
Այսօր Իրանում անցկացվում են նախագահական ընտրություններ, որոնք կարևոր են նաև Իրան-Հայաստան հարաբերությունների զարգացման տեսանկյունից։ Իրանի գլխավոր հոգևոր առաջնորդ Այաթոլլա Խամենեիի քվեարկությամբ առավոտյան պաշտոնապես մեկնարկել են արտահերթ նախագահական ընտրություններն Իրանում։ Հայաստանում բացվել է երեք ընտրատեղամաս՝ դեսպանատան շենքում, Կապույտ մզկիթում, իսկ երրորդը շրջիկ է՝ այն սպասարկել է հենաշարժական խնդիրներ ունեցող և մարզերում բնակվող Իրանի քաղաքացիներին։
Հայաստանում Իրանի արտակարգ և լիազոր դեսպան Մեհդի Սոբհանին առավոտյան քվեարկել է Կապույտ մզկիթում բացված ընտրատեղամասում։ Քվեարկությունից հետո նա ասաց՝ այսօր ճակատագրական օր է Իրանի ժողովրդի համար։ Դեսպանը նաև ընդգծեց, որ Իրանում անցկացվող 14-րդ նախագահական ընտրությունները ցույց են տալիս, որ Իրանի կառավարությունը հիմնված է ժողովրդի քվեի վրա:
Լրագրողների հետ ճեպազրույցում նա նշեց, որ Իրանը պատրաստ է համագործակցել Հայաստանի հետ բոլոր ոլորտներում՝ փոխադարձ ընկալումների հիման վրա։
«Ինչ վերաբերում է Հայաստանի Հանրապետության հետ մեր համագործակցության ձևին, դա արդեն կախված է Հայաստանի Հանրապետության կառավարությունից։ Մենք մեր պատրաստակամությունն ենք հայտնել համագործակցել բոլոր ոլորտներում Հայաստանի Հանրապետության հետ՝ փոխադարձ ընկալումների հիման վրա՝ այն, ինչ կբխի մեր երկու երկրների շահերից»։
Դեսպանն անդրադարձավ նաև Ադրբեջանից սպասվող հնարավոր ագրեսիային․ լրագրողները հետաքրքրվեցին, թե ի՞նչ գործողությունների կդիմի Իրանը այդ դեպքում։
«Ես կարծում եմ, եթե երկրները ցանկություն են հայտնում խաղաղության մասին, նրանք պետք է իրենց խոսքերում չարտահայտեն սպառնալիք. սպառնալիքի լեզվով պետք է չխոսեն, եթե խոսվում է խաղաղության երկխոսության մասին»։
Իրանում նախագահի պաշտոնի համար պայքարում է 4 թեկնածու։ Նրանք են՝ Մուստաֆա Փուրմուհամադին, Սաիդ Ջալիլին, Մոհամմադ Բաղեր Ղալիբաֆը, որոնք պահպանողական թևից են, իսկ Մասուդ Փեզեշքիանը բարեփոխական ճամբարի ներկայացուցիչ է։
Փորձագիտական գնահատականներով, ընդհանուր առմամբ, պահպանողական թեկնածուները հաճախ ավելի մեծ հնարավորություններ ունեն հաղթելու Իրանի ընտրություններում, քանի որ նրանք ավելի ուժեղ աջակցություն ունեն կառավարության և իշխող ռեժիմի շրջանակներում։ Մյուս կողմից, բարեփոխական թեկնածուն ունի լայն հանրային աջակցություն, հատկապես երիտասարդների և փոփոխությունների ձգտող բնակչության շրջանում։ Հայաստանցի փորձագետները նաև նկատում են, որ, բոլոր դեպքերում, 4 թեկնածուներից 3-ը պահպանողական թևի ներկայացուցիչներ են և վայելում են հոգևոր առաջնորդի վստահությունը։ Այս հանգամանքը «Ռադիոլուրի» հետ զրույցում կարևորեց իրանագետ Գոհար Իսկանդարյանը.
«Իրանի թե՛ արտաքին, թե՛ ներքին քաղաքականությունը մշակվում է Իրանի հոգևոր առաջնորդի կողմից։ Նախագահը դրա իրականացնողն է։ Այսինքն, անկախ նրանից, թե այս 4 թեկնածուներից ով կընտրվի, նրանք իրականացնելու են այն քաղաքականությունը, որն արդեն մշակված է և իրականացվելու է»։
Այդ առումով, իրանագետը կարծում է, որ մի արձանագրում կարևոր է կատարել։ Երբ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Իրանում էր՝ մասնակցելու նախագահ Ռայիսիի թաղման արարողությանը, հանդիպեց նաև հոգևոր առաջնորդին, որի ժամանակ վերջինս հայ-իրանական հարաբերություններին վերաբերող կարևոր վերահաստատում արեց։
«Հոգևոր առաջնորդը ևս մեկ անգամ վստահեցրեց, որ Հայաստան-Իրան սահմանը խիստ կարևոր է եղել լուսահոգի Ռայիսիի համար և իրենք հանձնառու են այդ քաղաքականությունը շարունակել, և ով էլ, որ ընտրվի հաջորդ նախագահ, նրանք անպայմանորեն պահպանելու են այս գիծը։ Այսինքն, անկախ ընտրությունների արդյունքներից, ըստ իրանագետի, Հայաստան-Իրան հարաբերությունները գտնվում են հոգևոր առաջնորդի ուշադրության կենտրոնում և հայ-իրանական սահմանը իրենց համար կարմիր գիծ է, ինչի մասին բազմիցս հայտարարվել է»։
Իրանական աղբյուրների փոխանցմամբ՝Իրանի նախագահական ընտրություններում վաղ առավոտից գրանցվել է ընտրողների նկատելի ակտիվություն։ Ըստ նախնական փորձագիտական գնահատականների՝ ընտրություններին կմասնակցեն քվերակելու իրավունք ունեցող իրանցիների 50-60 տոկոսը։ Փորձագետները, սակայն, չեն բացառում, որ թեկնածուներից ոչ ոք առաջին փորձից չստանա ձայների անհրաժեշտ քանակը, և ընտրական գործընթացը տեղափոխվի երկրորդ փուլ։




