
Հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման հարցում Անկարան ունի նախապայմաններ, որքան էլ շեշտում է թե որևէ նախապայման չկա, պնդում են փորձագետները, մատնացույց անելով ադրբեջանական նախապայմանները, որոնք անմիջական կապ ունեն թուրքական շահերի հետ։
ՀՀ սահմանադրության փոփոխության պահանջը Բաքվի կողմից շատ հարկավոր է հենց Անկարային, քանի որ ՀՀ հռչակագրում, որին հղում է անում ՀՀ սահմանադրությունը, հստակ պահանջ կա Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման հարցում։ Փորձագետները չեն բացառում, որ հուլիսի 2-ին տեղի ունեցած լինի Հայաստանի ու Թուրքիայի հատուկ բանագնացների հանդիպումը, որը սակայն գաղտնի է պահվում։
Լրատվամիջոցները, դիվանագիտական անանուն աղբյուրին հղումով, ակտիվորեն տարածում էին, որ հուլիսի 2-ին Մարգարայում նախատեսված է հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման հարցերով հատուկ ներկայացուցիչների հանդիպում։ Նախօրեին ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Անի Բադալյանը լրատվամիջոցների ճշտող հարցերին ի պատասխան ոչ թե հերքեց, այլ հստակեցրեց, որ հանդիպման ժամկետի վերաբերյալ պայմանավորվածություն ձեռք բերելուց հետո հանրությունը պատշաճ ժամկետում կիրազեկվի։
Հուլիսի 2-ին արդեն լրատվամիջոցները կրկին հղումով դիվանագիտական անանուն աղբյուրներին տեղեկություն տարածեցին թե վերջին պահին թուրքական կողմը հրաժարվել է հանդիպումից։ Պատճառները չեն նշվում, պարզ չէ նաև՝ հանդիպումը հետաձգվել է, թե չեղարկվել։
Քաղաքագետ Արա Պողոսյանը «Ռադիոլուրի» հետ զրույցում, սակայն, կարծիք հայտնեց՝ չի կարելի բացառել, որ հանդիպումը, այնուամենայնիվ, կայացել է, այլ հարց է, թե ինչ արդյունք է ունեցել․
«Բնականաբար, լինում են դեպքեր, երբ նման հանդիպումները կոնֆիդենցիալ են լինում։ Եթե դիտարկենք մյուս թեզը, որ հանդիպում չի եղել, այլ ընդամենը խոսակցություն է եղել, որը հետո հերքվել է։ Սա ևս ունի որոշակի պատճառաբանություններ, որոնցից մեկը, կարծում եմ՝ կարող է լինել այն, որ վերջին շրջանում թե՛ Հայաստան-Ադրբեջան, թե՛ Հայաստան-Թուրքիա հարաբերություններն էապես կերպափոխվել էին։ Եթե նախկինում խանդավառություն կար, թե ուր որ է՝ հարաբերությունները կկարգավորվեն և հայ-թուրքական սահմանը առնվազն երրորդ երկրների քաղաքացիների կամ դիվանագիտական անձնագրեր ունեցողների համար կբացվի, ապա այժմ ժամանակը ցույց տվեց, որ դա հեշտ խնդիր չէ և ուղիղ կապ ունի Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների հետ, և դա չեն թաքցնում հենց Թուրքիայում»։
Հայաստանի ու Թուրքիայի հատուկ բանագնացներ Ռուբինյանի ու Քըլըչի Մարգարայում հանդիպելու մասին լուրերը անհիմն չէին՝ մոտ 2 շաբաթ առաջ հեռախոսազրույց էր տեղի ունեցել Հայաստանի վարչապետ Փաշինյանի ու Թուրքիայի նախագահ Էրդողանի միջև և, ըստ տարածված տեղեկատվության, քննարկվել էին հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման հարցերը։ Նրանք ընդգծել էին Հայաստանի ու Թուրքիայի միջև հարաբերություններն առանց նախապայմանների կարգավորելու հարցը, ինչից հետո մոտ մեկ շաբաթ առաջ էլ երկկողմ և տարածաշրջանային հարցեր էին քննարկել Հայաստանի ու Թուրքիայի ԱԳ նախարարները։
Արա Պողոսյան․ «Որքան էլ դիվանագիտական լեզվով նշվում է, թե հարաբերությունների հաստատումը առանց նախապայմանների է, սակայն, Թուրքիայում պաշտոնյաները և կարծիք ձևավորողները մշտապես հայտարարել են ու չեն թաքցրել անգամ, որ այս երկու հարաբերությունները՝ հայ-թուրքական ու հայ-ադրբեջանական, հնարավոր չէ առանձին քննարկել։ Եվ այդ նախապայմաններից մեկը վերաբերում է Ադրբեջանի հետ «Խաղաղության պայմանագրի կնքմանը», իսկ դա հասկացվում է՝ ադրբեջանական պայմաններով փաստաթղթի ստորագրում, մյուսը սահմանագծման ու սահմանազատման աշխատանքներ, որը նույնպես հասկացվում է՝ ադրբեջանական պայմաններով սահմանազատում»։
Բացի Հայաստան-Ադրբեջան հարաբերություններում առկա նախապայմաններից, կան նաև թուրքական նախապայմաններ, ասում է քաղաքագետը և պարզաբանում, որ այդ նախապայմանը Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչումից հրաժարվելն է, և ՀՀ սահմանադրության փոփոխության պահանջը Բաքվի կողմից նպատակ ունի սահմանադրությունից հեռացնելու պահանջատիրության մասին հիշատակումը։
ՀՀ Հռչակագրի 11-րդ կետով հստակ նշվում է՝ Հայաստանի Հանրապետությունը սատար է կանգնում 1915 թվականին Օսմանյան Թուրքիայում և Արևմտյան Հայաստանում Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման գործին:
«Այդ նախապայմանները վերաբերում են Հայաստան-Թուրքիա ամենաքիչ հավանական լուծվող հարցին՝ Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման ու հայկական պահանջատիրության հարցին։ Սա Թուրքիայի համար ամենակարևոր հարցն է՝ ստիպել ՀՀ, որ հրաժարվի Հայոց ցեղասպանության ճանաչման խնդրից»։
Եվ այն, ինչ պետք է Թուրքիային, անում է Ադրբեջանի ձեռքերով, բացատրում է քաղաքագետ Պողոսյանը։
Հայ-թուրքական կարգավորման հարցով հատուկ բանագնացների չորս պաշտոնական հանդիպում է տեղի ունեցել, որունց ընթացքում շեշտվել է երրորդ երկրների քաղաքացիների համար կարճ ժամկետներում ցամաքային սահմանը բացելու անհրաժեշտությունը։ Տևական ժամանակ է, սակայն, սահմանը այդպես էլ չի բացվում։ Քաղաքագետը չի բացառում, որ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման տրամաբանության շրջանակներում ինչ-որ քայլ ամեն դեպքում արվի Անկարայի կողմից։
Քաղաքագետ Բենիամին Պողոսյանը ևս հայ-թուրքական հարաբերությունների կարգավորումը պայմանավորում է Բաքվի հետ Երևանի հարաբերություններով։
«Այսպես, թե այնպես, հստակ է դիրքորոշումը, որ Թուրքիան քայլ կանի հայ-թուրքական հարաբերությունները նորմալացնելու ուղղությամբ, երբ ստանա կանաչ լույս Ալիևից։ Որպեսզի նման բան տեղի ունենա, մենք պետք է հասկանանք, թե ով է շահագրգռված հայ-թուրքական ու հայ-ադրբեջանական հարաբերությունների նորմալացմամբ։ Իմ գնահատմամբ՝ ԱՄՆ-ն, քանի որ սա նրանց համար հնարավորություն է Հայաստանի համար ռեալ քայլեր ձեռնարկելու տարածաշրջանից ՌԴ հեռանալու ուղղությամբ, և երկրորդ՝ գործարկելու կենտրոնական Ասիա-Եվրոպա միջանցքը»։
Քաղաքագետ Արա Պողոսյանը չի բացառում, որ ԱՄՆ ճնշման ներքո առաջիկայում Թուրքիայից ցուցադրական ժեստ լինի, օրինակ՝ դիվանագիտական անձնագրեր ունեցող քաղաքացիների համար սահմանը բացվելու տեսքով։




