ԿարևորՀասարակություն

Ինչպես Առաջին Հանրապետությունը, այնպես էլ ներկայիս Հայաստանի Հանրապետությունը բոլորիս միասնական ջանքի, նվիրումի ու աշխատանքի արդյունքն է․ Վահագն Խաչատուրյան

Հայաստանի նախագահ Վահագն Խաչատուրյանի հրամանագրերով Հանրապետության տոնի առթիվ շնորհվել են զինվորական կոչումներ և բարձրագույն դասային աստիճաններ, ինչպես նաև հայրենիքի զարգացման գործում ներդրած նշանակալի ավանդի համար մի խումբ անձինք պարգևատրվել են պետական բարձր պարգևներով:

Նախագահ Խաչատուրյանը նախ շնորհավորել է բոլորին Հանրապետության օրվա կապակցությամբ և, հանձնելով բարձր պարգևները, շնորհակալություն հայտնել ցուցաբերած խիզախության և նվիրումի համար:

Հանրապետության նախագահի նստավայրում տեղի ունեցած հանդիսավոր արարողությանը ներկա են գտնվել նաև Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը, Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը, բարձրաստիճան այլ պաշտոնյաներ:

Իր ելույթում նախագահն ասել է.

«Շնորհավորում եմ բոլորիս Հանրապետության օրվա կապակցությամբ: Մայիսի 28-ը, Հայաստանի անկախության օրվա հետ մեկտեղ, մեր պետականության կարևորագույն տոներից մեկն է, որի խորհուրդն անկախ, ինքնիշխան, իրավական և ժողովրդավար պետություն կերտելու մեր հավաքական կամքի արտահայտությունն է:

1918 թվականի մայիսի 28-ը մեր պատմության ամենապայծառ դրվագներից է, աշխարհի քաղաքական քարտեզի վրա իր ուրույն տեղն ունենալու, սեփական ճակատագիրը որոշելու գերագույն իրավատերը լինելու մեր ժողովրդի դարավոր երազանքի իրականացման վճռական քայլը:

Հայաստանի Առաջին Հանրապետությունը ձևավորվեց պատերազմի բովում և մեր պետական այրերը պետք է առաջին քայլերն անեին անկախ պետականության կերտման ճանապարհին՝ զուգահեռաբար փորձելով լուծել ցեղասպանությունից փրկված մեր հարյուր հազարավոր հայրենակիցների կեցության, պետական կառավարման մարմինների, բանակի և ենթակառուցվածքների ստեղծման խնդիրները: Այդ ամենը պետք է արվեր առանց դաշնակցի ու բարեկամի, ապավինելով միայն մեր ժողովրդի հավաքական կամքին, իմաստնությանն ու անձնվիրությանը:

Առաջին Հանրապետության ստեղծման միջավայրից շատ քիչ էր տարբերվում նաև 1991 թվականը, երբ կրկին պետք է մեզ պարտադրված պատերազմի պայմաններում քայլ անեինք անկախ պետականություն կերտելու ուղիով՝ ճաշակելով հաղթանակների հրճվանքն ու կորուստների դառնությունը:

Այսօր՝ 2024 թվականի մայիսի 28-ին, մեր պետության առաջ կանգնած մարտահրավերները նվազ չեն: Անկախության ավելի քան երեք տասնամյակի ընթացքում Հայաստանը կարողացավ ամրագրել լինելիության իր իրավունքը հաճախ ծանր ու անդառնալի կորուստների գնով, կարողացավ ձեռք բերել նոր բարեկամներ և չխուսափեց նաև հակառակորդներից: Նաև այս պատճառով է, որ այս տոնական օրը լավ առիթ է մեր պետականությունը, պատմությունը, անկախությունը վերագնահատելու համար:

Մեկ բան սակայն միանշանակ է, ինչպես Առաջին Հանրապետությունը, այնպես էլ ներկայիս Հայաստանի Հանրապետությունը բոլորիս միասնական ջանքի, նվիրումի ու աշխատանքի արդյունքն է:

Այս առումով վստահ եմ, որ այսօր էլ՝ ապավինելով մեր ուժին, վստահելով ու հավատալով մեր ժողովրդի իմաստնությանը, կարող ենք հաստատակամորեն շարժվել դեպի համազգային երազանքի պետությունը կառուցելու նպատակակետ:

Համոզված եմ նաև, որ մենք կհաջողենք՝ յուրաքանչյուրս մեր տեղում, մեր աշխատավայրում, կենցաղում և առօրյայում պատասխանատվությամբ ու սրտացավությամբ մեր գործն անելով, շարունակաբար կրթվելով, մասնագիտական նոր որակներ ձեռք բերելով, որովհետև միայն այդպես կարող ենք ունենալ անկախ, ինքնիշխան, ժողովրդավար, իրավական, զարգացող ու հզոր Հայաստան:

Եվս մեկ անգամ շնորհավորելով բոլորիս և առանձնահատուկ կերպով այսօր պետական բարձր պարգևների արժանացած մեր գործընկերներին, մաղթում եմ նորանոր հաջողություններ, ուժ ու կորով և ամրություն ու խաղաղության Հայաստանի Հանրապետությանը»:

Back to top button