Դպրություն

Մագիստրոսական կրթական ծրագրի եզակի նախաձեռնություն՝ ակադեմիական ոլորտում․ «Դպրություն»

2024-2025 ուստարվանից ՀՀ ԳԱԱ գիտակրթական միջազգային կենտրոնում կմեկնարկի «Կենսաբազմազանության ուսումնասիրություն և պահպանություն» նոր մագիստրոսական կրթական ծրագիրը, որը միավորում է առաջադեմ հետազոտական մեթոդները, միջոլորտային մոտեցումները և միջազգային փորձը՝ ձևավորելով տեսական և գործնական գիտելիքներ ու հմտություններ։

Մագիստրոսական կրթական ծրագիրը եզակի նախաձեռնություն է ակադեմիական ոլորտում և իրականացվելու է Արմեն Թախտաջյանի անվան բուսաբանության ինստիտուտի հետ համատեղ։

Ընդունելության ինչպիսի՞ կարգ է գործում և ի՞նչ պահանջներ կան, և կա՞ն արդյոք միջազգային համագործակցության և կարիերայի հեռանկարներ։

««Կենսաբազմազանության ուսումնասիրություն և պահպանություն» մագիստրոսական կրթական ծրագիրը նոր է և Հայաստանում չկա այսպիսի մագիստրոսական ծրագիր։ Սա լինելու է առաջինը։ Գուցե հետագայում նմանատիպ ծրագրեր լինեն ուրիշ բուհերում, բայց սա իսկապես եզակի է, որովհետև Արմեն Թախտաջյանի անվան բուսաբանության ինստիտուտն է եզակի, այնտեղ աշխատող մարդիկ են եզակի և մտածում ենք մեր ուսանողները կլինեն եզակի։ Սա այն միջավայրն է, որը յուրաքանչյուրը կարող է երազել»,– ասում է ՀՀ ԳԱԱ գիտակրթական միջազգային կենտրոնի դեկան, ֆիզ․մաթ․գիտությունների թեկնածու, դոցենտ Ատոմ Մխիթարյանը։

«Մեր մագիստրոսական ծրագրի տևողությունը 2 տարի է։ Սա պատահական չէ ընտրված, քանի որ այստեղ երկու հանգամանք է կարևոր դեր խաղացել։ Առաջինը, որ ուսանողները պետք է ունենան գիտահետազոտական աշխատանքի հիման վրա գրված մագիստրոսական թեզ, որի համար նրանց անհրաժեշտ է առնվազն 1տարի դաշտային ուսումնասիրությունների ժամանակահատված և երկրորդը՝ մեր առաջ նպատակ ենք դրել, որ ուսանողների ճնշող մեծամասնությունը, եթե ոչ բոլորը, հնարավորություն ունենան մեկ կիսամյակ սովորելու նաև եվրոպական առաջատար բուհերում՝ փոխանակման ծրագրերով», – ասում է ՀՀԳԱԱ ԳԿՄ կենտրոնի բույսերի բազմազանության և էկոհամակարգերի ուսումնասիրությունների ամբիոնի վարիչ, կենսաբանական գիտությունների թեկնածու, դոցենտ Ալլա Ալեքսանյանը։

«Գիտակրթական միջազգային կենտրոնը հետազոտական համալսարանի նախատիպ է։ Մեր ամբիոնների գերակշիռ մասը տեղակայված է ԳԱԱ–ի գիտական կառույցներում և ինստիտուտներում, ինչը հնարավորություն է տալիս ուսանողներին տեսական գիտելիքներին զուգահեռ՝ ձեռք բերել նաև պրակտիկ հմտությունները։ Ունենալով այս հաջողված փորձը՝ բուսաբանության ինստիտուտի հետ համատեղ որոշեցինք հիմնադրել «Կենսաբազմազանության ուսումնասիրության և էկոհամակարգերի պահպանության» ամբիոնը, որի շրջանակներում էլ կիրականացվի նոր մագիստրոսական կրթական ծրագիրը»,– ասում է ՀՀԳԱԱ ԳԿՄ կենտրոնի հանրային կապերի և կարիերայի բաժնի պետ Լիլիթ Ադամյանը։

Կարդացեք նաև

Back to top button