
Պաշտոնական Մոսկվան սկսել է ավելի սուր արձագանքել և կոշտ գնահատել Հայաստանի քայլերը արտաքին անվտանգային ուղղությամբ։ Նախօրեին ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան Ռուսաստանի և ՀԱՊԿ-ի մասին ՀՀ հայտարարությունները «սուտ» է որակել։ Հայաստանի իշխանության ներկայացուցիչներից արձագանքել են, որ նման տոնայնությամբ փոխադարձ «ստերի» բազմաթիվ օրինակներ կարող են ներկայացնել։
Հայաստանի ներսում միանշանակ չի ընկալվում ստեղծված իրավիճակը․ եթե հանրության մի հատվածը ոգևորված է ՆԱՏՕ–ի հետ հնարավոր նոր համագործակցությունից, մյուս հատվածը խոսում է իրական վտանգների մասին, որոնց կարող է հանգեցնել այդ փոփոխությունը։
Մեղադրանքների փոխանակման նոր փուլ է սկսվել Երևանի և Մոսկվայի միջև։ Կողմերը միմյանց բացահայտ մեղադրում են կեղծիքի մեջ։ Մինչ այս պահը եղած հռետորաբանությունը նախօրեին է՛լ ավելի սրեց ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։ «Զվեզդա» հեռուստաալիքի եթերում նա «սուտ» համարեց Երևանի բոլոր այն հայտարարությունները, որ Մոսկվան և ՀԱՊԿ-ը չեն օգնել Հայաստանին իրավիճակի սրման ժամանակ։
Զախարովային հակադարձելով, ԱԺ Պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի փոխնախագահ Արմեն Խաչատրայնը կարողացավ հիշել Հայաստանի հանդեպ էսկալացիայի պահին միայն երկկողմ և հավասար հայտարարությունները կրակի դադարեցման հորդոներով։

«Այն դեպքում, որ մենք հազիվ պաշտպանվում էինք, իսկ նրանք առաջ էին գալիս։ Վերջում էլ ասացին՝ մենք տեղյակ չենք՝ ով է ում վրա հարձակվել և որ տարածքում են պատերազմական գործողությունները գնացել։ Տեղյակ չեն Ջերմուկը, Գորիսը ո՞ր տարածքում է։ Տեսե՞լ եք, որ օգնեն, հա՞, կարո՞ղ եք ասել՝ երբ են օգնել։ Եվ եթե ասում է «ստել», ուրեմն այնքան այդպիսի ստի օրինակներ կասեմ, ուղղակի չեմ ուզում ընկնել դրա հետևից»։
Զախարովան Մոսկվայից փորձում է դիմել նաև հայ ժողովրդին, այլ երկրների օրինակով ներկայացնելով, թե ինչպես է Արևմուտքը «լքել» նրանց։ Նա պնդում է, որ «արևմտյան կուրատորները ցանկանում են, որ Հայաստանը կորցնի իր սուվերենությունը»։ Սրան ի պատասխան, ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի փոխնախագահը նշում է՝ Հայաստանը երբևէ այսքան բարձր սուբյեկտայնություն չի ունեցել, որքան այս պահի դրությամբ։ Երբ Հայաստանի հետ հաշվի են նստում և՛ Արևմուտքը, և՛ ԱՄՆ-ն, շատ ու շատ ռազմավարական հարցեր են քննարկում։
«Այն ժամանակ, այո, Մարիա Զախարովայի երկրում էին որոշում շատ հարցերը՝ Հայաստանը որտեղ գնա և այլն, և այլն։ Հայաստանը բազմաշերտ է սարքում իր անվտանգային համակարգը և ամեն ինչ անելու է, որպեսզի անվտանգային համակարգը բավարարի այսօրվա պահանջներին։ Դա հիմա ում է դուր գալիս, ում դուր չի գալիս, դա էական չէ։ Մենք գնալու ենք մեր ճանապարհով։ Ցավոք սրտի, մենք տեսել ենք այն անվտանգային համակարգը, որը ունեցել ենք։ Փաստորեն, դա անվտանգային համակարգ չի եղել, դա թղթի վրա գրած պայմաններ, պարտավորություններ են եղել, որոնք ի կատար չեն ածվել։ Այն անվտանգային համակարգի չգործելու հետևանքով այսօր Ադրբեջանը 150 քառակուսի կիլոմետր տարածք է օկուպացրել և այլն։ Մենք այլևս անհիմն վստահելու կամ անհիմն հավատալու իրավունք չունենք և մենք գործնական քայլերի ենք դիմել բոլոր ուղղություններով՝ և՛ դիվանագիտական, և՛ քաղաքական, և՛ պաշտպանական»։
Հայաստանը, սակայն, դեռ չի շտապում հայտարարություններ անել ՀԱՊԿ-ից դուրս գալու և ՆԱՏՕ-ին անդամակցելու մասին։ Ընդհակառակը՝ Երևանը բազմիցս հայտարարել է, որ նպատակ չունի անդամակցելու ՆԱՏՕ-ին։ Մինչդեռ դա չի խանգարում պաշտոնական Մոսկցային սրելու հռետորաբանությունը։
Եթե մինչ այս պահը Կրեմլը հավաքական Արևմուտքին էր մեղադրում Հայաստան-Ռուսաստան-ՀԱՊԿ հարաբերությունները փչացնելու մեջ, ապա այս անգամ արդեն Զախարովան հստակ ձևակերպեց՝ «Երևանը Ղարաբաղի հարցում որոշումներ է կայացրել ՆԱՏՕ-ի ազդեցության տակ»։
Սա արդեն որոշակի ազդակ է համարվում Մոսկվայից, որը հենց ՆԱՏՕ-ն է «կարմիր գիծ» համարում իր սահմանների կողքին։ Այդպես եղավ նաև Ուկրաինայի հետ։ Հայաստանի հատուկ հանձնարարություններով նախկին դեսպան Էդմոն Մարուքյանը այս պայմաններում Հայաստանի համար խիստ վտանգավոր է համարում ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի՝ Երևանում արված հայտարարությունները․

«Հայաստանում Հայաստանի վարչապետը կողը կանգնած պրովոկացիա է անում ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը, հայտարարելով, որ Պուտինը չպետք է հաղթի պատերազմում։ Եղբա՛յր, Հայաստանի տարածքում նման հայտարարություն որ ի՞նչ ես անում, որ նոր թշնամիներ ձեռք բերե՞նք Հայաստանի համար։ Հայաստանի մարտահրավերները այնպիսին են, որ Հայաստանը միայնակ է դրանք հաղթահարում դուք ի՞նչ եք անում դրա համար։ Վրաստանը որոշեց, դարձե՞լ է ՆԱՏՕ-ի անդամ, Ուկրաինան որոշել է, դարձե՞լ է ՆԱՏՕ-ի անդամ։ Բացի այդ երկրներին գցել պատերազմի մեջ, ուրիշ ի՞նչ է տեղի ունեցել այդ ամբողջ ընթացքում։ Մի հատ ադեկվատ հարց տվեք՝ այդ մարդը Բաքվից էր եկել, Ալիևին ասե՞լ է, որ չի կարող լինել միակողմանի սահմանազատում, Էրդողանին ասո՞ւմ է՝ սահմանը բացի, այս երկիրը շնչի։ Այն, ինչ Հայաստանը պետք է ստանա Արևմուտքից չի ստանում, դրա փոխարեն ստանում է պրովոկացիա, նոր մարտահրավերներ, նոր խնդիրներ, նոր պրոբլեմներ»։
Ռուսաստանի և Արևմուտքի արանքում, հնարավոր ռիսկերի պայմաններում անգամ, Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը իր հերթին պնդում է, որ Ռուսաստանի հետ հարաբերություններում Հայաստանը ոչ մի սխալ չի արել։

«Մեր գործընկերները չեն կարող ցույց տալ մի տեղ, ասել, որ դուք այստեղ ինչ-որ այս պարտավորությունը ունեիք և այդ պարտավորությունը չեք կատարել։ Մենք կարող ենք ցույց տալ և ցույց ենք տալիս։ Լեգիտիմ հարցեր ենք բարձրացնում և ակնկալում ենք այդ լեգիտիմ հարցերի բովանդակային պատասխան»։
Հայաստանի վարչապետը պնդում է՝ քանի պատասխանները բովանդակային չեն, ուրիշ ինչ էլ ասվի, դա հարցը չի լուծելու։ Վերլուծաբանները հավանական են համարում, որ Հայաստանը այս փուլում ոչ թե ձգտում է այնվտանգային այս կամ այն կառույցին անդամակցել, այլ պարզապես ցանկանում է ոչ բլոկային պետություն դառնալ։




