ԿարևորՔաղաքական

Փախստականների վերադարձի հարցը՝ ըստ ընդդիմության, իշխանության և ՄԱԿ ԳԱ նախադեպային բանաձևի

Հայաստանը ուղարկել է, իսկ Բաքուն ստացել է խաղաղության պայմանագրի նախագծի վերաբերյալ Ադրբեջանի վերջին առաջարկների լրամշակված` 9-րդ խմբագրությունը: Թեև կողմերը պաշտոնապես նոր են հաստատել այդ փաստը, մեկնաբանություններից պարզ է դառնում, որ Ադրբեջանը դեռ մի քանի օր առաջ է Հայաստանից ստացել խաղաղության պայմանագրի հերթական նախագիծը։ Բաքվից արդեն հնչել է «դրական դինամիկայի» մասին գնահատականը։ Մինչդեռ Հայաստանի ներսում կան դժգոհություններ՝ փաստաթղթում հստակ հարցեր ներառելու պահանջով, որոնց հիմքը համարում են միջազգային իրավունքն ու օրենքները։

Խաղաղության պայմանագրի 9 խմբագրումների ընթացքում հանրության համար այդպես էլ չբացահայտվեց, թե ի՞նչ կետեր են ներառվել նախագծում և ո՞ր հարցերի շուրջ Ադրբեջանի հետ կա հակասություն։ Եթե տարեսկզբին միջազգային միջնորդները դեռ խոսում էին կողմերի մոտ սկզբունքային տարաձայնությունների մասին, վերջին խմբագրումը Երևանից ստանալուց հետո Բաքուն արձանագրեց «դրական դինամիկա» և «առկա բաց հարցերի թվի նվազում»։

Հայաստանյան ընդդիմությունը, սակայն, անհանգիստ է։ Ընդդիմադիր ուժերը պնդում են, որ Հայաստանի իշխանությունը չի օգտվել ունեցած հնարավորությունից և չի պնդել խաղաղության պայմանագրում կարևորագույն հարցի՝ արցախցիների՝ Արցախ վերադառնալու իրավունքի ամրագրումը։

Ընդդիմությունը որոշել է սեփական ուժերով հարցը օրակարգում պահել, քանի որ այդ թեմայի մասին չխոսելը հանցագործություն է համարում։ Այս պահին Եվրոպայում է հունվարին ձևավորված Արցախի ժողովրդի հիմնարար իրավունքների պաշտպանության հարցերով հանձնախումբը՝ համակարգող, Հայաստանի նախկին արտգործնախարար Վարդան Օսկանյանի գլխավորությամբ։ Նրա հետ արտագնա հանդիպումների են մեկնել  ՀՅԴ Հայ Դատի Եվրոպայի գրասենյակի ղեկավար Գասպար Կարապետյանը և նույն կուսակցությունից Մարիո Նալբանդյանը։

Ում հետ են նրանք հանդիպում՝ հայտնի չէ, բայց բոլոր հանդիպումների օրակարգը նույնն է՝ արցախցիների Արցախ վերադարձի համար միջազգային երաշխիքներ ստանալը: Հայաստանի նախկին արտգործնախարարը նախաձեռնությունը իրատեսական է համարում՝ ունենալով արցախցիների վերադարձի մասին միջազգային տարբեր «խաղացողների» հայտարարությունները, Ադրբեջանի պայմաններն ու միջազգային օրենսդրությունը։

Հանձնախումբը, սակայն, մի քիչ այլ բանաձև է մշակել։

«Հիմա այդ պայմաններով չեն գնա։ Լրացուցիչ մի բան է պետք։ Արցախահայությունը կվերադառնա այնտեղ, եթե լինի Արցախ – ԵԱՀԿ կամ ՄԱԿ համատեղ ադմինիստրացիա։ Թեկուզ և կլինի ժամանակավոր, անցումային, 1–2 տարով, որի ընթացքում կվերաբացվեն արդեն գոյություն ունեցող ինչ–որ պահի Արցախի և Ադրբեջանի ղեկավարության բանակցությունները, որի ընթացքում իրենք կհասնեն ինչ–որ մի հանգուցալուծման, որը վերջ ի վերջո լուծում կտա Արցախի բնակչության, ժողովրդի ապագա ճակատագրի հարցերին։ Արցախահայությունը հետո ինքը թող որոշի, թե ինչպիսի կարգավիճակ կընդունի։ Սա է փաթեթավորումը։ Եվ սա պետք է տեղավորվի ամբողջությամբ այսօր առկա խաղաղության պայմանագրի տրամաբանության մեջ։ Այլապես ստանալու ենք միայն ու միայն ժամանակավոր լուծում։ Միշտ էլ դաշնակից կարող ես գտնել, եթե կարողանաս խնդիրը ձևակերպել, ներկայացնել, որ իր շահագրգիռ կողմերը կունենա։ Եվ դրա հնարավորությունը կա»։

Իշխանության մասնակցության դեպքում 60–70%, հանձնախմբի աշխատանքներով 50%–ից պակաս է գնահատում Օսկանյանը նախաձեռնության հաջողության հնարավորությունը։

Ընդդիմության առաջարկած լուծումների դեպքում անգամ Հայաստանի իշխանությունը դրանց վերապահումով է մոտենում։ Նախ՝ նախորդ տարիների դիվանագիտությանը իրենց իսկ տված գնահատականից ելնելով։ Բացի դրանից, Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանը խոսում է քաղաքական անկեղծությունից և շարունակում է չհասկանալ «վերադարձ ԼՂ» ձևակերպումը։

«Արդյո՞ք դա այն պայմաններն են, որը պատրաստ է և առաջարկում է պաշտոնական Բաքուն, թե՞ դա ինքնավարություն է Ադրբեջանի կազմում։ Եթե դա անկախ ԼՂ է կամ ստատուս–քվոն է, որը կար 2019–ին, դուք առաջարկում եք պատերա՞զմ։ Թե՞ ոնց որ ձեր հերթական վարչապետի թեկնածուն ասում է՝ զինվորականները պետք է մեռնեն, բա դա էլ իրենց գործն է։ Շատ բառացի չէ, բայց չեմ նենգափոխում իմաստը։ Մի հատ կարո՞ղ եք կողմնորոշվել։ Չի բռնում էլի, ես չեմ հասկանում։ Գիտե՞ք ինչը ազնիվ չէ՝ իմանալ, որ դա սխալ է, մոլորություն է և միևնույն է շարունակել պնդել, որ ճիշտը դա է։

Երբ մենք, ոչ լավ օրից, հանգեցինք այն եզրակացության, որ նշաձողը Ղարաբաղի հարցում պետք է իջեցնել և խոսեցինք այս մասին բաց, պարզ, ոչ միայն չփորձեցիք լսել՝ ինչ ենք ասում, այլև բռնեցիք բանաձև ընդունեցիք ԼՂ խորհրդարանում «ծովից ծով ԼՂ մասին»։ Մոտեցում է, բայց դա հանգեցնում է հաջորդ աղետին։ Հաջորդ աղետի դեպքում, երբ արվում է երկխոսության կոչ, դուռը շխկացնելով մերժվում է։ Դա հանգեցնում է հաջորդ աղետին։ Ինչ–որ մարդիկ այս փուլում ասում են՝ մի րոպե, ինչ–որ բան ոնց որ սխալ ենք անում, ինչ–որ մարդիկ շարունակում են նույն համառությամբ գնալ դեպի անդունդը»։

Մյուս կողմից կա նոր իրադարձություն, որը ուղիղ կապված չէ Հայաստանի կամ Արցախի հետ, բայց նախադեպ կարող է դառնալ։ ՄԱԿ-ի Գլխավոր Ասամբլեան ընդունել է բանաձև, որով հաստատել է բոլոր տեղահանված անձանց և փախստականների վերադարձի իրավունքն Աբխազիա և Ցխինվալ։ 103 «կողմ» քվեարկած ձայներից մեկը Հայաստանինն է։ Ի տարբերություն նախորդ տարիների՝ Հայաստանն այս անգամ կողմ է քվեարկել բանաձևին։

Փաստաթուղթը վերահաստատում է «ժողովրդագրական պարտադրված փոփոխությունների անընդունելիությունը»։ Ըստ բանաձևի՝ «բոլոր ներքին տեղահանված անձինք ու փախստականները, ինչպես նաև նրանց սերունդները, անկախ էթնիկ պատկանելությունից, իրավունք ունեն վերադառնալու իրենց տները Վրաստանում, այդ թվում՝ Աբխազիայում և Հարավային Օսիայի՝ Ցխինվալի շրջանում»։

Փաստաթուղթը նաև ընդգծում է այս գործընթացը կազմակերպելու համար ժամանակացույց մշակելու անհրաժեշտությունը։ Հարցը միջազգային կառույցի օրակարգում է գտնվել տասնամյակներ շարունակ։ Դեռ 2008–ին քվեարկության պատկերը այլ էր։ Վրացի փախստականների՝ Աբխազիա վերադառնալու իրավունքի համար այն ժամանակ կողմ էր քվեարկել ընդամենը 14 երկիր։ Պետությունների մեծ մասը՝ 105 երկիր, ձեռնպահ էր, դեմ էին 10-ը։

Այս խնդիրը սկսվել էր 1990 թվականին, երբ տասնյակ հազարավոր վրացիներ պատերազմի պատճառով ստիպված էին հեռանալ իրենց բնակության վայրերից:

Կարդացեք նաև

Back to top button