ԿարևորՀասարակությունՌեպորտաժներ

Միանգամից երկրորդ դասարան․ «պատիժ»  ծնողի՞, թե՞ աշակերտի համար

Սեպտեմբերի մեկին առաջին անգամ դպրոց գնացող 7 տարեկան երեխաները ստիպված կլինեն սովորել միանգամից 2-րդ դասարանում։ Թեև նախագծը դեռ չի ընդունվել,ԿԳՄՍ նախարարությունում կարծում են, որ հաջորդ տարվանից արդեն փոփոխությունը կգործի։  Նախարարությունը հաշվարկել է ու պարզել, որ ճիշտ չէ այդ կարգը տարածել այն երեխաների վրա, որոնց 6 տարեկանն արդեն լրացել է։ Ուստի նոր կարգը կգործի հաջորդ տարվանից, իսկ ծնողները ժամանակ կունենան հասկանալու՝ երբ տանեն երեխաներին դպրոց։  Մինչ այդ՝ վիճակագրությունն արդեն անհանգստացնող է. տարեկան 3000 երեխա դպրոց է հաճախում մեկ տարի ուշ։

«Հանրակրթության մասին» գործող օրենքով Հայաստանում երեխաները պետք է դպրոց հաճախեն 6 տարեկանից, մինչդեռ որոշ ծնողներ տարբեր պատճառներով  երեխաներին ավելի ուշ են տանում դպրոց։ Հաշվի առնելով մտահոգիչ վիճակագրությունը՝ ԿԳՄՍ նախարարությունը որոշել է վերանայել սահմանված կարգը և փոխել այն. այժմ երեխան որ տարիքում հաճախի դպրոց, այդ տարիքին համապատասխան դասարանում էլ սովորելու է՝ ասում է ԿԳՄՍ փոխնախարար Արաքսիա Սվաջյանը։

«Մեր վերլուծությունները ցույց են տվել, որ ամեն տարի առաջին դասարան գնացող երեխաների 10 տոկոսն իր տարիքում չի գնում դպրոց։  Բնականաբար, լինում են երեխաներ, որոնք օբյեկտիվ պատճառներով են ուշ գնում դպրոց, բայց դա չի կարող լինել 10 տոկոս»։

Առաջարկվող փոփոխությամբ՝ 7 տարեկանում առաջին անգամ դպրոց հաճախող երեխան հայտնվելու է միանգամից երկրորդ դասարանում։ Կրթության փորձագետ Սերոբ Խաչատրյանը մի կողմից այս նախաձեռնությունը ողջունում է, մյուս կողմից տարակուսում։

«Ես չեմ պաշտպանում այն ծնողներին, որոնք 7 տարեկանից են ուղարկում։ Աղջիկների դեպքում հիմնավորում են տարիքը, ասում են մեղք է, տղաների դեպքում էլ բանակը մեկ տարով հետաձգելն է։  Ստեղծված իրավիճակում ճիշտը 6 տարեկանից ուղարկելն է, որովհետև կարգն է այդպիսին։ Բայց այստեղ նախարարությունն էլ անելիք ունի՝ առաջին դասարանի ծրագիրն ավելի հետաքրքիր դարձնելու»։ 

«Հանրակրթության մասին» օրենքով երեխան առաջին դասարան կգնա, եթե 6 տարին լրացել կամ լրանալու է տվյալ օրացուցային տարում։ Որոշ ծնողներ կարծում են, թե իրենց երեխաները դեռ պատրաստ չեն դպրոցին, քանի որ դեռ փոքր են, դպրոցն էլ չի ապահովում անհրաժեշտ խաղային միջավայրը։ Նախարարությունում չեն հերքում՝ միջավայրն իսկապես շատ կարևոր է, հատկապես առաջին դասարանում, երբ երեխան առաջին անգամ է ոտք դնում դպրոց։

Դրա համար էլ նախարարությունը նախապատվությունը տալիս է դասասենյակի ավելի պրակտիկ ձևավորմանը, օրինակ՝  տեղաշարժվող, մեկտեղանի սեղաններին, որոնք հարմար կլինեն նաև խմբային աշխատանքի համար։ Ինչու չէ՝ նաև փափուկ անկյուններ կարող են լինել դասարանի մի անկյունում, որտեղ երեխաների համար ընթերցանության ժամը կարող է կազմակերպվել։ Արդեն ուսուցչի ցանկությունից ու ստեղծագործական մոտեցումից է կախված, թե ինչպես կկազմակերպվի կրթական միջավայրը։ Նախարարությունում միայն կողջունեն մանկավարժի այդ քայլը, առավել  ևս, երբ հանրակրթության պետական նոր չափորոշիչն ավելի ինտերակտիվ ուսուցում է նախատեսում, երեխաների ավելի մեծ մասնակցություն ու ակտիվություն։

«Փոքրիկները, որոնք դպրոց են գալիս, բոլոր հնարավորություններն ունեն ինտելեկտուալ առումով յուրացնելու այդ նյութը։ Միակ խնդիրը, որը հաճախ ծնողներին մտահոգում է՝ ծանրաբեռնվածությունն է, որ հոգնում են, դա էլ դպրոցները հուսով ենք ավելի ճիշտ կկազմակերպեն, նաև երեխաներին խաղալու հնարավորություն կընձեռեն»։

Այս ամենը կրթության փորձագետը բարձր է գնահատում, միայն թե նախարարությունը, ըստ նրա, լավ չի հաշվարկել այս փոփոխության հետևանքներն ու կողմնակի ազդեցությունը։

«Ենթադրենք՝ միանգամից որոշեցիք երկրորդ դասարան նստեցնել, ինչպես եք գործնականում պատկերացնում, որ երեխան միանգամից ուսումնասիրի երկու տարվա ծրագիր։ Այսինքն՝ ինքը միաժամանակ և Այբբենարան սովորի, գումարում, թվեր, զուգահեռաբար սովորի երկրորդ դասարանի ծրագիրը։ Անգամ եթե դուք այդ երեխային կցում եք օգնականներ, երկարօրյա դասապատրաստման եք թողնում, մինչ դուք առաջին դասարանի հ իմքերն եք դնում, 2-րդ դասարանի ծրագիրն առաջ է գնում։ Տպավորություն է, թե մենք ուզում ենք երեխային ավելի դաժան պատժել, քան իրեն պատժել էր ծնողը՝ մեկ տարի ուշ ուղարկելով»։

Մինչ փորձագետը դեռևս չընդունված որոշման խոցելի կողմերն է թվարկում, նախարարությունը նոր փոփոխություն է նախանշում։ Արդեն դիմել են առողջապահության նախարարությանը, որպեսզի միասին վերանայեն աշակերտի ուսումնական օրվա, դասաժամի ստանդարտները։ Գործող ստանդարտներն արդեն հնացած են և ժամանակակից պահանջներին չեն համապատասխանում, նորով հաշվի կառնվեն թե դասացուցակը, թե դասերի տևողությունը։ Այս բոլոր փոփոխությունները կարվեն առողջապահության գերատեսչության հետ համատեղ աշխատանքների արդյունքում, իսկ նոր չափորոշիչները, որոնցով առաջին դասարան կգնան միայն 6 տարեկան երեխաները, կներդրվեն արդեն 2025-26 ուս տարում։

«Մեր  վերլուծությունները ցույց տվեցին, որ ավելի քան 3000 երեխաներ 6 տարեկանից մեծ են և անցյալ տարի չեն գնացել դպրոց։ Հետևաբար այդ ընտանիքները ճեն իմացել այս փոփոխության մասին։ Իսկ մենք չենք կարող իրենց փաստի առաջ կանգնեցնել։ 2024-25 ուսումնական տարում կգրոծի գործող կարգը, հաջորդ տարվանից հուսով ենք հարցը կկարգավորվի»։

Ըստ փոխնախարարի՝ ծնողները դեռ ժամանակ ունեն մտածելու՝ այս տարի՞ իրենց 6 տարեկան երեխաներին  տանել 1-ին դասարան, թե՞ մյուս տարի միանգամից  2-րդ դասարան։

Կարդացեք նաև

Back to top button