ԿարևորՌեպորտաժներՔաղաքական

Վաշինգտոնն ընդգծում է Ադրբեջանի  կարևորությունը, Մոսկվան զգուշացնում՝  Երևանի քայլերը կարող են անդառնալի լինել

Ե’վ ԱՄՆ–ն,  և’ ՌԴ–ն ողջունում են Հայաստանի ու Ադրբեջանի միջև տեղի ունեցող սահմանազատման գործընթացը, երկու գերտերություններն էլ կարևորում են Խաղաղության պայմանագրի շուտափույթ կնքումը և հայտարարությունների տողատակերով ընդգծում իրենց դերակատարումն այդ գործընթացում։ Շեշտադրումները, սակայն, տարբեր են․ Վաշինգտոնն ընդգծում  է Ադրբեջանի կարևորությունը տարածաշրջանում, Մոսկվան զգուշացնում՝ Երևանի քայլերը կարող են անդառնալի լինեն։

Հայաստանի գործողությունները կարող են անհնարին դարձնել Ռուսաստանի և ՀԱՊԿ այլ երկրների հետ միասնական պաշտպանական համակարգի ստեղծման ուղղությամբ համատեղ աշխատանքին վերադառնալը՝ ՏԱՍՍ-ի հետ հարցազրույցում հայտարարել է ՌԴ փոխարտգործնախարար Միխայիլ Գալուզինը։ Ռուս պաշտոնյայի ձևակերպումները տեղ–տեղ զգուշացնող ու սպառնալից  երանգներ ունեն։

«Չմտածված որոշումները, որոնք տվյալների ազգային բազաների ու երկրի անվտանգության համար զգայուն տեղեկատվության լիակատար հասանելիություն կապահովեն Արևմուտքին, ոչ միայն սպառնում են պետության ինքնիշխանությանը, այլև կարող են օբյեկտիվորեն անհնար դարձնել Ռուսաստանի և ՀԱՊԿ-ի գծով մյուս դաշնակիցների հետ միասնական պաշտպանական համակարգի ստեղծման համատեղ աշխատանքին վերադառնալը»։

Ըստ  Գալուզինի՝ հայ ժողովրդի շահերից է բխում, որ Հայաստանը լիարժեքորեն մասնակցի ՀԱՊԿ աշխատանքներին, և այդ մասնակցությունը նպաստում է Հարավկովկասյան տարածաշրջանի խաղաղության և կայունության պահպանմանը: Եվ ինչ էլ խոստանան Երևանին ավելի ու ավելի սիրաշահող արևմտականները, ՀԱՊԿ-ին՝ որպես Հայաստանի անվտանգության ապահովման մեխանիզմի, գործուն այլընտրանք այսօր չկա՝ վստահ է ՌԴ փոխարտգործնախարարը։

Քաղաքագետ Ռոբերտ Ղևոնդյանը ուշացած է համարում Մոսկվայից նման հայտարարությունները։

«Կարծում եմ, սա նախորդ օրվա խոսակցություն է, այսինքն՝ սա խոսակցություն է այն մասին, ինչն արդեն անցել է։ ՌԴ ԱԳՆ–ն ուշացումով  է կարողանում իրողությունները ճիշտ գնահատել ։ Չեմ կարծում, որ Հայաստանը որևէ  իրավիճակում նորից  ՀԱՊԿ-ին դիմելու պատճառներ ունենա։ Դժվար թե Հայաստանում այնպիսի խելագար իշխանություններ լինեն, որոնք ևս մեկ անգամ կդիմեն ՀԱՊԿ–ի օգնությանը։ Դրա համար պետք է ձևավորել այլընտրանքներ, որոնց ուղղությամբ ՀՀ իշխանություններն աշխատում են։ Օրինակ՝ Հայաստանն իր բանակը դիվերսիֆիկացնում է, բարեփոխում է արևմտյան հրահանգիչների օգնությամբ, ինչը այլընտրանքներ ձևավորելու ճանապարհն է։ Իսկ այլընտրանքներ ձևավորում ենք ոչ լավ օրից, այլ այն պատճառով, որ ՀԱՊԿ–ը չի աշխատում, և ակնհայտ է, որ էլ չի աշխատելու»։

Գալուզինն ամեն դեպքում հիշեցնում է, որ  Երևանի ու Բաքվի միջև երկու անգամ՝ 2023 թվականի մայիսին և հուլիսին, բանակցություններ են տեղի ունեցել հենց Մոսկվայում։  ՌԴ փոխարտգործնախարարը վստահեցնում է, որ Մոսկվան  պատրաստ է այսուհետ ևս աջակցություն ցուցաբերել Ռուսաստանի, իր խոսքով երկու եղբայրական ժողովուրդների հաշտեցմանը, նպաստել փոխընդունելի և հավասարակշռված լուծումների որոնմանը՝ տարածաշրջանի բոլոր երկրների անվտանգությունն ապահովելու նպատակով։

Նույնաբովանդակ հայտարարություն հնչում է նաև ԱՄՆ-ից՝ «Միացյալ Նահանգները շահագրգռված է Հարավային Կովկասում կայունության ապահովմամբ», — հայտարարում է ԱՄՆ նախագահ Բայդենը։

«Խաղաղ պայմանագրի ստորագրումը վերջ կտա երկարամյա հակամարտությանը և համաշխարհային մասշտաբով կփոխի Ադրբեջանի և Հարավային Կովկասի դերակատարությունը»։

Բայդենի ձևակերպման մեջ էլ ակնհայտ է Ադրբեջանին տարածաշրջանում առանձնահատուկ տեղ հատկացնելու շեշտադրումը։ 

Քաղաքագետ Ռոբերտ Ղևոնդյան․ «Ենթատեքստերը տարբեր են․ ԱՄՆ–ն նկատի ունի, որ թույլ չի տա Հայաստանն ու Ադրբեջանը դուրս գան այն ուղեծրից որը գծագրվել է Արևմուտքում, իսկ այդ ուղեծիրն առաջին հերթին Ալմա-Աթայի համաձայնագիրն է, և այս ուղղությամբ Հայաստանը պետք է աշխատի, որ այս ենթատեքստն ավելի պարզորոշ դառնա։ Իսկ Ռուսաստանն ընդհակառակը՝ ենթատեքստում փորձում է և՛ Հայաստանին, և՛ Ադրբեջանին ցույց տալ, որ կա այլընտրանք, և որ այդ այլընտրանքը կարող է լինել ինքը»։

Երկու գերտերություններն էլ ողջունում են Երևանի ու Բաքվի միջև սկսկված սահամանզատման գործընթացը, բայց որոշ փորձագետներ մի նրբություն են ընդգծում՝ 1976 թ․ քարտեզները, որոնք հիմք են սահմանազատման համար, ունեն բազմաթիվ հարակից փաստաթղթեր, որոնք առկա են միայն ՌԴ ԶՈՒ ԳՇ-ում։

«Թե ՌԴ ԳՇ –ում ինչ մանրուքներ պարունակող քարտեզներ կան, որևէ ազդեցություն ունենալ չի կարող, քանի որ այսօր սահմանը հաստատվում է Հայաստանի ու Ադրբեջանի միջև , և դրանք ընդամենը հիմք են ընդունվում և 100% ճշմարտություններ չեն»։

Այսօր գծվող սահմանների հստակեցումից հետո, փորձագետ Ռոբերտ Ղևոնդյանի խոսքով, ՌԴ ԶՈՒ ԳՇ փոստաթղթերն այլևս ոչ արդիական կդառնան ։

Կարդացեք նաև

Back to top button