ԿարևորՌեպորտաժներՔաղաքական

ԱՄՆ-ն պատրաստ է աջակցելու Հայաստանի խաղաղ ու ժողովրդավար ապագային․ պետքարտուղարի տեղակալ Ռիչարդ Վերման

ԱՄՆ պետքարտուղարի տեղակալ Ռիչարդ Վերմանը Հայաստանում է։ Նրա այցի նպատակն է՝ խորացնել երկու երկրների միջև երկկողմ հարաբերությունները և զարգացնել համագործակցությունը։ Այսօր նա մասնակցել է հայ-ամերիկյան համաժողովին, որտեղ քննարկվել են երկու երկրների միջև տնտեսական համագործակցությանը, անվտանգության գործընկերությանը և ժողովրդավարական զարգացումներին վերաբերող հարցեր։

Համաժողովի քննարկումներով նպատակ կա խթանելու երկու երկրների միջև տնտեսական համագործակցությունը, անվտանգության գործընկերությունը և ժողովրդավարական զարգացմանը միտված ծրագրերը:

«Ռիչարդ Վերմանի այցը ցույց է տալիս ԱՄՆ-ի ամուր աջակցությունը Հայաստանի ինքնիշխանությանը և նրա ժողովրդավարական ճանապարհին»,-այս մասին հայտարարել է ամերիկյան կողմը:

Տնտեսական համագործակցություն և ներդրումներ՝ սրանք էին հայ-ամերիկյան համաժողովում քննարկվող հիմնական թեմաները: Հիմնական հարցերից մեկն առնչվում է առևտրի և ներդրումների խթանմանը՝ նպատակ ունենալով ամրապնդել տնտեսական կապերը Հայաստանի և ԱՄՆ-ի միջև։ Համաժողովին ուղղված ողջույնի խոսքում ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը, մասնավորապես, ասել է.

«Լրացուցիչ խթան կհանդիսանա մեր երկկողմ օրակարգն առավել հագեցած և համապարփակ դարձնելու համար։ Այս առումով գնահատելի է, որ մեր գործընկերները վաղն այց են կատարելու Գյումրի, որտեղ առիթ կունենան նաև տեղում ծանոթանալ այդ ոլորտներում առկա հնարավորություններին»։

Նախագահ Խաչատուրյանը հաջողություններ մաղթեց, իր ձևակերպմամբ՝ ապակենտրոնացված համագործակցության շրջանակներում քույր-նահանգների և քույր քաղաքների միջև համագործակցությունը ամրապնդելու ջանքերին։

Իր հերթին շնորհակալություն հայտնելով ընդունելության համար՝ ԱՄՆ պետքարտուղարի տեղակալ Ռիչարդ Վերման վստահեցրեց, որ «ԱՄՆ-ն պատրաստ է աջակցելու ՀՀ-ի խաղաղ ու ժողովրդավար ապագային»։

Նրա խոսքից մի հատված ներկայացնենք՝ թարգմանաբար. «ԱՄՆ-ը պատրաստ է աջակցելու Հայաստանին՝ իր կարևոր բարեփոխումների և տնտեսական աճի ճանապարհին։ Մենք հավատում ենք, որ մեր համագործակցությունը կարող է նպաստել տարածաշրջանային կայունության և բարեկեցության ապահովմանը»։

Բացի այդ, կարևոր ուշադրություն է դարձվում տարածաշրջանային անվտանգության խնդիրներին և Հայաստանում ժողովրդավարական բարեփոխումների կարևորությանը՝ նշեց ամերիկացի պաշտոնյան։

Համաժողովում քննարկվեցին նաև առևտրային հնարավորություններն ու ներդրումների խթանման մեխանիզմները: Երկու երկրների ներկայացուցիչները կարևորեցին հայկական արտադրանքների արտահանումը և նոր գործարար հնարավորությունների ստեղծումը:

Անվտանգություն և տարածաշրջանային կայունություն: Որոշվեց ընդլայնել անվտանգության ոլորտում համագործակցությունը, ինչպես նաև քննարկվեցին տարածաշրջանային սպառնալիքներին և մարտահրավերներին դիմակայելու հարցերը:

Հատուկ ուշադրություն դարձվեց Հայաստանի ներքին քաղաքական և տնտեսական բարեփոխումներին, նպատակ ունենալով խթանել ժողովրդավարության և կոռուպցիայի դեմ պայքարը:

Որոշ փորձագիտական շրջանակներ այս հանդիպումը կարևոր քայլ են համարում հայ-ամերիկյան հարաբերությունների ամրապնդման ճանապարհին, որը բացում է նոր հնարավորություններ և հեռանկարներ երկկողմանի համագործակցության համար: Ոմանք, սակայն, տարակուսում են՝ Հայաստա՞նն է ավելի շատ համագործակցության ձգտում ԱՄՆ-ի հե՞տ, թե՞ հակառակը։ Որոշ փորձագետներ էլ նկատում են, որ Հայաստանը ԱՄՆ-ի համար կդառնա ռազմավարական գործընկեր, սակայն՝ կասկածում՝ դա շա՞նս է, թե՞ հակառակը։

Back to top button