կան»:
Արմավիրում տեղահանված արցախցիների հետ սոցիալական աշխատանքներ կազմակերպում են մի քանի հասարակական կազմակերպություններ՝ տրամադրելով հոգեբանական, իրավաբանական և սոցիալական աջակցություն: Ուշադրություն են դարձնում են խոցելի ընտանիքների տնտեսական հզորացմանը՝ նոր հմտություններ ձեռք բերելու միջոցով: «Ռադիոլուրի» զրուցակիցը հասարակական կազմակերպություններից մեկում սոցիալական աշխատանք է իրականացրել ոչ միայն արցախցի, այլև տեղացի խոցելի ընտանիքիների կանանց հետ: Նա վերապատրաստվել է և սոցիալական աշխատանքի հմտություններ ձեռք բերել:
«Թիրախավորել ենք խոցելի խմբերի, որոնց մեջ կարիքավոր ընտանիքներ էին, պատերազմից տուժած ընտանիքների, արցախից տեղահանվածների: Ընդգծել ենք իրենց կարիքները, որոշակի ծրագրեր իրականացրել՝ հոգեբանական աջակցություն, նաև տնտեսական հզորացման ծրագիր և շատ կանայք ու աղջիկներ ձեռք են բերել նոր մասնագիտություն: Նրանց մենք օգնեցինք կայանալ շուկայում, շուկայավարման հմտություններ ձեռք բերեցին: Նրանց մի խումբն արդեն ինքնազբաղվածություն ունի, կարողանում են որոշակի արտադրանք ստեղծել կարուձևի, մաքրամեի ասպարեզում»:

Հայաստանի սոցիալական աշխատողների ասոցիացիայի նախագահ Միրա Անտոնյանը վստահ է, որ յուրաքանչյուր երկրի զարգացումը պայմանավորված է ոչ միայն տնտեսական, այլև՝ սոցիալական զարգացմամբ, որը փոխում է մարդկանց կյանքի որակը: Ասում է՝ սոցիալական աշխատանքի ինստիտուտի զարգացումն ինքնանպատակ չէ, այն մարդկանց օգնելու հիմնական գործիքն է:

«Սա համայնքային զարգացման ծրագիր է՝ անհատականացված աշխատանքի միջոցով, որը թույլ չի տա որևէ երեխա դուրս մնա դպրոցից, թույլ չի տա հաշմանդամություն ունեցող անձը դուրս մնա վերականգնողական ծրագրերից: Ոչ մի համանք չի կարող տնտեսապես զարգացած լինել, երբ իր մարդկային կապիտալը հաշմանդամության, կոնֆլիկտների, տեղահանված լինելու պատճառով չի կարողանում իրացնել իր սոցիալական կապիտալը, չի կարողանում իրացնել ռեսուրսը»:

Միրա Անտոնյանն ասում է, որ միասնական սոցիալական ծառայության աշխատակիցների աշխատանքը տարբերվում է սոցիալական աշխատողի գործառույթներից, որոնք վարչական աշխատանք են կատարում, կարգավորում են սոցիալական երաշխիքի հարցը և զբաղվում դեպքերի վարմամբ: Իսկ սոցիալական աշխատանքը պահանջում է անհատական մոտեցում համայնքի դժվարին իրավիճակում հայտնված ընտանիքների յուրաքանչյուր անդամի հետ: Սոցիալական աշխատանքի կենտրոններ են բացվելու նաև մյուս մարզերի 12 համայնքներում:




