ԿարևորՀասարակությունՌեպորտաժներ

Աղետի հետևանքները Հայաստան-Վրաստան սահմանին

Ալավերդու հարևանությամբ՝ սահմանի մյուս կողմում, Վրաստանի հայաբնակ գյուղերը ևս լուրջ վնասներ են կրել հորդառատ անձրևներից՝ ամբողջովին կտրվելով շրջկենտրոն Մառնեուլիից, Թբիլիսիից և Հայաստանից։ Մի քանի գյուղերում կամուրջներ են քանդվել, գյուղամիջյան, ինչպես նաև Վրաստան-Հայաստան ևս մեկ միջպետական ճանապարհ այստեղ փակ է։

Հայաստանի հետ սահմանին գտնվող Վրաստանի մի շարք հայաբնակ գյուղեր ամբողջովին մեկուսացվել են մայիսի 25-ից շարունակվող հորդառատ անձրևների հետևանքով։ Շուլավեր կոչվող գետը հեղեղել է սահմանկից Աղքյորփիով անցնող միջպետական և գյուղամիջյան ճանապարհները։

Հիշյալ գյուղերը Մառնեուլիի սակրեբուլոյում (ավագանի) ներկայացնող պատգամավոր Արսեն Հախվերդյանը «Ռադիոլուրի» հետ զրույցում ասում է․ «Շուլավեր գետը հունից դուրս է եկել․ Աղքյորփի, Չանախչի, Խոխմել և Օփրեթ գյուղերը մնացել էին արտաքին աշխարհից կտրված։ Մի քանի գյուղերում դեռ լույս չկա։ Բարեբախտաբար, մարդկային զոհեր չունենք»։

Հայաստանի հետ սահմանի Չանախչի գյուղի բնակիչ Հրանտ Խուդինյանը մեզ հետ զրույցում նշեց․ «Չանախչի գյուղի երկու հատվածներն իրար կապող կամուրջն է քանդվել։ Բացի այդ, Չանախչին ևս մեկուսացվել է գլխավոր միջպետական, շրջկենտրոն տանող ճանապարհներից»։

Նույն իրավիճակն է նաև Աղքյորփիում, այսօր այստեղ գյուղի մի հատվածից մյուսում գտնվող դպրոց հասնելն աշակերտների համար խնդիր է։ Գյուղամիջյան կամուրջը վնասվել է։

Աղքյորփիով անցնող Վրաստան-Հայաստան միջպետական ճանապարհը ևս փակ է՝ Աղքյորփի Մառնեուլի ճանապարհի փլուզման հետևանքով։ Հախվեդյանի խոսքով, երեկ ողջ օրվա ընթացքում տեխնիկան այս հատվածում աշխատել է՝ կարևոր դեպքերում գյուղ որոշ ավտոմեքանների ելումուտն ապահովելու․

«Սպասում ենք ջրի մակարդակը իջնի, որպեսզի փոքր տեխնիկան աշխատի՝ բացելով ճանապարհը նաև թեթեև մարդատար մեքենաների համար։ Մեկ օր է պետք այդ ճանապարհի երթևեկն ամբողջովին վերականգնելու համար»։

Հորդառատ անձրևների պատճառով սահմանափակվել է նաև Սադախլո-Բագրատաշեն» պետական սահմանի անցման կետով տրանսպորտային միջոցների տեղաշարժը։

Ուղևորափոխադրող կազմակերպություններից «Ռադիոլուրին» ասացին, որ երեկ ողջ օրվա ընթացքում Վրաստան-Հայաստան երթուղին աշխատել է, այսօր ևս սովորականի ռեժիմով կաշխատեն․ «Վարորդները շրջանցում են աղետի Ալավերդիի հատվածը, հիմնականում օգտվում են «Գուգուտի-Գոգավան» անցակետից, որտեղ սակայն մեքենաների հերթերը շատ են»։

Հերթերից խուսափելու նպատակով՝ ՀՀ պետական եկամուտների կոմիտեն բեռնափոխադրողներին հորդորում է Վրաստանից Հայաստանի Հանրապետություն տեղափոխությունները հնարավորինս կազմակերպել «Նինոծմինդա-Բավրա» պետական սահմանի անցման կետով, քանի որ «Գուգուտի-Գոգավան» անցման կետի վրացական կողմի թողունակությունը բավականին ցածր է, ինչն առկա իրավիճակում կարող է հանգեցնել մեծ հերթերի։

Back to top button