Իշխող կուսակցությունը լավ հարաբերություններ ունի հայ համայնքի հետ, պարզեցին Վրաստանում ՏԻՄ ընտրությունները


Լենա Բադեյան
«Ռադիոլուր»
Հունիսի 15-ին Վրաստանում անցկացվեցին ՏԻՄ ընտրություններ՝ սրանով իսկ ավարտին հասցնելով ընտրական ցիկլը հարեւան պետությունում: Այս անգամ ընտրությունները աչքի են ընկել ընտրողների ցածր մասնակցությամբ: Ամեն դեպքում՝ ՏԻՄ ընտրություններում հաղթել է 2 հայ, երկուսն էլ առաջադրված են եղել իշխող «Վրացական երազանք» կոալիցիայից: Թե ինչ կարող են շահել կամ չշահել վրացահայերը տեղի ունեցած հեղափոխությունից հետո, այսօր վերլուծել է Վրաստանի հարցերով փորձագետ Ջոնի Մելիքյանը:
ՏԻՄ ընտրությունները Վրաստանում փաստեցին մի հետաքրքիր իրողություն. իշխող «Վրացական երազանք» քաղաքական կոալիցիան, ի տարբերություն ադրբեջանական համայնքի, ավելի լավ հարաբերությունների մեջ է հայկական համայնքի հետ: «Նինոծմինդայում եւ Ախալքալակում «Վրացական երազանք» կոալիցիան ազգությամբ հայ, իսկ Մառնելիում, որը ադրբեջանաբնակ շրջան է, առաջադրել էր ազգությամբ վրացի գործիչների։ Այստեղ ընդդիմությունում գտնվող «Միացյալ ազգային շարժումն» առաջադրել էր ադրբեջանցու: Ստացվեց այնպիսի իրավիճակ, երբ կոալիցիայի ներկայացուցիչները` ազգությամբ վրացի, բախման մեջ էին ընդդիմության` Սահակաշվիլու կուսակցության անդամների հետ, որոնք հիմնականում ադրբեջանցի էին: Այս պահի դրությամբ Նինոծմինդայում եւ Ախալքալակում հաղթել են ազգությամբ հայ գործիչները»,- ասում է Վրաստանի հարցերով փորձագետ Ջոնի Մելիքյանը։
Սակայն սա չի նշանակում, որ այդ հայ քաղաքական գործիչներն իրենց հետագա աշխատանքներում առաջնորդվելու են ազգային շահով: Առաջին հերթին նրանք պաշտպանելու են այն քաղաքական ուժի շահերը, որի շնորհիվ հասել են հաջողության, ասում է փորձագետը: Ըստ նրա` մեծ հաշվով Վրաստանի հայկական համայնքը ոչինչ չշահեց այդ երկրում տեղի ունեցած հեղափոխությունից։
Ամեն ինչը մնացել է նույնը եւ փորձագետը խորհուրդ է տալիս սպասել եւս մեկ տարի` նոր իշխանությունների իրական աշխատանքը տեսնելու համար։ «Կարող ենք ասել, որ Սահակաշվիլին եւ իր կուսակցությանը ավելի սերտ հարաբերությունների մեջ էին հարեւանների հետ։ Նոր իշխանությունները փորձեցին մի քիչ դիվերսիֆիկացնել իրենց արտաքին քաղաքականությունը եւ Ադրբեջանի ու Թուրքիայի ազդեցության տակից ինչ- որ չափով դուրս գային: Սա Հայաստանի համար դրական է»։
Եթե հաշվի առնենք, որ Վրաստանը որոշ չափով վերանայել է իր հարաբերությունները հարեւան Ադրբեջանի եւ Թուրքիայի հետ, ապա հնարավո՞ր է արդյոք նմանատիպ մոտեցում նաեւ Հայաստանի նկատմամբ, հատկապես, երբ Հայաստանը պատրաստվում է ադամակցել Եվրասիական միությանը` ի տարբերություն արեւմտյան ուղղություն վերցրած Վրաստանի: Փորձագետը այս դեպքում հիշեցնում է. երկու երկրներն էլ հավասարաչափ կարեւոր են իրար համար: Հայաստանը Վրաստանի առեւտրային գործընկերների տասնյակի մեջ է:
Ջոնի Մելիքյանն առաջարկում է դիտարկել թեկուզ միայն մեկ ոլորտ։ «Վրացիները հասկանում են, որ ավտոշուկայի հետ կապված իրենք տարեկան ահռելի գումար են ստանում ՀՀ քաղաքացիներից։ Երբ մենք մտնենք ՄՄ եւ ԵՏՄ՝ իրավիճակը կփոխվի եւ այդ ոլորտում ճգնաժամ կլինի, ինչը կանդրադառնա նաեւ Վրաստանի բնակիչների վրա: Այս պահի դրությամբ՝ Ադրբեջանը այդ շուկան փորձում է փակել եւ պահանջում է, որ նոր մեքենաներ ներմուծվեն։ Միակ շուկան ստացվում է, որ հայկականն է: Եթե հայկական շուկան արդեն փակվի, իրենք կունենան ճգնաժամ, քանի որ հազարավոր մարդիկ աշխատում են ավտո բերելու վրա։ Մի քանի հազար մարդ զբաղված է այդ ավտոմեքենաները վերանորոգելով եւ պատկերացրեք` քանի հազար մարդ եւ իրենց ընտանիքները կախված են զուտ այդ մեկ ոլորտից»։
Պարզ է, որ տնտեսական բնագավառում որոշակի փոփոխություններ լինելու են ՄՄ Հայաստանի անդամակցության դեպքում եւ չի բացառվում, որ հենց հետագա տարածաշրջանային համագործակցության հեռանկարներն են քննարկվելու երկու երկրների նախագահների եւ այլ ղեկավարների առաջիկա հանդիպումների ժամանակ: