ԿարևորՀասարակությունՌեպորտաժներ

Մեկշաբաթյա երկխոսություն գիտության մասին․ Հայաստանում կանցկացվի գիտության շաբաթ

«Գիտուժ» նախաձեռնությունը հասարակությանը հրավիրում է գիտության մասին մեկշաբաթյա երկխոսության։ Զրույցը լինելու պարզ ու գրավիչ, փառատոնով, հարցուփորձով ու գիտափորձով, միաժամանակ Հայաստանի գրեթե բոլոր կետերում։ Այսպես հնարավոր կլինի ստանալ «Ո՞վ է գիտնականը», «Ինչո՞ւ դառնալ գիտնական», «Գիտնական դառնալը շահավե՞տ է», «Երկիրն այս վիճակում է, հիմա գիտության մասին մտածելու ժամանա՞կն է» հարցերի պատասխանները։

Մինչ դա «Գիտուժ» նախաձեռնության գործառնությունների ղեկավար Լիլիթ Մարգարյանն է պատասխանում՝ ինչո՞ւ է կարևոր օրացույցում կամիրով նշել հոկտեմբերի 1-ից 6-ը։

«Տարբեր երկրներ ամեն տարի գիտությունը և տեխնոլոգիաները հանրահռչակելու, գիտության կարևորության մասին հասարակությանը պատմելու համար անում են գիտության շաբաթ։ Օրինակ՝ Անգլիան 94 թվից է սկսել, ու, թեմաները փոխելով, ամեն տարի գիտության շաբաթ է անում։ Մենք նախագիծ մշակեցինք, ներկայացրինք ԿԳՄՍ նախարարություն, իրենք հավանություն տվեցին ծրագրին, ու այս տարի հոտեմբերի 1-6-ը Հայաստանում առաջին անգամ լինելու է համազգային գիտության շաբաթ»։

Այս օրերի ընթացքում անցկացվելու են ապակենտրոնացված միջոցառումներ Երևանի ու Հայաստանի տարբեր մարզերի մանկապարտեզներում, դպրոցներում, բուհերում և մեծ փառատոն Օպերայի հրապարակում։ Լիլիթ Մարգարյանն ասում է՝ փառատոնը 3  փուլ է ունենալու։ Այսպես՝ հոկտեմբերի 1-2-ը այն կունենա «Գիտությունն ամենուրեք է» թեմատիկան։

«Հասարակությանը ցույց ենք տալու, թե ինչպես է գիտությունը նպաստում զարգացմանը, ինչ գիտական արդյունքներ կան մեր ամենօրյա կյանքում։ Այդ ամենը ցույց ենք տալու գիտական փորձերի, դասախոսությունների, խաղերի միջոցով, լինելու է նախագծային ուսուցում, մի խոսքով՝ տոնելու ենք գիտությունը և բացատրելու ենք գիտության նշանակությունը»։

Հաջորդող երկու օրերը կունենան «Ապագա գիտնականներ» խորագիրը, որի ընթացքում կպարզաբանվեն գիտնականի աշխատանքի հետ կապված բոլոր հարցերը, դրա դժվարությունները, առավելություններն ու արդյունքները, իսկ վերջին երկօրյակը նվիրված կլինի գիտաֆանտաստիկային․ հյուրերը կսովորեն հետևել երևակայությանը ու հավատալ գիտության միջոցով անհնարն իրական դարձնելու հնարավորությանը։

Իսկ ապակենտրոնացման միջոցառումների մասին պատմում է Գիտության շաբաթ նախագծի բովանդակության պատասխանատու Արման Գասպարյանը.

«Մենք որոշեցինք գիտության շաբաթվա շրջանակում ապակենտրոնացված միջոցառումների փաթեթ պատրաստել, դպրոցների համար 3 խումբ է՝ տարրական դասարանների, միջնակարգ ու ավագ դպրոցների ու մանկապարտեզների համար, ընդհանուր 60 միջոցառում։ Դրանք բոլոր գիտակարգերին են վերաբերում՝ մաթեմատիկա, ֆիզիկա, աստղագիտություն, հումանիտար գիտություններ և այլն։ Մենք իրականացնում ենք միջոցառումների փաթեթ, օրինակ ինչ-որ աստղագիտական դիտարկումների վերաբերյալ՝ քայլ առ քայլ նկարագրված է, թե ինչ պետք է արվի, ինչ պայմաններում, անվտանգության կանոններ, ինչ սպասել միջոցառումից, ինչ հարցեր տալ երեխաներին, ինչ ցույց տալ և այլն։ Կան ցուցադրական ինչ-որ գիտափորձեր, որ ուսուցիչը ցույց է տալիս, բացատրում է, կան նախագծային, որոնց հենց երեխաներն են մասնակցում։ Մեզ համար ամենակարևորն էն է, որ երեխաների մոտ գիտության նկատմամբ հետաքրքրություն առաջանա, ինչով էլ կարող է պայմանավորված լինել ապագա գիտնականներ ունենալը»։

«Գիտուժ» նախաձեռնությունը շեշտում է՝ սա կդառնա տոն, հաճելի, չծանրաբեռնող միջոցառում, բայց դրանից չի փոխվի նպատակադրման ծանրակշռությունը։

«Եթե ուզում ենք ունենալ ուժեղ արտաքին քաղաքականություն, արտաքին քաղաքականությամբ զբաղվող ուժեղ մասնագետներ, պիտի հասկանանք, թե գիտությունն այդտեղ ինչ խնդիր ունի լուծելու, ինչպես է գիտությունը նպաստելու էդ մասնագետների ստեղծմանը, եթե ուզում ենք ունենալ հասարակություն, որը զարգացած ու մրցունակ է, պետք է հասկանանք՝ գիտությունն էդ խնդիրը լուծելու համար ինչ դերակատարում ունի։ Փորձը ցույց է տալիս, որ առանց գիտության այս խնդիրները չեն լուծվում»,- ասում է Լիլիթ Մարգարյանը։

«Վերջին տարիներին Հայաստանի հետ տեղի ունեցած աղետները նաև հետևանքն էին նրա, որ հասարակության մեջ չկար էդ գիտակցումը։ Մենք ունենք լավ գիտանակններ, որոնք տալիս են լավ գիտական արդյունք, բայց էդ գիտական արդյունքի ճնշող մեծամասնությունը ոչ մի կապ չունի պետության զարգացման հետ, իսկ որ պետությունն ավելի ուշադրություն դարձնի գիտությանը, գիտության էն հատվածին, որը կարևոր է Հայաստանի համար, ավելացնի գիտության ֆինանսավորումը և այլն, դրա համար պետք է հասարակության պահանջ»,- հավելում է Արման Գասպարյանը։

Գիտության շաբաթն այս պահանջը ձևավորելու նպատակ ունի։ Նախապատրաստական միջոցառումներն ընթացքի մեջ են, 80 մասնավոր դպրոցում ու մանկապարտեզում արդեն կազմվել են ֆոկուս խմբեր, որոնք փորձարկել են միջոցառումների առաջադրանքներն ու տվել դրական եզրակացություն։ Այժմ դրանք ԿԳՄՍ նախարարության տիրույթում են և հաստատվելուց հետո կհասնեն հանրակրթական դպրոցներ ու մանկապարտեզներ։ «Գիտուժ»նախաձեռնությունը բաց է միջոցառուման մաս դառնալ ցանկացող կազմակերպությունների, հիմնադրամների, կրթական հաստատությունների առաջարկների համար։

Back to top button