ԿարևորՀասարակություն

Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանին հրավիրել են առանձին հանդիպման ՆԳ նախարարի հետ

ՀՀ ոստիկանության պետ Արամ Հովհաննիսյանը Բագրատ Սրբազանին հրավիրել է առանձին հանդիպման ՆԳ նախարարի հետ, հայտնում է «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման ֆեյսբուքյան էջը։

«Տավուշը հանուն հայրենիքի» շարժման առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի առաջնորդած երթը ներքին գործերի նախարարության շենքի մոտ է, քաղաքացիները Բագրատ Սրբազանի հետ ցանկանում են հանդիպել ՆԳ նախարար Վահե Ղազարյանի հետ, խոսել ոստիկանների գործողություններից։

Ներքին գործերի նախարարի խոսնակ Նարեկ Սարգսյանը երթի մասնակիցներին տեղեկացրել էր, որ նախարարը զբաղված է և չեն կարող հանդիպում կազմակերպել։

Ներքին գործերի նախարար Վահե Ղազարյանը պետք է ԱԺ գնա, հետևաբար որոշում էր կայացվել սպասել նրան շենքի դիմաց, որպեսզի ԱԺ գնալիս, այնուամենայնիվ, հանդիպումը կայանա։

ՆԳՆ ներքին անվտանգության վարչության պետ Վաղինակ Մարտիրոսյանն էլ տեղեկացրել է, որ գերատեսչությունում ոստիկանների կողմից թույլ տրված իրավախախտումների դեպքերով ծառայողական քննություններ են ընթանում։

Սակայն, ըստ Վ. Մարտիրոսյանի, նախօրեին Սարդարապատում՝ Վեհափառ Հայրապետի հետ տեղի ունեցած միջադեպի առնչությամբ ՆԳՆ-ում ծառայողական քննություն չի իրականացվում։

Մայիսի 28-ին՝ Առաջին Հանրապետության օրը, ոստիկանության աշխատակիցները փորձել էին խոչընդոտել Գարեգին Բ-ին այցելելու Սարդարապատի հուշահամալիր, ուր ժամանել էր նաև ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Ավելի ուշ կաթողիկոսին ու հոգևորականներին թույլ էին տվել մտնել համալիր։

Back to top button