ԿարևորՌեպորտաժներՎերլուծական

Անվտանգությո՞ւնը կբերի խաղաղություն, թե՞ խաղաղությունը` անվտանգություն

Անվտանգությունն այլևս բավարար չէ, որովհետև հարկավոր է խաղաղություն՝ խորհրդարանում հայտարարել է վարչապետը։ Նիկոլ Փաշինյանի ձևակերպմամբ՝ այն, ինչ տարիներ շարունակ անվտանգության ապահովում ենք համարել, վտանգներ գեներացնող ճանապարհ է եղել։ Վերլուծաբանները խաղաղության կարևորությունը չեն վիճարկում, բայց ոչ պակաս կարևոր համարում են  այդ խաղաղության բովանդակությունը և այն ճանապարհը, որով այն ձեռք է բերվում։

Խաղաղությունը ձևավորվում է անվտանգության  համակարգերի շնորհիվ, և այն ոչինչ է, եթե չկան անվտանգային կարողություններ՝ կարծում է քաղաքական վերլուծաբան Հակոբ Բադալյանը։

«Խաղաղությունը հավասարակշռությունների վրա հիմնված երևույթ է և այդ հավասարակշռությունը ապահովելու տեսանկյունից Հայաստանին առնվազն անհրաժեշտ է կենսունակ անվտանգության համակարգ, այսինքն՝ այստեղ անվտանգությունը պայմանավորել խաղաղությամբ, դա մեղմ ասած  բավականին պարզունակ տարբերակ է, քանի որ խաղաղությունը պայմանավորվում է անվտանգությամբ, այսինքն որքան անվտանգ ես այնքան բարձր է խաղաղ լինելու հնարավորությունը և հավանականությունը»։

Հայաստանի վարչապետը խորհրդարանում նախորդ տարվա բյուջեի կատարողականի քննարկման ժամանակ տեսակետ է հայտնել, թե խաղաղությունն է, որ պետք է ապահովի  անվտանգությունը։ Նիկոլ Փաշինյանի ձևակերպմամբ՝ այն, ինչ տարիներ շարունակ անվտանգության ապահովում ենք համարել, վտանգներ գեներացնող ճանապարհ է եղել։

«Իմ կարծիքով՝ մենք պետք է արձանագրենք, որ ՀՀ քաղաքացու համար ազատությունն այլևս բավարար չէ, որովհետև հարկավոր է արդարություն, անվտանգությունն այլևս բավարար չէ, որովհետև հարկավոր է խաղաղություն: Մենք չենք էլ նկատել, որ մեր պետության գոյության ընթացքում այն, ինչ մենք անվանել ենք անվտանգություն, բավականին վտանգավոր է եղել: Անունը դրել ենք անվտանգություն, բայց այդ անվտանգության ապահովումը՝ մեր ընկալմամբ, փորձել ենք իրականացնել նորանոր վտանգներ գեներացնելու ճանապարհով։ Հետևաբար պետք է արձանագրենք, որ անվտանգությունն այլևս բավարար չէ, որովհետև հարկավոր է խաղաղություն։ Խաղաղությունն է որ պետք է ապահովի անվտանգություն»։

Հակոբ Բադալյան․ «Կարծում եմ այստեղ բառակույտ է հիմնականում, որի սպառման հիմնական հասցեատեր դիտվում է հասարակության այն խավը, որն առանձնապես հակված չէ խորամուխ լինել այդ մտքերի ստուգաբանմանը»։

Քաղաքագետ Սուրեն Սուրենյանցի՝ համոզմամբ ոչ թե խաղաղությունն է  անվտանգություն ապահովում, այլ անվտանգային ամուր համակարգն է երաշխավորում խաղաղությունը։

«Խաղաղություն կնքելով՝ անվտանգության հարցը ավտոմատ դուրս չի գալիս։ Խաղաղությունը շատ կարևոր բան է, հարևան երկրների հետ բնականոն հարաբերությունները շատ կարևոր է, ես էլ եմ դրան կողմ ու Հայաստանում շատ քիչ գործիչ կգտնեք, որ դրան կողմ չլինի, բայց դա անվտանգային բոլոր ռիսկերը չի վերացնում։ Անվտանգությունից է բխում խաղաղությունը և ոչ հակառակը։ Որքան անվտանգային համակարգը կայացած լինի, այնքան խաղաղությունը երաշխավորված կլինի, դա քաղաքագիտական աքսիոմա է»։

Ասել խաղաղությունը կարևոր է, նշանակում է չասել ոչինչ՝ շեշտում է վերլուծաբան Բադալյանը։ Սակայն ոչ պակաս  կարևոր է, թե ինչ գնով է ձեռք բերվում այդ խաղաղությունը։

«Խաղաղության գինը կարող է լինել ապագա պատերազմը, հետևաբար շատ կարևոր է հասկանալ, թե այդ խաղաղությունը ինչ բաղադրություն ունի, ինչից է բաղկացած այդ խաղաղությունը։ Խաղաղությունը հիմնվա՞ծ է, օրինակ, որևէ շանտաժի վրա, թե՞ ուժերի բալանսի վրա, որովհետև եթե դա հիմնված է շանտաժի վրա, ապա դա խաղաղություն չէ»։

Քաղաքագետ Սուրենյանցի դիտարկմամբ՝ «խաղաղությունը կապահովի անվտանգություն» բանաձևը ծուղակներ է ենթադրում։

«Այդ ծուղակը այսպիսինն է՝ դու պետք է կատարես Ադրբեջանի բոլոր պայմանները, ընդ որում ոչ թե խաղաղություն ստանալու, այլ պատերազմը հետաձգելու համար»։

Կարդացեք նաև

Back to top button