ԿարևորՀասարակություն

Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված համերգ Հաագայում

Նիդերլանդներում ՀՀ դեսպանության և Նիդերլանդներում հայկական կազմակերպությունների ֆեդերացիայի նախաձեռնությամբ Հաագայում տեղի է ունեցել Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցին նվիրված համերգ։ Վերջինիս ներկա են եղել Նիդերլանդների խորհրդարանի անդամներ Դոն Սեդերը, Իսա Կահրամանը և Դերկ Բոսվայքը, արտաքին գործերի նախարարության Եվրոպայի վարչության տնօրեն Էրիկ Վեսթստրատեն, հասարակական-քաղաքական, արվեստի և մշակույթի գործիչներ, ինչպես նաև հայ համայնքի ներկայացուցիչներ։

Միջոցառման մեկնարկին ելույթ է ունեցել Նիդերլանդներում ՀՀ դեսպան Վիկտոր Բիյագովը։ Դեսպան Բիյագովն ընդգծել է, որ Հայոց ցեղասպանության դատապարտման և մեղավորների պատժման պարագայում տեղի չէին ունենա 20-րդ դարի այլ ոճրագործություններ, իսկ հետագայում՝ Լեռնային Ղարաբաղի էթնիկ զտումը։

Դեսպանը նշել է, որ ցեղասպանությունները, թեև տեղի են ունենում հստակ խումբ ներկայացնող անձանց նկատմամբ, վերջիններիս ազդեցությունը տարածվում է ամբողջ մարդկության վրա, ուստի՝ ցեղասպանության դեմ պայքարելու համար անհրաժեշտ են համամարդկային ջանքեր։ Այս համատեքստում ներկայացվել են Հայաստանի ջանքերը միջազգային ասպարեզում՝ ուղղված ցեղասպանության հանցագործության կանխարգելմանն ու դատապարտմանը։

Ելույթներով հանդես են եկել նաև Նիդերլանդների խորհրդարանի անդամներ Դոն Սեդերը և Իսա Կահրամանը, «Ճշմարտության և արդարադատության կենտրոն» ՀԿ ներկայացուցիչ Կ․ Աբգարյանը, հասարակական-քաղաքական գործիչ, նախկին խորհրդարանական Հ․ ֆան Բոմմելը։

Հիշատակի երեկոն ավարտվել է «Ծիրանի ծառ» երգչախմբի, Արցախից օպերային երգչուհի Միլենա Բեգլարյանի, Աբովյան մշակութային միության սաների կատարումներով։

Back to top button