ԿարևորՄիջազգային

Իսրայելի վրա իրանական հարձակումների ալիքը տևել է շուրջ 5 ժամ

Իսրայելի վրա իրանական հարձակումների ալիքը տևել է մոտ հինգ ժամ, հայտնել է CNN-ը՝ հղում անելով աղբյուրներին։

Իրանը շաբաթ ուշ երեկոյան անօդաչու սարքերով հարձակվել է Իսրայելի վրա։ Սկզբում հաղորդվել է տասնյակ անօդաչու թռչող սարքերի մասին, հետո The Times of Israel-ը գրել է անօդաչու թռչող սարքերի հարձակումների երկրորդ ալիքի, հետո երրորդի մասին։ Իրանական IRNA գործակալությունը նաև հայտնել է, որ Թեհրանը բալիստիկ հրթիռներ է արձակել Իսրայելի խորքում գտնվող թիրախների ուղղությամբ։ Իսրայելի պաշտպանության բանակը (IDF) հաստատել է, որ եղել են նման արձակումներ։ Իրանը արձակել է 185 անօդաչու թռչող սարք, 36 թեւավոր հրթիռ և 110 «երկիր-երկիր» հրթիռ, հայտնում է New York Times-ը:

Իրանն առաջին անգամ է հարձակում գործում Իսրայելի վրա սեփական տարածքից, և ոչ «տարածաշրջանային պրոքսիների»՝ Եմենի ապստամբներ Անսար Ալլահի (նաև հայտնի որպես Հութիների) և լիբանանյան շիական «Հեզբոլլահի» օգնությամբ:

ՀՕՊ համակարգերը որսացել են Իսրայելի ուղղությամբ արձակված բալիստիկ հրթիռների և անօդաչու թռչող սարքերի 99%-ը, հայտնում է իսրայելական Ynet հրատարակությունը՝ վկայակոչելով պաշտոնյաներին։ Իսրայելի պաշտպանության բանակը հայտնել է, որ «նվազագույն վնաս» է հասցվել Նեգևի ռազմաբազաներից մեկին:

Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը (ԻՀՊԿ) հայտարարել է Իսրայելում կարևոր ռազմական օբյեկտների «հաջող ոչնչացման» մասին, հայտնում է IRNA-ն։ Mehr News գործակալությունը գրում է, որ հարձակման ժամանակ Իրանը օգտագործել է Shahed-136 կամիկաձե անօդաչու թռչող սարքեր։

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը հեռախոսազրույց է ունեցել Իսրայելի վարչապետ Նեթանյահուի հետ։ Բայդենի խոսքով՝ ԱՄՆ-ն օգնել է Իսրայելին խոցել իրանական գրեթե բոլոր անօդաչու թռչող սարքերն ու հրթիռները։ Հարձակումն իրականացվել է նաև Սիրիայի, Իրաքի և Եմենի տարածքներից, ասել է նա։

Իսրայելի վրա Իրանի հարձակման հարցով ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նիստը նախատեսված է ապրիլի 14-ին Նյու Յորքի ժամանակով ժամը 16:00-ին:

Իրանի հարձակումը պատասխան էր ապրիլի 1-ին Դամասկոսում Իրանի հյուպատոսության վրա իսրայելական ավիահարվածին, որի հետևանքով զոհվել է 13 մարդ, այդ թվում՝ Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) 5 սպա և երկու բարձրաստիճան գեներալ: Օդային հարվածից անմիջապես հետո Թեհրանը զգուշացրել էր Իսրայելին պատասխան քայլերի մասին։

Back to top button