ԿարևորՀասարակությունՌեպորտաժներ

Հաստատված չորս զոհ ու անհաշվելի նյութական կորուստներ

Լոռու մարզի Տաշիր, Փամբակ համայնքների տարբեր բնակավայրերում, Ալավերդի խոշորացված համայնքում, Տավուշի մարզի Դիլիջան, Իջևան և Նոյեմբերյան համայնքների տարբեր բնակավայրերում բազմաթիվ ավերածություններ կան հեղեղումների հետևանքով։

Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանն այսօր կառավարության նիստում ամփոփել է արտակարգ իրավիճակի կառավարման օպերատիվ շտաբի աշխատանքները։ Մասնավորապես, ամենամեծ ավերածությունը դիտվել է Ալավերդու Սանահին թաղամասում․ կան բազմաթիվ ջրածածկ տարածքներ, շենքեր-շինություններ։

Առանց ջրի, գազի ու հոսանքի, իսկ մի քանի համայնքների բնակիչներ՝ առանց տան․ մայիսի 25-ին ու 26-ին տեղի ունեցած հեղեղումների հետևանքների վերացման աշխատանքները շարունակվում են։ Անհետ կորածների ու զոհերի որոնողական աշխատանքներ չեն կատարվում։ Կան փլուզումներ, ջրալցումներ, կամուրջների ճանապարհների փլուզումներ, բազմաբնակարան շենքերի, հասարակական ու այլ նշանակության շենք-շինությունների, պտղատու այգիների ջրալցումներ։

Փրկարար ծառայության տնօրեն Կամո Ցուցուլյանն ընդգծում է․ «Այս պահին աշխատանքներ կան տանելու Քարկոփ համայնքում, Սանահին, Սարահարթ կայարանում ու թաղամասում և Ալավերդի քաղաքի Թումանյան փողոցում։ Այստեղ աշխատանքները 90 տոոկսով ավարտել են»։

Լոռիում ջրհեղեղից ամենամեծ վնասները կրել է Քարկոփը, ամբողջ գյուղը ջրածածկ է։ ՏԿԵ նախարարի խոսքով՝ ամբողջ գյուղը տարհանված է։ Գյուղը 1,5 մետրից ավելի ջրածածկ է։

 «Այդ օրը գետում ջրի մակարդակը հասել է մինչև 650 մետր խորանարդ, այսօր՝ 102 է։ Վեց անգամից ավելի ջուր է եղել մոտ 2 մետր նվազել է ջուրը»։

Ալավերդու Սանահին ու Սարահարթ թաղամասերում 141 քաղաքացի կա։ Նրանք հրաժարվել են դուրս գալ իրենց տներից, բայց ապահովված են առաջին անհրաժեշտության պարագաներով, ասում է Ցուցուլյանը։ Տեղեկացնում է՝ օրվա մեջ մեկ անգամ բավարար չափով սնունդ են տեղափոխում, բայց ըստ անհրաժշետության կարող են նաև մի քանի անգամ ապահովել։ 441 բնակիչ տարհանվել է, 42-ը Տավուշում են, մյուսները՝ Ալավերդիում։ Տարհանված բնակիչներից 44-ը Ալավերդու հյուրանոցում են։

Կորուստների մասով Ֆինանսական գնահատումներ դեռ չկան։ Բացի տներից մեծ վնաս է հասցվել M-4 և M-6 միջպետական ճանապարհներին, ասում է Գնել Սանոսյանը․

 «M-4 ճանապարհն ունի 10 վնասված հատված, որոնցից հատկապես հինգը բավականին խոշոր են։ Դա Դիլիջանից Իջևան հատվածում է հիմնականում։ M-6 ճանապարհը 43 հատվածներով է վնասված։ 43-ից 5-ում ամբողջովին ճանապարհը վնասվել է։ Այդ 5 հատվածից 4-ը վերականգնվել է, վերջին վնասված հատվածի ուղղությամբ աշխատանքներ են տարվում»։

 Ճանապարհը նաև ջրածածկ էր Նոյեմբերյանից մինչև Բագրատաշեն հատվածում, ինչի հետևանքով մեկ օր մաքսակետը չաշխատեց։ Հետագայում ջրի մակարդակը նվազեց և ճանապարհը հնարավոր եղաքվ մաքրել։ Հիմա այդ հատվածը հասանելի է։ Մնացած հատվածը՝ Վանաձորից դեպի Ալավերդի և Այրում, երթևեկության համար փակ է։ Անդրադառնալով կամուրջներին հասցված վնասներին, Սանոսյանն ընդգծում է՝ հեղեղումների հետևանքով մոտ 20 կամուրջ կա վնասված։ Դրանք համայնքային են, տեղական, նաև հետիոտնային կամուրջներ։ Վնասված խոշոր կամուրջներից են Սանահինի, Ախթալայի, Այրումի, Քարկոփի, Խաշտարակի և Շնողի կամուրջները։                   

«Հատկապես Ախթալայի և Քարկոփի կամուրջների վնասման հետևանքով 7 բնակավայր Ալավերդի քաղաքի հետ կապ չունեն։ Եվ հիմա այդ բնակավայրերի մատակարարումները իրականացվում են հիմնականում լեռնային անտառապատ հատվածի ճանապարհով, որը բարեկարգում են»։

Նախարարի խոսքով՝ ջրային ենթակառուցվածքներում ևս լուրջ վնասներ կան։ Այս վնասների հետևանքով մի շարք բնակավայրեր ջրամատակարարումից զրկվել են, որոշ տեղերում ստիպված են եղել նաև մատակարարումը դադարեցնել, որպեսզի ջրի որակի հետ կապված խնդիր չառաջանա։ Դիլիջանում ջրի մատակարարումը մասնակի է վերականգնվել։ Ջրի հետ կապված գլխավոր խնդիրը Ախթալայում է, որտեղ  ջրատար մեքենայով են ջուրը տեղափոխում և նաև 5-6 լիտրանոց տարաներով։ Հեղեղումների հետևանքով շուրջ 19 հազար բաժանորդ էլ զրկվել է գազից, այժմ մոտ 18 հազարը գազ ունի։ 17 հազար բաժանորդ հոսանքազրվել է։

«Հիմա միայն 600 բաժանորդ է հոսանքազրկված՝ հիմնականում Ալավերդու Սանահին կայարան թաղամասում»։

Լոռու և Տավուշի մարզերում տեղի ունեցած հեղեղումների հետևանքով քանդված կամուրջների վերակառուցման և նոր կամուրջների կառուցման գործում ակնկալում են միջազգային գործընկերների աջակցությունը։

«Շատ կարևոր է, որ մենք աջակցություն ցուցաբերելու պատրաստակամության ուղերձներ ենք ստացել միջազգային գործընկերներից։ Կարծում եմ, որ հատկապես կամրջաշինության ոլորտում պետք է խնդրենք մեր գործընկերներին, որ կոնկրետ աջակցություն ցուցաբերեն»։

Արտաքին գործերի նախարարի տեղեկացմամբ, կան մի շարք միջազգային մեխանիզմներ, որոնք կարող են գործարկվել այսպիսի հանգամանքներում, և կան միջազգային գործընկերներ, որոնք այս կամ այն հարցում աջակցելու պատրաստակամություն են հայտնել։ Մասնավորապես, կան գործընկերներ, որոնք հենց մոդուլյար կամուրջների հարցում կարող են շատ օգնել՝ հայտարարել է Արարատ Միրզոյանը։

Back to top button