ԿարևորԿյանքին ասել այո՛Տեսանյութեր

Իմ տեսադաշտում մնաց միայն ընկերոջս ճկույթը․ Սերգեյ Համբարձումյան․ «Կյանքին ասել այո՛»

Սերգեյ Համբարձումյանը ծնվել է 2001թվականին Արարատի մարզի Մասիս քաղաքում։ Վաղ տարիքից աշխատել է, որպես կիթառահար շուրջ տասը տարի հանդես է եկել տարբեր բեմերում։ 2019-ին ընդունվել է Ագրարային համալսարան, իսկ 2020-ին  զորակոչվել բանակ։ Ծառայում էր  Ջրականում, երբ սկսվեց  44-օրյա պատերազմը։ «Կռվի ժամանակ պայթյունից ընկերոջս մարմինն ամբողջությամբ  ցրիվ եկավ, իմ տեսադաշտում մնաց միայն ճկույթը։ Որոշեցի վերցնեմ ու փոխանցեմ ծնողներին, որպեսզի թաղելու  մի բան ունենան։ Արցախից էին, գնացի նրանց տուն, մայրը գրկեց ու հարցրեց՝ ո՞նց ես, տղաս ո՞նց է։ Ոչինչ չկարողացա ասել, ուղղակի նայեցի դեմքին, ճկույթը դրեցի ձեռքի մեջ ու վազեցի»,-պատմում է Սերգեյը։

Ծանր վիրավորվել է Մարտունու շրջանի Քերթ գյուղում, կարծում էին չի ապրի, բայց հաղթահարեց։ Սերգեյի հետ գտնվող 29 տղաներից 27-ը զոհվել են։ Երկու հոգի են ողջ  մնացել, այն էլ՝ ծանր վիրավոր։ Վեց օր կոմայի մեջ է եղել։ Արթնանալուց հետո երկար ժամանակ չի ընդունել, որ իրական կյանք է վերադարձել, ասում է՝ կարծում էի տեսիլքի մեջ եմ։ Մարմնում հայտնված տասնյակ բեկորներից մեկը վնասել է գլուխը, որն էլ, ինչպես ասում է Սերգեյը, մյուս յոթանասունհինգ բեկորի տեղը հանում է։

Տասներեք վիրահատություն  է տարել, երկար ժամանակ վերականգնողական բուժում է ստանում Զինվորի տանը, որտեղ էլ  2022-ի փետրվարին տեղի ունեցավ ճակատագրական հանդիպումը Սոնայի հետ։ 2023-ի նոյեմբերին ամուսնացան։ Վերջին յոթ ամիսների փորձառությամբ Սերգեյը վստահորեն  հայտարարում  է՝ ամուսնությունից լավ բան չկա, միայն թե ճիշտ մարդուն պետք է գտնել։

Back to top button