
ԵՄ-ին անդամակցելու Վրաստանի ճանապարհը փակվում է «Օտարերկրյա ազդեցության թափանցիկության մասին» վիճահարույց օրենքի ընդունմամբ, հայտարարել են եվրոպացի առաջնորդները Բրյուսելում կայացած գագաթնաժողովում, հայտնում է BBC-ն։
Վրաստանում ընդունված օրենքը նահանջ է այն քայլերից, որոնք շարադրված են Վրաստանին ԵՄ անդամության թեկնածուի կարգավիճակ տալու հանձնարարականում:
«Եվրախորհուրդը կոչ է անում Վրաստանի իշխանություններին պարզաբանել իրենց մտադրությունները՝ շրջելով գործողությունների ներկա ընթացքը, որը վտանգում է Վրաստանի ԵՄ ուղին՝ փաստացի հանգեցնելով անդամակցության գործընթացի դադարեցմանը»,- ասվում է գագաթնաժողովի եզրակացությունների մեջ։
Վրաստանը ԵՄ թեկնածու երկրի կարգավիճակ է ստացել դեկտեմբերին։
Այնուամենայնիվ, դաշինքը քննադատաբար է վերաբերվել «Օտարերկրյա ազդեցության թափանցիկության մասին» նոր օրենքի ընդունմանը, որը պետք է ուժի մեջ մտնի հաջորդ ամիս:
Դրա համաձայն՝ ԶԼՄ-ները և հասարակական կազմակերպությունները, որոնք ստանում են իրենց ֆինանսավորման ավելի քան 20%-ը արտերկրից, պետք է գրանցվեն որպես «օտար ուժերի շահերից ելնելով գործող կազմակերպություններ», ենթարկվեն խիստ աուդիտի կամ կենթարկվեն պատժիչ տուգանքների։
Վրաստանի կառավարությունը պնդում է, որ կանոնները կապահովեն ՀԿ-ների ֆինանսավորման թափանցիկությունը և կպաշտպանեն Վրաստանը արտաքին միջամտությունից։




