
Օրն ուրբաթ է, քաղաքապետարանի ավագանու նիստերի դահլիճի բոլոր աթոռները՝ զբաղված։ Այս անգամ նիստը տոնական է ու արտահերթ, քաղաքային խնդիրները քննարկողներն ու զեկուցողները դպրոցականներն են, լուծումներ խոստացողները՝ քաղաքային իշխանության ներկայացուցիչները։ Քվորում կա՝ ներկա են «մանկական ավագանու» 64 անդամներ։ Քննարկվող առաջին հարցը հաշմանադմություն ունեցող երեխաների՝ վերգետնյա կամ ստորգետնյա անցումներով տեղաշարժվելու դժվարության և սոցիալապես անապահով երեխաների՝ զվարճանքի վայրերից օգտվելու անհնարինության մասին է։ Դանիել Վարուժանի անվան թիվ 89 դպրոցի աշակերտուհի Շուշան Հարությունյանը մանրամասն ուսումնասիրել է այդ խնդիրները․
«Հաշմանդամություն ունեցող երեխաները ունենում են խնդիր և չեն կարողանում հաճախել իրենց ցանկացած վայրեր, ինչն առաջացնում է սոցիալական խնդիր՝ երեխաները ինտեգրված չեն քաղաքում։ Մեկ այլ հարց, որ իհարկե, շատ են երեխաների համար ժամանցի վայրերը, բայց դրանք պատկանում են մասնավոր անձանց և հասանելի են միայն սոցիալապես ապահով ընտանիքների երեխաներին, օրինակ, հենց «Երևան» պարկը , որ բարձր գնային շեմ ունի և միջին, միջինից ցածր գնային շեմի երեխաները չեն կարող օգտվել»։
Շուշանն առաջարկեց, որ քաղաքապետարանն անվճար կտրոններ տրամադրի անապահով ընտանիքների երեխաներին՝ այցելելու միջին կամ բարձր գին ունեցող ժամանցի վայրեր։

3 դեմ, 61 կողմ ձայնով «մանկական ավագանին» որոշում ընդունեց։ Այնուհետև 15 ամյա Սուրեն Գրիգորյանը ներկաներին ու հատկապես փոխքաղաքապետ Փամբուխչյանին առաջարկեց փակել աչքերն ու երազել․
«Իջնում ենք նկուղ, մաքուր, լուսավոր պատերով, վա՜յ սանհանգույց էլ կա, այն էլ հոսող ջրով, հայրենական արտադրության անգերազանցելի որակի սանտեխնիկայով, այդ օրն էլ կգա, վստահ եմ։ Սեղան էլ կա, հեռախոսս ծնգծնգում է, ոնց «Wi-Fi» էլ կա՞ , էս ի՜նչ հավես տեղ է»։
Իրականությունը սակայն ճիշտ հակառակն է՝ շենքերի նկուղները աղբանոց կամ փակ ու անշուք տարածքներ են։ Սուրենն առաջարկեց բարեկարգել նկուղները, աղբ թափողներին պատժել՝ գումարային տույժերով, ու խաղաղ պայմաններում նկուղներն օգտագործել որպես ժամանցի ու հանգստի վայրեր, աղետների դեպքում՝ թաքստոցներ։ Արձագանքեց փոխքաղաքապետ Փամբուխչյանը․
«Կարևոր հարց եք բարձրացնում, ցավոք սրտի դժվար է չհամաձայնելը։ Ունի 2 շերտ խնդիրը, մի կողմից՝ նախկինում ԱԻՆ-ը, հիմա՝ ՆԳՆ-ի փրկարար ծառայությունը համատիրությունների հետ իրականացնում էր նկուղների մաքրման և շատ դեպքերում նաև կողպեքով փակ դռների բացումը, մյուս կողմից՝ կա բնակիչների վերաբերմունքը իրենց շենքին, երբ մեկ շաբաթ անց, երբ իրականացվում է մոնիթքորինգ, նկուղը կրկին լցված է աղբով»։
Այս որոշումը ևս ընդունվեց։ Իսկ ահա Մարիա Գալստյանի՝ քաղաքի փուշու և կոշտ թափոնների մաքրման համար կամավորական ջոկատներ ձևավորելու առաջարկը չընդունվեց։ Փոխարենը քաղաքապետի տեղակալ Սարգիս Մադաթյանը տեղեկացրեց, որ առաջիկայում կփակեն Նուբարաշենի աղբավայրը ու նոր՝ բարձր ստանդարտներով աղբավայր կստեղծեն։
«Պատկերավոր ասած՝ «Նուբարաշենը» մաքրել չի լինի, քաղաքային իշխանությունը պատրաստվում է ունենալ նոր աղբավայր և ստանդարտներին համապատասխան, միաժամանակ Նուբարաշենի աղբավայրը կփակվի»։

Ներքին Շենգավիթից Հրաչյա Հակոբյանն էլ առաջարկեց դպրոցներում կազմակերպել մասնագիտական կողմնորոշման դասընթացներ, նաև՝ բաց պահել այն դպրոցների բակերը, որոնք փողոցների բանուկ հատվածներում են։ Իր առաջարկը նա փաստերով հիմնավորեց՝ շաբաթներ առաջ իրենց դպրոցի բակ շտապ օգնության մեքենան չի կարողացել մտնել, որովհետև մեքենաները սխալ տեղում էին կայանել։ Այս առաջարկը ևս ընդունվեց։Դպրոցականները խոսեցին հակիրճ ու ըստ էության՝ ասաց Երևանի քաղաքապետարանի Երեխաների և սոցիալական պաշտպանության վարչության պետ Լուսինե Հովհաննիսյանը։ Նա նշեց, որ այս նախաձեռնությունն արդեն չորրորդ անգամ է կյանքի կոչում քաղաքապետարանը․
«Հայտ ներկայացրել է 84 դպրոց՝ 85 զեկույցով, որ գնահատենք զեկույցները։ Ստեղծել ենք աշխատանքային խումբ, որը կազմված է եղել երեխաների սոցիալական պաշտպանության վարչության, հանրակրթության վարչության և այսօրվա գործող ավագանու 5 ֆրակցիաներից, ամեն մեկից՝ մեկ ավագանու անդամի մասնակցությամբ, գնահատել ենք 0-10 բալային համակարգով , արդյունքում՝ հանել ենք բոլոր մասնակիցների միջին թվաբանականը և ավելի բարձր բալերով ընտրել ենք 64 անդամ»։
Քաղաքային իշխանության ներկայացուցիչները շնորհավորեցին դպրոցականներին ուսումնական տարվա ավարտի և հունիսի 1-ի կապակցությամբ։ Վստահեցրին՝ քննարկված խնդիրները հնարավոր սեղմ ժամկետներում կստանան լուծումներ։




