
Մենք պետք է փակենք չվերջացող պատերազմի դուռը` Հանրապետության հրապարակում հրավիրած հանրահավաքի ժամանակ ասել է «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման առաջնորդ, ընդդիմության վարչապետի թեկնածու Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը։
Անդրադառնալով անցումային կառավարությունը` նա նշել է, որ այն պիտի գործի օրակարգային հստակ երեք ուղղություններով․
1․ Հաշտության կառավարություն ՝ կազմված բոլոր ունակներից՝ իրենց մասնագիտական վաստակով, գիտելիքներով և նվիրումով, ներքին հաշտության՝ արդարության սկզբունքի վրա։
2․ Արտաքին հարաբերություներ՝ իրական խաղաղության, առանց հակաների, հայկական օրակարգով։
3․ Սահմանված ժամկետում արտահերթ կամ հերթական ընտրությունների նախապատրաստում և անցկացում՝ ազատ ու թափանցիկ միջավայր և մեկնարկային արդարություն ապահովելով բոլոր քաղաքական ուժերի համար։
Այս պահին մենք պետք է որոշում ընդունենք` նշել է Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը։
«Մենք կարող ենք խնդիրը լուծել, եթե վաղվանից սկսած, ընդամենը 4 օր առանց դադարի, առանց աշխատանքի գնալու, առանց հանգստի ու առանց քնելու լինենք փողոցում ու մեր կամքը պարտադրենք»։
Բագրատ Սրբազանը նաև հայտարարել է գործողությունների պլանը։ Նրա խոսքով՝ հունիսի 11-ին` ժամը 18։30-ին իրենց պահանջով Ազգային ժողովի ընդդիմադիր պատգամավորները պետք է նախաձեռնեն խորհրդարանի արտահերթ նիստ կառավարության հրաժարականի և նոր կառավարություն ձևավորելու օրակարգով։
«Հունիսի 10-ին Ազգային ժողովի խորհուրդը ժողովրդի որոշմամբ պարտավոր է ընդունել որոշում արտահերթ նիստ հրավիրելու մասին, քաղաքական մեծամասնությունը՝ ՔՊ-ական պատգամավորները, պարտավոր են ենթարկվել ժողովրդի կամքին, գործել անձնական խղճով և համոզմունքով»,- նշել է Սրբազանը։
Ըստ Գալստանյանի՝ համաժողովրդական պահանջի հիման վրա խորհրդարանն իր արտահերթ նիստով պետք է հավանություն տա գործող կառավարության հրաժարականի և նոր կառավարություն ձևավորելու որոշմանը։
«Մեր պահանջը մնում է հրաժարականը, սակայն մյուս բոլոր քաղաքական լուծումները, որոնք արծարծվել են հրապարակի վրա, այդ բոլոր տարբերակները բացառված չեն և քննարկելի են»,- հավելել է Սրբազանը։




