ԿարևորՀասարակությունՌեպորտաժներ

Մաթեմատիկայի դասագրքում «8х4=48»-ը ամենալուրջ խնդիրը չէ. դասագրքի հեղինակ

«Հայոց պատմություն» առարկայի 7-րդ դասարանի դասագրքի շուրջ կրքերը դեռ  չմարած՝ համացանցում նոր քննարկում է ծավալվել։ Այժմ էլ ուշադրության կենտրոնում մաթեմատիկայի 2-րդ դասարանի դասագիրքն է։ Սխալներ կան թե բազմապատկման, թե բաժանման աղյուսակներում։ Առանց այդ էլ ուշացած և անհարմարություններ ստեղծած դասագրքում 4 անգամ 8–ը հավասար է 48-ի, իսկ 8-ի բաժանման աղյուսակը սկսվում է «6։8=1»-ով։ Դասագրքում առկա վրիպակներին ԿԳՄՍ նախարարությունում արդեն ծանոթ են, ասում են՝ էլեկտրոնային տարբերակում շտկել են։ Բայց թղթային այս տարբերակը դեռ երեք տարի էլ շրջանառվելու է դպրոցներում։

Ուշացած, բայց նոր չափորոշիչներին համապատասխան 2-րդ դասարանի  մաթեմատիկայի դասագրքում, պարզվում է, 4х8-ը ոչ թե 32-ի է հավասար, այլ 48-ի, իսկ 8-ի բաժանման աղյուսակը սկսվում է  «6:8=1» –ով։ Իհարկե, հասկանալի է, որ դասագրքի հեղինակը գիտի բազմապատկման աղյուսակը, և սա ընդամենը վրիպակ է։ Բայց քանի որ մաթեմատիկայի նորաստեղծ դասագրքում վրիպակը տառասխալի տեսքով չէ, այլ հենց բազմապատկման աղյուսակում՝ թվերի անճշտությամբ, ծնողների մտահոգությունն էլ տեղին է, կարծես։ Դասագրքի հեղինակ Սոկրատ Մկրտչյանը համացանցից է իմացել վրիպակի մասին։ Մեղքի իր բաժինն, իհարկե, ընդունում է, բայց դա չէ ամենալուրջ խնդիրը, ասում է.

Դասագրքերը շատ են հանրային թեմա դարձել։ Մարդիկ կան, որ չիմանալով որոշ բաներ, քննադատում կամ գովաբանում են։ Հանրությունը պետք է ավելի տեղեկացված լինի, որ հեղինակների արածն էլ ճիշտ կարողանա գնահատել։ Միգուցե խնդիրներ կան, որոնք ավելի շատ արժե բարձաձայնել, քան օրինակ 6։1 հավասար է 8-ի։ Եթե անկեղծ ասեմ, էլի վրիպակներ կան։ Դրանց համար ես ներողություն եմ խնդրում, բայց այս փոքր վրիպումները բոլորովին ցանկալի չէ դարձնել երեխաների համար թեմա, մեծ թեմա։


Կրթության փորձագետ Սերոբ Խաչատրյանն, իհարկե, չի արդարացնում հեղինակին, թեև սեփական փորձից էլ գիտի, որ դասագիրք ստեղծելիս կարող են նաև վրիպակներ լինել։ Բայց կոնկրետ այս տարվա դասագրքերի շուրջ բարձրացած աղմուկի առաջին պատասխանատուն, ըստ նրա, նախարարությունն է։ Փորձագետը մեկ տարի առաջ էլ թերահավատորեն էր մոտենում դասագրքերի մրցույթին, և դրա համար բոլոր հիմքերն ունեցել է, ասում է։

Մենք լուրջ խնդիր ունեինք, որովհետև դասագրքերի պատրաստամանը հատկացված ժամանակը շատ կարճ էր։ Բոլոր հեղինակներն ու հրատարակչությունները «ոտքի վրա» են գրել դասագրքերը, ունեցել են շատ կարճ ժամանակ։ Անգամ ստիպված են եղել նախարարությանը խնդրել երեք անգամ հետաձգել մրցույթի ժամկետը։ Կարծում եմ՝ ամբողջ խնդիրը թաղված է այստեղ։  Բայց մյուս կողմից էլ դասագիրքն այն գործիքն է, որում անթույլատրելի են այդպիսի վրիպակները, որովհետև երեխան կարող է ոչ միայն սխալ բան տեսնել, այլև շատ անլուրջ վերաբերվել կրթությանը։

Մեղքի իրենց բաժինն ունեն նաև հանձնաժողովները, որոնք ընտրում են դասագիրքը, կարծում է փորձագետը։ Ըստ էության, նրանք էլ են անլուրջ մոտեցել պրոցեսին, ասում է․

Փաստորեն հանձնաժողովներն էլ կամ ժամանակ չեն ունեցել, կամ անլուրջ են վերաբերվել։ Ընդ որում՝ հանձնաժողովը մեկ կամ երկու հոգի չէ։  Լավ, միթե՞ այդ մի քանի հոգին չեն տեսնում սխալները։

Դասագրքում առկա վրիպակներին ԿԳՄՍ նախարարությունում արդեն ծանոթ են և էլեկտրոնային տարբերակում շտկել են։ Բայց թղթային այս տարբերակը դեռ երեք տարի էլ շրջանառվելու է դպրոցներում, «Ռադիոլուրի» հետ զրույցում հայտնեց նախարարության Հանրակրթական և արտադպրոցական հաստատությունների համակարգման բաժնի պետ Ստալ Սարդարյանը։

Ոչ միայն մաթեմատիկայի, այլև ընդհանրապես, բոլոր առարկաների դասագրքերում հնարավոր են տեխնիկական վրիպակներ։ Ի վերջո՝ նման պրոցես առաջին անգամ է իրականացվում։ Նաև ժամկետներն էին սուղ, և հնարավոր էին նման վրիպակներ։  Բայց արդեն իսկ դասագրքի էլեկտրոնային տարբերակում շտկումներն արված են։ Իսկ թղթային դասագրքում վրիպակի շտկում տեղի կունենա 3 տարի անց՝ վերահրատարակման ժամանակ։

Նախարարությունում ընդունում են՝ հանձնաժողովներն էլ իրենց մեղքի բաժինն ունեն, բայց դրա բացատրությունը նոր ձևաչափն էր և սուղ ժամանակը։

Քանի որ  պրոցեսը նոր էր, հնարավոր է՝ հանձնաժողովի աշխատանքում էլ բացեր նկատվեր։ Արդյունքում՝ մենք դասագրքերի ստեղծման կարգն ենք փոխել։ Այս տարի արդեն դասագրքերի փորձաքննությունը իրականացվելու է այլ կերպդասագրքերի փորձաքննությունն իրականացնելու են բուհերը։

Հաշվի առնելով առկա թերությունները, ոչ միայն փորձաքննության կարգն են փոխել, այլև նոր մրցույթն էլ ավելի շուտ են հայտարարել։  Հաղինակներն այժմ 6 ամիս ունեն, թեև դա էլ շատ քիչ է, ասում է կրթության փորձագետը։  Ցանկալի արդյունքի համար, կարծում է, արժե հիմա արդեն հայտարարել 2025 թվականի մրցույթը։

Back to top button