
Կառավարությունն այսօրվա նիստում չզեկուցվող հարցերի փաթեթով վավերացվել է ապրիլի 5-ին Բրյուսելում ստորագրված համաձայնագիրը, որը վերաբերում է քրեական արդարադատությանը։
Փաստաթղթի նպատակը կազմակերպված հանցավորության, ահաբեկչության, փողերի լվացման, թրաֆիքինգի և այլ ծանր հանցագործությունների դեմ պայքարում «Եվրաջասթ»-ի և Հայաստանի Հանրապետության իրավասու մարմինների միջև միջազգային համագործակցությունը զարգացնելն է: Համաձայնագրով նախատեսվում է, որ Հայաստանի Հանրապետությունը նշանակում է Համագործակցության հարցերով դատախազ՝ Եվրաջասթի և Հայաստանի իրավասու մարմինների միջև հաղորդակցությունը և համագործակցությունն իրականացնելու նպատակով:
Հայաստանը հերթական քայլն է անում եվրոպական քրեական արդարադատության մաս դառնալու ուղղությամբ։ Հայաստան-ԱՄՆ-ԵՄ ապրիլի 5-ի բրյուսելյան եռակողմ հանդիպումների քաղաքական բովանդակությանը զուգահեռ ստորագրվել է փաստաթուղթ, որը 2 ամիս անց Հայաստանի կառավարությունը վավերացրեց՝ հնարավորություն տալով լիարժեք անցնել «Եվրաջասթ»-ի համակարգին։
«Եվրաջասթ»–ն ունի իրավասության լայն շրջանակ անդրազգային հանցավորության դեմ պայքարում, հետևաբար Համաձայնագիրը հնարավորություն կտա նախաձեռնված քրեական վարույթներով Եվրոպական միության անդամ պետությունների իրավասու մարմինների հետ ավելի արդյունավետ համագործակցել, իսկ ՀՀ դատախազության ներկայացվածությունը «Եվրաջասթ»-ում կնպաստի անհրաժեշտ հաղորդակցման արագությանն ու ցուցաբերված փոխադարձ աջակցության որակին: Համագործակցությունը նախատեսում է կազմակերպված հանցավորության, ահաբեկչության, փողերի լվացման, թրաֆիքինգի և այլ ծանր հանցագործությունների դեմ համատեղ պայքար։
Հայաստանին հետաքրքրող կոնկրետ ուղղություններից նախկին պատգամավոր, «Հանուն հավասար իրավունքների» կազմակերպության ղեկավար Գայանե Աբրահամյանը առանձնացնում է․

«Ընդամենը մեկ շաբաթ առաջ Լիտվայում անցկացվող հակակոռուպցիոն միջազգային համաժողովի ըթնացքում հնարավորություն ունեցա հանդիպելու ԱՄՆ պետդեպարտամենտի փողերի լվացման և կոռուպցիայի դեմ պայքարի վարչության ղեկավարի հետ, որը նաև զբաղվում էր Հայաստանի կոռուպցիոն գործերի և ակտիվների գործերով։ Շատ հետաքրքիր մի դիտարկում արեց, ասաց՝ ես ապշում եմ հաճախ, թե նախկին իշխանությունները ինչպիսի գերպրոֆեսիոնալիզմով են իրականացրել բոլոր այդ կոռուպցիոն գործողությունները, որ մեզ համար շատ դժվար է դրանք որպես կոռուպցիոն գործարքներ ապացուցել։ Չնայած, ակնհայտ է, որ դրանք կոռուպցիոն գործարքներ են, բայց իրավական տեսանկյունից դրանք բավական անխոցելի են։ «Financal Integrity» միջազգային կազմակերպությունը հետազոտություն էր արել Հայաստանից դուրս բերված անօրինական ակտիվների և ֆինանսական միջոցների վերաբերյալ։ 2014-ին հրապարակված զեկույցով ապացուցվում էր, որ դրան նախորդած 9 տարիների ըն ացքում Հայաստանից դուրս էր բերվել մոտ 9.8 միլիարդ դոլարի համարժեք գումար»։
«Եվրաջասթ»-ը ԵՄ քրեական արդարատության ոլորտում համագործակցության գործակալությունը ԵՄ անդամ պետությունների դատախազությունների միջև գործակցությունը խթանող համաեվրոպական կառույց է, հիմնադրվել է 2002 թվականին։
2021-ին ԵՄ խորհուրդը որոշեց ընդլայնել «Եվրաջասթ»-ի աշխարհագրությունը և սկսեց ԵՄ անդամ չհադիսացող երրորդ պետությունների հետ գործակցության մասին համաձայնագրի կնքման բանակցություններ։ Խոսքը 13 պետությունների մասին է, Հայաստանը դրանցից մեկն է և առաջին երկիրը, որ երկու տարի առաջ սկսեց բանակցություններն ու այս տարի ստորագրեց համագործակցության համաձայնագիրը։
Ստորագրման պահին Հայաստանի արտգործնախարարը հայտարարեց․

«Մենք սերտ համագործակցություն ունեցել ենք «Եվրաջասթ»-ի, «Եվրոպոլ»-ի հետ՝ նույնիսկ առանց համաձայնագրի, բայց այժմ այս համաձայնագիրը գալիս է ամրապնդելու և համագործակցությունն ինստիտուցիոնալ դարձնելու: Այս համաձայնագրի ստորագրմամբ մենք նաև մեկ քայլ մոտենում ենք Հայաստան-ԵՄ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի ամբողջական իրականացմանը: Սա դռներ է բացում փորձի փոխանակման և կարողությունների զարգացման նոր հնարավորությունների համար»։
Արդարադատության հարցերով ԵՄ հանձնակատար Դիդիեր Ռեյներսը համոզված է, որ սա կարևոր անկյունաքար է ԵՄ-Հայաստան հարաբերություններում։
«Ներկայացնելով «Եվրոպոլ»-ի հանցավոր ցանցերի մասին զեկույցը՝ պարզ է դառնում, որ սա հնարավորություն է իսկապես ամրապնդելու համագործակցությունը Հայաստանի հետ դատական մակարդակով և ապահովելու, որ 80 երկրների հետ ոչ միայն Եվրոպայում, այլև դրանից դուրս մենք կարողանանք ինտեգրված աշխատել։ Մեզ համար կարևորն այն է, որ այժմ Հայաստանը հնարավորություն ունի ունենալ ներկայացուցիչ Եվրաջասթի շրջանակներում, որը թույլ է տալիս անհրաժեշտության դեպքում մասնակցել համատեղ քննչական խմբերի աշխատանքին։ Համաձայնագիր ունենալու փաստն իսկապես հնարավորություն կտա մասնակցել մի շատ մեծ ցանցի և ամրապնդել ներկայությունը Եվրամիության հետ համագործակցության մեջ։ Կարծում եմ, որ նույնիսկ անդամ երկրներում, երբ մենք, օրինակ, համատեղ քննչական խմբեր ենք ստեղծում, դա մեզ թույլ է տալիս տեսնել, թե ինչպես են աշխատում մյուս տարբեր դերակատարները, և թե որքանով են արդյունավետ»։
Հայաստանի արդարադատության արդյունավետության առումով զգալի վերապահումներ ունի Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի նախագահ, իրավապաշտպան Արթուր Սաքունցը, թեև քայլերի ուղղությունը ճիշտ է գնահատում։

«Զուտ հայաստանյան առումով ես թիվ մեկ խնդիրը այս պահին համարում եմ դատաիրավական բարեփոխումների կամ դատաիրավական համակարգի վիճակը։ Հանրային վստահությունը դատական համակարգի նկատմամբ, իրավապահ համակարգի նկատմամբ մնում է բավական ցածր։ Այս խոսքը այն մասին չէ, որ վստահում ենք դատարանի, դատախազի որոշմանը, թե՝ ոչ։ Խնդիրն այն է, որ այդ մարմինների կողմից կայացված որոշումների օբյեկտիվության նկատմամբ չկա վստահություն, հիմնավորվածության նկատմամբ չկա վստահություն»։
Համաձայնագրի վավերացումը, Հայաստանին մասնագիտական նոր հնարավորություններ տալուց բացի, վերլուծաբանների կարծիքով, կարևոր քայլ է Հայաստանի եվրաինտեգրման ճանապարհին։




