Հայ-հնդկական համագործակցություն․ խոչընդոտների և ռազմավարական նոր հեռանկարների մասին
Հնդկաստանի համար Հայաստանի դիրքը շատ կարևոր է, որովհետև այն գտնվում է Եվրոպայի և Արևելքի միջև, հետևաբար երկու երկրների միջև հաստատվել են լավ հարաբերություններ: Այս դիրքորոշումը հայտնել է Հնդկաստանի արտաքին գործերի նախարար Սուբրահմանյամ Ջայշանկարը Եվրասիական գոտու երկրներից Հնդկաստան ժամանած լրագրողների խմբի հետ հանդիպման ժամանակ խոսելով հայ-հնդկական հարաբերությունների մասին։
Կան շատ հնարավորություններ՝ զարգացնելու փոխշահավետ կապերը մի շարք բնագավառներում՝ տնտեսական, մշակութային, քաղաքական և այլն: Այնպես որ այստեղ շատ անելիքներ կան՝ շեշտել է Հնդկաստանի արտգործնախարարը։ Թե՛ հայ, թե՛ հնդիկ փորձագետներն այս ուղղությամբ մեծ հեռանկարներ են տեսնում, խոսելով ինչպես հայ-հնդկական հարաբերությունների ամրապնդմանը նպաստող, այլնպես էլ խանգարող գործոնների մասին։
Հնդկական «Յուսանաս հիմնադրամ» ուղեղային կենտրոնի հիմնադիր, դոկտոր Աբհինավ Պանդյան պատասխանելով հայ-հնդկական գործընթացների մասին «Ռադիոլուրի» հարցին, մասնավորապես ընդգծել է.
«Հնդկաստանն ու Հայաստանն ունեն ամուր քաղաքակրթական հարաբերություններ, որոնք լավ հիմք են ապագա հարաբերությունների համար: Այսօր աշխարհաքաղաքականությունը խթանում է Հնդկաստանի և Հայաստանի հարաբերությունները. Թուրքիան և Պակիստանը թշնամիներ են. Հնդկաստանին անհրաժեշտ է ռազմավարական գործընկեր Հարավային Կովկասում՝ Պակիստանին և Թուրքիային հակազդելու համար։ Հայաստանը դրա համար կատարյալ գործընկեր է: Այս հարաբերություններն ամուր են պաշտպանական ոլորտում, սակայն այն պետք է ընդլայնվի այլ ոլորտներում՝ տեխնոլոգիա, բիզնես, զբոսաշրջություն, նորարարություն և հետախուզություն»:
Հնդկաստանի արտգործնախարարն անդրադարձել է նաև վերջին շրջանում շատ երկրների կողմից քննարկման թեմա դարձած լոգիստիկ մեգա ծրագրերի իրականացմանը: Ջայշանկարը նկատել է, որ վերջին տասնամյակներում տեղի են ունեցել մեծաթիվ փոփոխություններ, որոնց արդյունքում նոր տրանսպորտային և լոգիստիկ միջանցքներ բացելու հնարավորություններ են առաջացել:
«Շատ է խոսվում Հյուսիս-Հարավ տրանսպորտային ուղու մասին, որի առանցքում շատ պետությունների համար կարևոր դերակատարում ունի Չաբահարի նավահանգիստը: Որպես այլընտրանքային ճանապարհ է դիտարկվում նաև միջինասիական միջանցքը: Կլինեն նաև այլընտրանքային ուրիշ տարբերակներ, որովհետև նախկին բոլոր միջանցքները հիմնադրվել են ութ-ինը տասնամյակ առաջ և դրանց ռեսուրսներն ու հնարավորությունները մաշվել են»։
Ավստրալիայի Ազգային Համալսարանի, Ինդոնեզիայի Միջազգային Իսլամական Համալսարանի, ինչպես նաև Հնդկական «Յուսանաս» հիմնադրամի գիտաշխատող Արարատ Կոստանյանը «Ռադիոլուրի» հետ զրույցում նախ նկատեց.
«Հնդկաստանի արտգործնախարար Ջայշանկարը, բարձրաստիճան դիվանագետ լինելուն զուգահեռ, նաև բացառիկ միջազգայնագետ է։ Նրա՝ Հայաստանի կարևոր տարածաշրջանային դիրքի կարևորության մասին հայտարարությունը, որպես Եվրոպայի և Արևելքի միջև գտնվող երկրի, դրական ազդակ պետք է հանդիսանա նախևառաջ Հայաստանի և սփյուռքի քաղաքական, տնտեսական շրջանակների, մշակութային և գիտության գործիչների համար, որպեսզի կարողանանք համատեղ ջանքերով ներկայացնել այնպիսի ծրագրեր, որոնք Հայաստանը գործոն կդարձնի տարածաշրջանում»։
Թե՛ հնդիկ, թե՛ հայ փորձագետների խոսքով՝ մի քանի գործոններ են նպաստում հայ-հնդկական հարաբերությունների ամրապնդմանը։ Արարատ Կոստանյանը, օրինակ, մի քանի անգամ Հանրային ռադիոյի եթերում խոսել է հայ-հնդկական հեռանկարային հարաբերությունների մասին։ «Ռադիոլուրի» հետ զրույցում մեկնաբանելով հնդկաստանի արտգործնախարարի հայտարարությունները, այսօր նա հավելեց.
«Հնդկաստանի առաջարկած Հյուսիս-Հարավ տրանսպորտային միջանցք մեգանախագիծն իրապես մեծ հնարավորություն է տալիս Հայաստանին՝ նախևառաջ զարգացնելու իր հարաբերությունները Ասիայի և, առհասարակ, գլոբալ Հարավ հասկացության հետ, որտեղ ընդգրկված են արագ զարգացող երկրները, որոնք այսօր հիմնական դերակատարություն ունեն բազմաբևեռ աշխարհի առաջացման հետ, և նրանց դերը մեծանալու է առաջիկա տասնամյակներում»։
Փորձագետը նկատում է, որ առաջարկվող մեգածրագիրը ներառելու է Եվրասիան՝ Հնդկաստանի գործնական-նախաձեռնողական արտաքին քաղաքականության շնորհիվ։ Հնդկաստանը նաև կոչ է անում Չինաստանի «Մեկ գոտի՝ մեկ ճանապարհ» մեգանախագծի հետ համագործակցության։
Կոստանյանը նկատում է. «Այսինքն, սա հստակորեն ուղերձ է, որ Հնդկաստանի ներկայացրած մեգածրագիրը չի հակասում Չինաստանի նախաձեռնությանը և, այպիսով, մենք նաև հնարավորություն կունենանք Ասիայում ավելի մեծ դերակատարություն ունենալ և աշխատել այն կարևորագույն ասիական երկրների հետ, որոնք առաջիկայում մեծ քաղաքական և տնտեսական ազդեցություն են ունենալու աշխարհում։ Այդպիսով, դեպի Եվրոպա տանող այս մեգածրագրերում Հայաստանի դերը շատ ավելի մեծ է լինելու և Հայաստանը իսկապես կլինի տարածաշրջանում գործոն՝ ունենալով լավ հարաբերություններ թե՛ Արևմուտքի հետ, թե՛ Ռուսաստանի հետ, և այսպիսով զարգացնելով հարաբերությունները ասիական երկրների հետ»։
Ի դեպ, ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը հայտարարել է, որ Ռուսաստանը Չինաստանի և Հնդկաստանի հետ միասին աշխատում է եվրասիական ենթակառուցվածքի զարգացման համար Հյուսիսային ծովի երթուղու արդյունավետությունը բարձրացնելու ուղղությամբ, հիշեցնելով Չինաստանի և ԵԱՏՄ-ի միջև ստորագրված միջկառավարական համաձայնագիրը՝ ցույց տալու համար չինական «Մեկ գոտի, մեկ ճանապարհ» նախաձեռնության զարգացման և ԵԱՏՄ-ում ինտեգրման կապը։ Նրա խոսքով` Եվրասիայում կան բազմաթիվ նախագծեր, որոնք թույլ են տալիս տարածաշրջանի երկրներին օգտվել իրենց բնական մրցակցային առավելություններից։
Չնայած դրական զարգացումներին, տարածաշրջանի աշխարհաքաղաքական լարվածությունները, հատկապես՝ 2023 թվականին Ադրբեջանի կողմից Արցախի ռազմական զավթման պատճառով առաջացած անկայունությունը, ռիսկեր են ներկայացնում Հնդկաստանի ռազմավարական նախագծերի և ներդրումների համար։ Այնուամենայնիվ, փորձագետները համոզված են, որ Հայաստանը և Հնդկաստանը նվիրված են այս մարտահրավերները հաղթահարելուն՝ փոխադարձ շահերի և տարածաշրջանային կայունության ապահովման նպատակով։ Վերջին հաշվով, հայ և հնդիկ փորձագետները մեծ հեռանկարներ են տեսնում հայ-հնդկական հարաբերությունների ապագայի համար՝ պայմանավորված ընդհանուր ռազմավարական հետաքրքրություններով և տարածաշրջանային կայունության անհրաժեշտությամբ։ Համագործակցությունը բազմազանեցնելու և ռազմավարական գործընկերություն հաստատելու շարունակական ջանքերը, ըստ փորձագետների, կարևոր քայլեր են այս հեռանկարները իրականություն դարձնելու ուղղությամբ։