ԿարևորՌեպորտաժներՏնտեսական

Ոչ միայն մնալու է Ջերմուկում, այլև բիզնեսն է զարգացնելու․ այլ տարբերակ չկա

2022-ի սեպտեմբերյան գիշերը ջերմուկցիները լավ են հիշում։ Երբ լսեցին կրակոցները, առաջին տպավորությունն այն էր, որ ամպրոպ է որոտում։ Հետո արդեն հասկացան, որ թշնամին է կրակում։ Երբեմնի ակտիվ զբոսաշրջային քաղաք Ջերմուկում այս տարի արդեն ակտիվությունը վերականգվում է։ Բայց տեղացիներին հուզող թիվ մեկ հարցը շարունակում է անվտագությունը մնալ։

2022-ի սեպտեմբերը Ջերմուկում լավ են հիշում։ Ամեն ինչ սկսվեց միանգամից, նախ՝ թվաց, թե ամպրոպ է որոտում, հետո հասկացան՝ կրակոցներ են։ Կարկոցները վաղուց լռել են, բայց թշնամին հիմա իրենց ավելի մոտ է, սարերում։ Սեպտեմբերյան մարտերի հետևանքները՝ ոչ ամբողջությամբ, բայց դեռ զգում են․ այս տարի զբոսաշրջիկներ կան, ի տարբերություն նախորդ տարիների։ Բայց երբեմնի աշխույժ քաղաքում այժմ հանդարտություն է․

«Առողջարաններին տեղ ու դադար չկար։ 15-20 օր առաջ պատվիրում էին, որ գային տեղավորվեին։ Հիմա ո՞վ գա, ո՞վ փող ունի, որ գա»։

Ադրբեջանցիները Ջերմուկի սարերում են։ Տեղացիներն ասում են՝ կյանքն ավելի է դժվարացել։ Զբոսաշրջիկները պակասել են, սարերից էլ բերք ու բարիք քիչ են հավաքում։ Ոչ բոլորն են բարձրանում՝ ավելուկ ու այլ կանաչեղեն, խոտաբույսեր հավաքելու։

«Այսօր չգիտենք՝ մի դմփոց ա լինում, վախենում ենք։ Սարերի վրա են, էս դիմացը, ճոպանուղուց վերև։ Առաջ գնում էինք վերևները՝ ավելուկ հավաքելու, հիմա չենք գնում։ Խեղճ ժողովորդը բանջարով էր ապրում, հիմա չեն կարողանում գնալ»։

Բայց Ջերմուկից ոչ բոլորն են հեռանում։ Տեղացիների մի մասը, հատկապես 2022-ի սեպտեմբերից հետո, որոշեց՝ մնալու են ու շարունակեն զարգացնել քաղաքը։ Գերասիմ Մուշեղյանը մի քանի տարի Ռուսաստանում սեզոնային աշխատանքով զբաղվելուց հետո, մասնակցելով պատերազմին ու Ջերմուկի սարերում տեղի ունեցող մարտերին, ավելի հաստատակամ դարձավ․ որոշեց՝ ոչ միայն մնալու է հայրենի քաղաքում, այլև բիզնես է զարգացնելու։ Ջերմուկի մաքուր օդն ու բազմազան ծաղիկները մեղվաբուծությամբ զվաղվելու ամենահարմար վայրն են։ Գերասիմը անգիր գիտի մեղվաբուծության գաղտնիքները, նաև փեթակներ է արտադրում։

Մեղրի իրացման խնդիր չունի՝ ասում է․

«Ջերմուկը տուրիստական է, իմ մեղրը երկու ամիս առաջ վերջացել է։ Հիմնականում արաբներն են տանում։ Իրենք են լավ հասկանում մեղրից։ Փեթակների իրացման խնդիր մի քիչ կա։ Երկու տարին քիչ ժամանակ է, բայց աշխատում ենք»։

Գերասիմ Մուշեղյանը վստահեցնում է՝ Ջերմուկում ոչ թե ներդրումները նվազում են, այլ՝ ավելանում։ Ցույց է տալիս կիսակառույց հյուրանոցի շենքը։

«Ինձ համար ռիսկային է ամբողջ Հայաստանը, Երևանն էլ է ռիսկային։ Հենց հիմա նայեք քաղաքին, մարդիկ միլիարդավոր դոլարներ են ներդնում, պետք է ստեղծես, որ հասնես ինչ որ բանի»։

Գերասիմն էլ բիզնեսն ընդլայնելու, զարգացնելու ցանկություն ունի։ Հատկապես, որ այս հարցում աջակցում է «ԵՄ-ն հանուն միգրանտների ներուժի օգտագործման՝ ի նպաստ Հայաստանի զարգացման. EU4IMPACT Armenia» ծրագիրը։

«Ծրագրով երկու ընկերով ենք շահել։ Ինքը մայրերն է արտադրում, ես փեթակները։ Մեղուները երկուսս էլ պահում ենք, ստացվում է։ Գումարով՝ ներդրումով, ես պոլիտանի ստանոկներն եմ գնել, ընկերս՝ Աշոտը, փեթակներ է գնել»։

Ջերմուկում քիչ չեն նաև Արցախից բռնի տեղահնավածները։ Նրանց մի մասն այստեղ է, քանի որ բնակարանի վարձն է ավելի ցածր, մյուսները՝ որ ավելի մոտ լինեն Արցախին։

Back to top button