ԿարևորՏնտեսական

«Բարև»-ը հայերեն, ելույթները՝ ռուսերեն․ հայ-ղազախական կապերն ընդլայնվում են

Հաջորդ շաբաթ սպասվում է Ղազախստանի նախագահ Տոկաևի այցը Հայաստան։ Մինչ այդ Երևանում անցկացվում է  հայ-ղազախական գործարար համաժողով։ Ֆորումին մասնակցում են տնտեսության տարբեր ճյուղերը ներկայացնող ավելի քան 150 ներկայացուցիչներ: Հայաստանի տնտեսության զարգացման մեջ առանցքային դեր է խաղում գործարար և ներդրումային միջավայրի բարելավումը:

ՀՀ կառավարությունը նպատակ է դրել Հայաստանում ստեղծել վարչական կարգավորումների թափանցիկ միջավայր, հավասար մրցակցային պայմաններ, շուկայական ենթակառուցվածքների զարգացում՝ ընդգծել է Հայաստանի էկոնոմիկայի նախարարը: Գևորգ Պապոյանը ֆորումի մասնակիցներին ներկայացրել է նաև ՀՀ կառավարության «Խաղաղության խաչմերուկ» նախագիծն ու դրա սկզբունքները:

Հայաստանի ու Ղազախստանի միջև փոխգործակցության ներուժի մասին վկայում են վիճակագրական կոմիտեի տվյալները՝ փաստում է էկոնոմիկայի նախարարը։ Գևորգ Պապոյանն ընդգծում է․

«Հայաստանի և Ղազախստանի միջև ապրանքաշրջանառությունը 2023 թվականին կազմել է 104 մլն դոլար, որը 2,4 անգամ ավելի է, քան 2022 թվականին: Վստահ եմ, որ երկկողմ համագործակցության ակտիվացումը թույլ կտա զգալիորեն մեծացնել այդ ցուցանիշը»:

Հայաստանն ու Ղազախստանը ԵԱՏՄ անդամներ են։ Տնտեսական այդ միասնական կառույցը հնարավորություն է տալիս առևտրային կապերն ավելի զարգացնելու։ Վերջին տարիներին Հայաստանում գրանցվում է տնտեսական աճի բարձր ցուցանիշ, որը շարունակվում է նաև այս տարի: Հունվար-փետրվարին տնտեսական ակտիվության ցուցանիշը կազմել է 13,6 տոկոս, նշում է էկոնոմիկայի նախարարը։

«Ընդգծեմ՝ տնտեսության արդիականացման կառավարության ծրագիրը, որի շրջանակներում պետությունը լիզինգի վարկավորման տոկոսադրույքի սուբսիդավորման եղանակով հնարավորություն է տալիս ձեռնարկություններին արդիականացնել արտադրությունը՝ նպատակ ունենալով ավելացնել արտադրական հզորությունները և էլ ավելի մրցունակ դարձնել արտադրվող ապրանքները։

Այս ծրագրով 1846 ընկերություններ ձեռք են բերել մոտավորապես 228 մլրդ դրամի նոր սարքավորումներ»։

Ապրիլի 2-ին Հայաստանի ու Ղազախստանի փոխվարչապետների գլխավորությամբ կայացել է տնտեսական համագործակցության հարցերով միջկառավարական հանձնաժողովի 10-րդ նիստը։ Կողմերը պայմանավորվել են զարգացնել առևտրատնտեսական համագործակցությունը, խթանել փոխադարձ ներդրումները և ապահովել դրանց պաշտպանությունը, ամրապնդել ենթակառուցվածքային կապերը։

Երկու երկրների միջև համագործակցության ընդլայնման հնարավորություն է տեսնում նաև Ղազախստանի առևտրի և ինտեգրացիայի նախարար Արման Շաքքալիևը։ Նա պատմականէ համարում այս համաժողովը։

«Հավաքվել ենք, որպեսզի լսենք, թե համագործակցության խորացման ու երկկողմ տնտեսական հարաբերությւոնների խորացման ինչ հնարավորությունններ կան։ Հայաստանը մեզ համար վստահելի գործընկեր է»։

Ղազախ նախարարը կատակում է՝ վիճակագրական թվերը ավելի համեստ են, իրականում շրջանառությունն ավելի մեծ է։ Ավելացել են նաև երկու երկրների միջև ուղիղ ներդրումները։

«Մենք լավ ցուցանիշներ ունենք ալյումինի, ակումուլյատորների, հացահատիկի, բուսական յուղերի, հրուշակագործության համար անհրաժեշտ մթերքի արտահանման հարցում։ Թվերը տպավորիչ են հատկապես մեքենաների արտահանման ու ներմուծման ոլորտում։ Մեր հայ գործընկերները մեզ են օգնել, մենք էլ կարող ենք թարմացնել մեր ավտոպարկը»։

Հայկական կապիտալով բազմաթիվ ընկերություններ են աշխատում  Ղազախստանում։ Բացի այդ ավելի քան յոթ տասնյակ համատեղ ձեռնարկություններ կան։ Հեռանկարային է շինարարության ոլորտը։ Ղազախական շինարարական կազմակերպությունները հետաքրքրված են Հայաստանում ընթացող շինարարությամբ՝ ասում է Ղազախստանի առևտրի և ինտեգրացիայի նախարարը։ Նրա խոսքով՝ տրանսպորտի ու ենթակառուցվածքների ոլորտը նույնպես զարգացման ներուժ ունի։ Ղազախստանը փորձում է չինական շուկա դուրս գալ ու ղազախ նախարարը վստահ է, որ հայկական արտադրանքը, մասնավորապես կոնյակը, գինին, չինական շուկայում գտնեն իրենց գնորդին։ Թվայնացումը նույնպես օրակարգում է, այն նոր հնարավորություններ կտա երկու երկրների տնտեսությանը։ Բայց օրակարգում նաև երրորդ երկրներում առաջընթաց գրանցելու հարցերն են։

Back to top button