
Աիդա Ավետիսյան
«Ռադիոլուր»
Հունիսի 3-ին Սիրիայում անցկացվեցին նախագահական ընտրություններ: Դրանք կարելի է պատմական որակել, քանի որ վերջին տասնամյակների ընթացքում առաջին անգամ արաբական այս երկրում նախագահի պաշտոնում առաջադրվել են թեկնածուներ ոչ Ասադների ընտանիքից: Նկատենք, սակայն, որ գործող նախագահի մրցակիցները սիրիական հասարակության համար անհայտ թեկնածուներ էին: Այս իմաստով երեկ կայացած քվեարկության ելքը կանխորոշված էր։ Ի՞նչ ազդեցություն կունենան Սիրիայում կայացած նախագահական ընտրությունները երկիրը քաղաքացիական պատերազմի ճիրաններից փրկելու համար:
Փորձագետների համար դեռևս ընտրություններից առաջ էլ պարզ էր, որ սիրիական ընտրություններում հաղթելու է գործող նախագահ Բաշար ալ Ասադը: Դրա պատճառները տարբեր են: Արաբագետ Սարգիս Գրիգորյանի խոսքով` առաջադրված երկու թեկնածուներ Մահեր Հաջարը և Հասան ան Նուրին հասարակական ու քաղաքական լայն շրջանակների համար չունեին այն վստահությունը, որը վայելում է գործող նախագահը: Գործող նախագահի հաղթանակը կանխելու միակ քայլը նրա չառաջադրվելն էր, կարծում են փորձագետները:
Ընտրությունների անցկացումը, արաբագետ Արմեն Պետրոսյանի կարծիքով, կազմակերպվել է երեք նպատակով.
- սահմանադրական ժամկետներում իշխանությունը պետք է կազմակերպեր ընտրություններ,
- սիրիական ճգնաժամի քաղաքական կարգավորմանը ձգտող սիրիական վարչակարգն այլընտրանք չուներ քաղաքական առկա ստատուս-քվոն պահպանելու համար,
- մտավախությունն էր, որ Արևմուտքը կասկածի տակ կդնի գործող նախագահի լեգիտիմությունը և կբարձրացնի Ասադի լիազորություններն ավարտվելու հարցը։
Արաբագետ Արմեն Պետրոսյանը նշում է, որ այս ընտրություններով Ասադն աշխարհին փորձում է ապացուցել, որ չնայած երեք տարի շարունակ զինված հակամարտություն է ընթանում Սիրիայում, այնուամենայնիվ, սիրիացիները հավատում են երկրի նախագահին և իրենց սեփական ուժերով խնդրի կարգավորմանը։
Արդյո՞ք միջազգային հանրությունը կճանաչի սիրիական ընտրությունները, հարցին արաբագետ Արմեն Պետրոսյանը նշեց, որ գործող վարչակարգին աջակցող տարածաշրջանի և մյուս բարեկամական պետությունները` օրինակ Իրանը, Ռուսաստանը, Չինաստանը, Բրազիլիան կճանաչեն ընտրությունները, իսկ արմատական ընդդիմությանն աջակցող արևմտյան պետություններն արդեն իսկ սկսել են քննադատել ընտրությունների արդյունքները:
Գլխավոր հարցը, որն առկախ է մնում Սիրիայում երեկ կայացած ընտրություններից հետո, պատերազմին է վերաբերվում: Այն կշարունակվի, համոզված են արաբագետները։




