ԿարևորՀասարակությունՌեպորտաժներ

Երկար ժամանակ կպահանջվի վնասված երկաթգիծը վերակառուցելու համար. Գնել Սանոսյան

Լուռու և Տավուշի մարզերում հեղեղումների  հետևանքով կան հսկայական վնասված ենթակառուցվածքներ: Ընդհանուր չափը դեռևս գնահատել հնարավոր չէ՝ կառավարության նիստում հայտնել է ՏԿԵ նախարար, օպերատիվ շտաբի պետ Գնել Սանոսյանը։

Նրա փոխանցմամբ՝ զգալի վնասներ է կրել նաև երկաթուղին։ Տարբեր տեղամասեր են վնասվել։ Բացի այդ վնասված են շատ սյուներ, ենթակայաններ, այսինքն` բացի երկաթգծից, հարակից այլ ենթակառուցվածքներ նույնպես վնասված են, և բավականին երկար ժամանակ կպահանջվի երկաթուղին կառուցելու համար՝ շեշտել է Սանոսյանը:

Մայիսի 23-ին Լոռու և Տավուշի մարզերում տեղի ունեցած ջրհեղեղի հետևանքով ստեղծված իրավիճակն է այսօր կառավարության նիստում ներկայացրել ՏԿԵ նախարար, օպերատիվ շտաբի ղեկավար Գնել Սանոսյանը։ Նա մասնավորապես անդրադարձել է նաև երկաթուղու կրած վնասներին.  

«Ունենք վնասված հսկայական ենթակառուցվածքներ, մոտ 2 կիլոմետրի է հասնում երկաթուղու տարբեր հատվածների վնասվածքները, դա հիմնականում Այրում կայարանից մինչև Սանահին կայարան հատվածն է, մոտ 27 կմ հատվածի տարբեր տեղամասեր վնասված են: Բայց, բացի այդ 2 կմ հատվածից վնասված են շատ սյուներ, ենթակայաններ, այսինքն` բացի երկաթգծից, իր հարակից այլ ենթակառուցվածքներ նույնպես վնասված են, և բավականին երկար ժամանակ կպահանջվի երկաթուղին կառուցելու համար»:

Բնական աղետի հետևանքով երկաթուղուն հասցված վնասը ԵՏՄ խորհրդի նիստի շրջանակներում քննարկել են նաև Ռուսաստանի փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը և Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի անդամները՝ ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի նախագահությամբ։ Այս մասին ասվում է ՌԴ կառավարության տարածած հաղորդագրության մեջ։

«Ռուսական երկաթուղիներ» ընկերությունից հավաստիացրել են, որ հնարավոր ամենասեղմ ժամկետներում կվերականգնեն երկաթուղու այն հատվածը, որը վնասվել է հեղեղումներից։

ՀՀ կառավարության այսօրվա նիստում վարչապետ Նիկոլ Փաշինյանը տեղեկացրել է, որ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը երեկ Մոսկվայում երկաթուղու վերականգնման թեմայով շփումներ է ունեցել «Ռուսական երկաթուղիներ» ընկերության գործընկերների հետ։

«Նրանք հավաստիացրել են, որ հնարավոր  ամենասեղմ ժամկետներում երկաթուղին կվերականգնվի»։

Մինչ այդ, նախարար Գնել Սանոսյանի խոսքով, երկաթուղու հետ կապված գտնվել է մի լուծում, քանի որ հայտնի է, որ Այրում կայարանից դեպի Ալավերդի բավականին ժամանակ կպահանջվի վերականգնելու համաւր։ Այդ մասին նույնպես Մհեր Գրիգորյանը ռուսական կողմի հետ քննարկել է։ Գնել Սանոսյանը պարզաբանեց միջանկյալ այդ լուծման բովանդակությունը.

«Բեռները կտեղափոխենք մինչև Այրում կայարան, որի հարակից հատվածում կա մի կամուրջ, որը նախկինում պահածոների գործարանի մատակարարման համար է եղել և երկար ժամանակ չի աշխատում։ Այդ երկաթգծային կամուրջը հիմա մենք վերափոխում դարձնում ենք կամուրջ, որի վրայով կարող են բեռնատարներ անցնել։ Առաջիկա 2-3 օրվա ընթացքում կավարտենք։ Եվ այդ կամուրջը կծառայի, որ Այրում կայարանից տարբեր բեռներ, այդ թվում վառելիք տեղափոխվի ու մատակարարվի ամբողջ հանրապետությունով մեկ»։

Այս սխեմայի շուրջ պայմանավորվածություն արդեն կա։ Առաջիկա օրերին այն կաշխատի, սակայն, Սանոսյանի փոխանցմամբ, Վրաստանում ևս երկաթուղու մի վնասված հատված կա։ Ակնկալվում էր, որ այդ հատվածի վերականգնումը երկու-երեք օրվա ընթացքում կավարտվի, բայց մի շարք այլ հատվածներ Վրաստանում նույնպես վնասվել են հեղեղումներից։ Սանոսյանն ասում է, որ խոսել է Վրաստանի փոխվարչապետի հետ, որը վստահեցրել է՝ նախանշված է երեք օրում այդ հատվածների վերանորուգումը կավարտեն։ Մինչ այդ էլ, Սանոսյանի խոսքով, հայկական հատվածում կարվի արդեն իր նշած կամուրջի վերափոխումը, որից հետո, երկաթուղին արդեն կկարողանա աշխատել մինչև Այրում կայարան։     

Եվրասիական Տնտեսական Համագործակցության Խորհրդի նիստում քննարկել են նաև ինտեգրացիոն համագործակցությունը և Միությունում կլիմայական կարգավորման սերտացման անհրաժեշտությունը: Բացի այդ, հավանության է արժանացել հանձնաժողովի զեկույցը ԵԱՏՄ արևելյան երկրների տարածքներում տրանսպորտային ենթակառուցվածքների զարգացման վերաբերյալ՝ Արևելք-Արևմուտք և Հյուսիս-Հարավ ուղղություններով, այդ թվում՝ չինական «Մեկ գոտի՝ մեկ ճանապարհ» նախաձեռնության հետ զուգահեռ։

Back to top button