ԿարևորՌեպորտաժներՎերլուծական

Հանրաքվե՝ Ադրբեջանի նոր ագրեսիան կանխելու համար․ Հայաստանն անվտանգային լուծումներ է փնտրում

Միանգամից երեք բարձրաստիճան պաշտոնյաների փարիզյան հանդիպումների օրակարգը հուշում է, որ Հայաստանը խորացնում է Ֆրանսիայի հետ երկկողմ հարաբերությունները ինչպես քաղաքական, այնպես էլ անվտանգային ուղղություններով։ Ամենաշոշափելին, թերևս, Հայաստանի պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի արձանագրած արդյունքն է՝ «Սեզար» հրետանային համակարգերի ձեռքբերման պայմանագրի ստորագրումը։

Հայկական կողմը, սակայն, նաև առաջարկներ է ունեցել ֆրանսիական կողմին։ Ցամաքային և օդային պաշտպանության և անվտանգության արդյունաբերությունների խմբի կազմակերպած «EUROSATORY» միջազգային ցուցահանդեսին ներկայացել է մեկ տասնյակից ավելի հայկական ընկերություն, իսկ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Մխիթար Հայրապետյանը մասնակցել է Ֆրանսիայի զինված ուժերի նախարար Սեբաստիեն Լըկորնյուի կազմակերպած պաշտոնական ընդունելությանը։

Հայաստանի անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանի աշխատանքային այցը Ֆրանսիա քաղաքական ուղղվածության էր։

Հայաստանի արտաքին քաղաքականության և անվտանգային հարցերի պատկերում ավելանում է փաստը, որ Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանը հրաժարվել է մեկնել Ղազախստան՝ մասնակցելու ՀԱՊԿ անդամ երկրների արտգործնախարարների հանդիպմանը, իսկ երկրի ներսում Ժողովրդավարական ուժերի հարթակը հանրությանը նախապատրաստում է ԵՄ-ին անդամակցելու հանրաքվեի գաղափարին։

Արդյո՞ք այս ամենը Հայաստանի քաղաքական և անվտանգային վեկտորի փոփոխության մասին է խոսում։ Հարցը 4 կարևոր բաղադիչով է դիտարկում ԱՄՆ Նևադայի համալսարանի պրոֆեսոր, միջազգային անվտանգության մասնագետ Ներսես Կոպալյանը։

 «Այս գործընթացը թույլ է տալու, որ Հայաստանը զարգացնի իր «զսպողության կարողությունները»։ Ներկայիս այդ կարողությունները, որ Հայաստանին պետք են, որ դիմադրի և կարողանա զսպի Ադրբեջանին, այո, տեսնում ենք, որ զարգացում կա, բայց այս գործընթացը թույլ կտա ձեռք բերել այն «գործիքները», որը կհստակեցնի մեր անվտանգության կարողությունը։ Երկրորդը՝ Հայաստանը ձեռք կբերի միջազգային դիվանագիտական կապիտալ։ Այսինքն՝ նախկինում, երբ ահագին խնդիրներ ենք ունեցել և չենք կարողացել ձեռք բերել այն դիվանագիտական կապիտալը, որ թույլ կտար Հայաստանը պայքարեր Ադրբեջանի դեմ, սա այդ դինամիկան կփոխի։ Երրորդը՝ ավելի զարգացնելու է մեր անվտանգության ճարտարապետությունը։ Եվ չորրորդը՝ մտահոգություն կա, որ եթե Հայաստանը չկարողանա այս շրջադարձը դեպի Արևմուտք իրականացնի, կարող է վերադառնանք այն կախվածության համակարգ, որում մենք գտնվել ենք, այսինքն՝ Ռուսաստանից կախվածության համակարգը։ Բայց հետազոտությունը ցույց է տալիս, որ երկրները, որոնք ընդգրկվում են տրանսատլանտիկ համակարգի մեջ, հավանականությունը, որ կվերադառնան անցյալ կախվածության համակարգ, ամբողջովին նվազում է»։

Ռուսաստանն արդեն սուր է արձագանքել հատկապես Հայաստան-Ֆրանսիա հարաբերությունների խորացմանը։ «Սեզար» հրետանային կայանքների՝ Հայաստանին վաճառքի գործարքը մեկնաբանելիս՝ Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան հայտարարել է․

«Փարիզը Հարավային Կովկասում զինված հակամարտության հերթական փուլն է հրահրում։ Ֆրանսիայի ղեկավարությունը չի առաջնորդվում Հայաստանի կամ առանձին վերցված որևէ այլ ժողովրդի շահերով։ Փարիզը փորձում է օգտագործել պետությունների միջև առկա տարաձայնություններն ու հակասությունները բացառապես սեփական այսրոպեական շահերից ելնելով»։

Պաշտոնական Երևանն այս հայտարարությանը չի արձագանքել, ավելի վաղ պաշտոնյաները մշտապես նշել են, որ ՆԱՏՕ-ին անդամակցելու նպատակներ չունեն։

Մինչդեռ Ժողովրդավարական ուժերի միասնական հարթակի անդամ, Քրիստոնեա-ժողովրդավարական կուսակցության ղեկավար Լևոն Շիրինյանը, որը ԵՄ-ին անդամակցելու հանրաքվե կազմակերպելու գաղափարն առաջարկողներից է, պնդում է, որ Հայաստանի շրջադարձն անհրաժեշտություն է։

«Մենք սովետական իշխանության տարիներին 1920 թվից Ռուսաստանի օժանդակությամբ կորցրել ենք Ադրբեջանում ապրող հայությունը, ոչ միայն ԼՂՀ-ն։ Մենք տեսանք, որ պատերազմից հետո մեզ ձեռք մեկնեցին այլ հզորություններ։ Հնդկաստան, չէ՞, միայն Եվրոպան չէր, Ֆրանսիա, ԱՄՆ և այլն։ Պատկերավոր ասեմ՝ մենք փաստորեն, Առաջին հանրապետության մոդելն ենք կրկնում, երբ մեր դաշնակիցներն էին Անգլիան, Ֆրասիան, Ճապոնիան։ Եվ այսպես, Առաջին Հանրապետությունը, որ ունեցավ տարածքային ահռելի ընդարձակում, որը կործանվեց Ռուսաստանի հրահրմամբ թուրքական հարվածներից»։  

Քաղաքական և անվտանգային վեկտոր փոխելու կողմնակիցները հարցը կապում են ոչ միայն Ռուսաստանի ազդեցության գոտուց դուրս գալու ցանկության հետ։ «Հանրապետություն» կուսակցության ղեկավար Արամ Սարգսյանը և «Հանուն Հանրապետության» կուսակցության ղեկավար Արման Բաբաջանյանը խոսում են ավելի գլոբալ խնդիրների մասին։

Արամ Սարգսյան․ «Նպատակն է փլվող աշխարհակարգի այս ժամանակաշրջանում ՀՀ-ը, նրա պետականությունն ինչ-որ կերպ ամրագրել ցնցումներից ավելի անվնաս, իսկ եթե հնարավոր լինի, նաև մեկ քայլ առաջ դուրս գալու համար»։

Արման Բաբաջանյան․ «Մեր երկիրը ներքին և արտաքին դիմադրողունակության այն մակարդակի բերել, որպեսզի կարողանանք դիմակայել, ոտքի մնալ և ռիսկերը իրապես կառավարել։ Այս հանրաքվեով մենք էապես կամրապնդենք մեր անվտանգությունը, մեր «քաշային կարգը», և նախօրեին Հայաստանի արտաքին դիվանագիտական գերատեսչության կողմից տարածված հայտարարությունը, որ COP29-ից հետո, ըստ էության, Ադրբեջանը պատրաստվում է նոր ագրեսիայի, հավաստիացնում եմ, որ այսպիսի հանրաքվեից հետո այդպիսի ագրեսիան ուղղակի բացառվում է»։

COP29-ը Բաքվում նշանակված է նոյեմբերին։ Ժողովրդավարական ուժերի միասնական հարթակն արդեն կազմված ուղերձի տեքստով առաջարկում է ԵՄ-ին անդամակցելու հանրաքվե Հայաստանում կազմակերպել 3-4 ամսից՝ որպես վերջնաժամկետ ընդունելով հոկտեմբերը։ Այս հարցով խորհրդարանական լսումներ կազմակերպվելու են հունիսի 21-ին։ Ազգային Ժողովի եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովն է առաջարկին հավանություն տվել։

Back to top button