Հասարակություն

Ինչ են արձանագրել ՏԻՄ ընտրություններին հետեւող դիտորդները

Կարեն Ղազարյան
«Ռադիոլուր»

Հունիսի 8-ին Գորիսում եւ հանրապետության այլ քաղաքներում եւ մարզերում տեղի ունեցած ՏԻՄ ընտրությունները մրցակցային չեն եղել` նման գնահատական է լրագրողների հետ այսօրվա հանդիպման ժամանակ հնչեցրել «Իրավունքի եվրոպական միավորում» ՀԿ անդամ, փաստաբան Տիգրան Եգորյանը`ամփոփելով ՏԻՄ ընտրությունների դիտարկման արդյունքները: Դիտորդի խոսքով` եթե ընտրությունները մրցակցային չեն, ապա բոլոր ընտրախախտումների անհրաժեշտությունն ու վարչական ռեսուրսների օգտագործման-չարաշահման միջոցներն ու հնարավորությունները անիմաստ են դառնում:
Հիշեցնենք, որ Հունիսի 8-ին ՏԻՄ ընտրություններ անցկացվեցին 55 համայքում, որոնցից 36-ում` համայնքի ղեկավարի, 30-ում` ավագանու անդամի:

Խախտումներ անելու կարիք բացարձակ չկա, երբ ընտրությունները մրցակցային չեն` շեշտեց Տիգրան Եգորյանը: Ըստ նրա` մրցակցության բացակայության պարագայում կարելի էր սպասել մոտավորապես հենց այնպիսի արդյունքների, ինչպիսիք գրանցվել են տեղամասերի մեծամասնության դեպքում:
«Նույնիսկ այս պայմաններում 12 տարբեր տեղամասերից մոտ 20 խախտում է արձանագրվել դիտորդների կողմից: Բազմազան խախտումների սպեկտր ունենք` նույնիսկ այս առանց մրցակցության անցնող ընտրությունների շրջանակներում»:
Խախտումների բնույթը` սկսած տեղամասերի սխալ կահավորումից, մինչեւ քվեախցիկներում քվեարկած քվեաթերթիկներ պարունակող մի քանի ծրարների հայտնաբերում: Վերջինը` Գորիս քաղաքում:

Դա, ըստ դիտորդի, վկայում է «կառուսել» կոչվող ընտրախախտման կիրառման մասին:
Ի դեպ, հունիսի 8-ի ՏԻՄ ընտրությունների «ինտրիգը» Գորիս քաղաքն էր, որի վրա կենտրոնացած էր հանրային ուշադրությունը: Եղան առաջադրումներ, ապա` ինքնաբացարկներ, որոնք, որոշ գնահատականներով, վախի մթնոլորտի արդյունք էին: «Իրավունքի եվրոպական միավորում» ՀԿ դիտորդ, փաստաբան Տիգրան Եգորյանի խոսքով` Գորիսում եղել են նաեւ կուտակումներ ընտրատեղամասերում, ընտրատեղամասերին մոտ տարածքներում, սակայն, այդ ամենի մասին արձանագրություններ չեն կազմվել:
Ոչ մրցակցային ընտրությունների մասին վկայակոչեց նաեւ դիտորդական առաքելություն իրականացրած մեկ այլ կազմակերպության` «Թրանսփարենսի ինթերնեշընըլ հակակոռուպցիոն կոնտրոն»-ի դիտորդ Արփինե Մանուկյանը: Նա դիտարկել էր Շորժայի ընտրությունները:

Ըստ դիտորդի` խախտումների առանձնահատկություններից մեկն էլ Ընտրական օրենսգրքի վերաբերյալ հանձնաժողովի անդամների ոչ բավարար գիտելիքներն են եղել: Խախտումներն էլ, դիտորդի գնահատմամբ, նրանց համար պարզապես բարի ավանդույթներ են եղել, օրինակ` ընտրատեղամասի առջեւ կուտակումները:
Եթե ընտրություններում բացակայել է մրցակցային բաղադրիչը եւ, կոպիտ ասած, գլուխ չի ջարդվել, ապա փաստել, թե դրանք մեկ քայլ առաջ են` դատարկախոսություն է` այս ձեւակերպմամբ հունիսի 8-ի ՏԻՄ ընտրությունների դիտարկման արդյունքների ամփոփումը եզրափակեց «Իրավունքի եվրոպական միավորում» ՀԿ անդամ Տիգրան Եգորյանը:
Հիշեցնենք, որ ԿԸՀ հայտարարությամբ` ՏԻՄ ընտրությունները անվավեր ճանաչելու մասին միայն 3 դիմում է ստացվել:

Back to top button