
Օրենսդիրն առաջարկում է Հայաստանում ամուսնության նվազագույն տարիք սահմանել 18 տարեկանը՝ առանց բացառությունների։ Ազգային ժողովի պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովն այսօր քննարկել է եզդիական համայնքը ներկայացնող պատգամավոր Ռուստամ Բաքոյանի հեղինակած նախագիծը, որով առաջարկվում է 1-2 տարով բարձրացնել ամուսնության համար թույլատելի տարիքային շեմը։ Վերջին 3 տարիների ընթացքում Հայաստանում 16 և 17 տարեկանների շուրջ 100 ամուսնություն է գրանցվել։ Բաքոյանի կարծիքով՝ օրենսդրական փոփոխությունը վաղ ամուսնությունների դեմ պայքարի կարևոր քայլերից մեկը կլինի։
Եզդիական համայնքը ներկայացնող պատգամավոր Ռուստամ Բաքոյանն առաջարկում է վերանայել Հայաստանում ամուսնության համար թույլատրելի նվազագույն տարիքը։ Երկու օրենսգրքերում խմբագրումներ ենթադրող նախագծով առաջարկվում է ամուսնության նվազագույն տարիք սահմանել 18 տարեկանը, ընդ որում՝ առանց բացառության։ Պատգամավորը շեշտում է՝ առաջարկը վաղ ամուսնությունների թիվը նվազեցնելու նպատակ ունի, իսկ այդ երևույթը ոչ թե ազգային ավանդույթ, այլ արատավոր սովորություն է։
«Առանձնապես ցանկանում եմ մատնանշել, որ Հայաստանում ապրող ազգային փոքրամասնություններից որևէ մեկի մոտ, այդ թվում նաև եզդիների մոտ սա ազգային ավանդույթ չէ, սա ձևավորված արատավոր սովորություն է և մինչև հիմա մի շարք համայնքներում ու մարզերում այդ երևույթը կա։ Եվ մենք այստեղ ենք, որ կարողանանք այս արատավոր երևույթը վերացնել»,– ասում է պատգամավորը։

Գործող օրենսդրության համաձայն՝ ամուսնության տարիքային շեմը 18 տարեկանն է, բայց 16 և 17 տարեկանում էլ հնարավոր է ամուսնանալ, եթե կա ծնողների համաձայնությունը և ամուսնացողներից մեկն առնվազն 18 տարեկան է: Ռուստամ Բաքոյանն առաջարկում է օրենսգրքից հանել այս բացառությունները։
«Եթե մենք ամուսնության տարիքային նվազագույն շեմ սահմանենք 18 տարեկանը՝ առանց բացառությունների և խիստ հետևենք օրենքին, ապա վաղ ամուսնությունները, ըստ էության, բացառվելու են, և դրանից բխող բացասական բոլոր հետևանքները կկարողանանք առնվազն նվազեցնել»։
Միայն օրենսդրական փոփոխություններով հնարավո՞ր է բացառել վաղ ամուսնությունները․ հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանը նկատում է՝ քիչ չեն այն դեպքերը, երբ զույգերն իրենց միությունը չեն օրինականացնում օրենքով նախատեսված պատժից խուսափելու համար։

«Արդյոք այս փոփոխությունն ազդելու է իրական դեպքերի վրա, քանի որ փաստացի ավանդական ամուսնություններ են տեղի ունենում և օրենքի փոփոխություններով մենք ինչ հարց ենք լուծելու․․․ Փաստացի, տարբեր համայնքներում այդ ամուսնությունները շարունակելու են տեղի ունենալ»,– ասում է Վարդանյանը։
Նախագծի հեղինակը նմանօրինակ դեպքերը չի բացառում, բայց վստահ է՝ օրենքում փոփոխությունները դրական ազդեցություն կունենան։ Բաքոյանը ուսումնասիրությունն ու վիճակագրությունն է մեջբերում․ յուրաքանչյուր տարի մինչև 18 տարին լրանալը երեխա է ունենում միջինում 20 ամուսնացած աղջիկ։ Պատգամավորի կարծիքով՝ փոփոխություններից հետո կնվազեն նաև վաղ մայրանալու դեպքերը։
«Հիմա երբ ամուսնության նվազագույն շեմը 16 տարեկանն է, մենք արձանագրում ենք, որ 14, 15 տարեկանում էլ Հայաստանի Հանրապետությունում արձանագրվում են ամուսնություններ ու դրա հետևանքով նաև անչափահասները երեխաներ են ունենում․ այս դեպքում ամուսնություն նվազագույն շեմը 18 սահմանելով նաև այս ռիսկն ենք նվազեցնում»,– կարծում է պատգամավորը։

Նախագծի հեղինակները վստահ են՝ վաղ ամուսնություններն առաջին հերթին առողջական խնդիրների, հետո նաև կրթությունից դուրս մնալու, հաճախ նաև ընտանեկան բռնության պատճառ են դառնում։ Պատգամավոր Ալխաս Ղազարյանն ասում է՝ նաև հանրային մտածելակերպի փոփոխությանն ուղղված աշխատանք է պետք իրականացնել։
«Պետք է փոխենք ամուսնության նկատմամբ մոտեցումը, այսինքն բացի օրենսդրական կարգավորումները պետք է, որ համայնքներում անընդհատ խոսվի, իրազեկում լինի, հատկապես շատ կարևորում եմ, որ այս նախաձեռնությամբ հանդես է գալիս Ռուստամ բաքոյանը, նաև մենք որպես պետություն պետք է այս նախաձեռնությունը ողջունենք, որ ամրագրենք, որ ցանկալի չէ մինչև 18 տարեկան ամուսնությունը։ Բայց ամենից շատ պետք է նաև մտածելակերպի փոփոխություն լինի թե՛ համայնքներում թե՛ փոքրամասնությունների մոտ»։
Հայաստանում վաղ ամուսնությունների թիվն այնքան էլ մտահոգիչ չէ՝ արձանագրում է արդարադատության նախարարի տեղակալ Արմենուհի Հարությունյանը՝ վկայակոչելով Քաղաքացիական ակտերի գրանցման գործակալության տվյալները, ըստ որոնց՝ տարեցտարի մինչև 18 տարեկանների գրանցված ամուսնությունների թիվը նվազում է։ 2021-ին, օրինակ, գրանցվել է 16 տարեկանների 5 ամուսնություն, 2022-ին 4, իսկ 2023-ին՝ 3։ Նվազում է նաև 17 տարեկանների ամուսնությունը, 2021-ին դրանք 49 են եղել, 2022-ին՝ 26-ը, իսկ 2023-ին՝ 24–ը։ Այս տարվա առաջին եռամսյակում արդեն գրանցվել է 1 16 տարեկանի, 2 17 տարեկանի և 38՝18 տարեկանի ամուսնություն։

«Այնպես չէ, որ այս վիճակագրական տվյալները ցույց են տալիս, որ 16, 17, 18 տարեկանների ամուսնությունը շատ մեծ քանակ է կազմում։ Բայց նույնիսկ մեկ դեպքը, որը կարող է հանգեցնել, օրինակ, ծննդաբերության ժամանակ երեխայի կամ պտղի մահվան, սարսափելի է։ Մենք՝ որպես պետություն, պետք է մեր վերաբերմունքն արտահայտենք ու շեշտենք, որ պետությունը չի խրախուսում մինչև 18 տարեկանների ամուսնությունը»։
Ազգային ժողովի պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովը քվեարկությամբ դրական եզրակացություն է տալիս Ընտանեկան ու քաղաքացիական օրենսգրքերում փոփոխություններ առաջարկող նախագծին, այն առաջիկայում կքննարկվի խորհրդարանի լիագումար նիստերում։




