Բելա Բաբայանը ծնվել է 1959 թվականին Ստեփանակերտում։ Տեղի թիվ 1 դպրոցն ավարտելուց հետո ընդունվել է Արցախի պետական համալսարանի «Պատմություն և հասարակագիտություն» բաժին։ 1995-2000 թվականներին եղել է Արցախի գերագույն խորհրդի պատգամավոր, 2002-ից՝ Ստեփանակերտի փոխքաղաքապետ, 2005-2010 թվականներին Կրթության ազգային ինստիտուտի Արցախի մասնաճյուղի տնօրենն էր, ավելի ուշ՝ Ստեփանակերտի քաղաքապետարանի աշխատակազմի ղեկավարը։ 2015 թվականից ԱՀ նախագահի աշխատակազմի Քաղաքացիների ընդունելության բաժնի պատասխանատուն էր։ Ունի մեկ դուստր և թոռնուհի։ Ընտանիքում նաև տիկին Բելայի մայրիկն է։ Արցախցի կնոջը ոչ միայն սեփական ընտանիքում, այլև պատմական արխիվներում խորապես ուսումնասիրելուց հետո հեղինակել է «Արցախցի կինը պատմության մեջ» աշխատությունը։ Ինչպես ինքն է ասում՝ ամբողջ գիտակից կյանքը ողողված է Արցախով ու արցախյան պատերազմներով։ Վերջինը՝ 2023-ի սեպտեմբերյանն էր, որից հետո ստիպված էին լքել Արցախը։ «Հակարիի կամուրջն անցնելիս մի ադրբեջանցի մոտեցավ մեր մեքենային։ Երեխաները խառնվեցին իրար, ու ես այդ պահին ասացի՝ “здравствуйте”։ Ադրբեջանցին դաժան դեմքով ասաց՝ «սալա՛մ, խանում» ու ջուր հյուրասիրեց։ Ես հայերենով ասացի՝ երեխեք վերցրե՛ք ջուրը, թող մեզ բաց թողեն»,-պատմում է տիկին Բելան։ Հակարիի կամուրջն անցնելիս ուխտ է անում՝ արձանագրել այն ամենը, ինչ իր հայրենակիցներն ապրել էին պատերազմի ու շրջափակման ընթացքում։ Անձնական նախաձեռնությամբ հարցազրույցներն այժմ տեսագրում ու պահում է արխիվում՝ հետագայում պատմության դատին հանձնելու նպատակով։ Բելա Բաբայանի ընտանիքն ապրում է Երևանում, վարձակալած բնակարանում՝ աշխատանքի, նոր կյանքի հեռանկարի փնտրտուքով ու Արցախ վերադառնալու հույսով։
1 րոպե կարդալու