
Իրան-Հայաստան բարձրավոլտ էլեկտրացանցի կառուցում, դեպի Վրաստան բարձր լարման էլեկտրահաղորդման գիծ ու ոչ միայն․ եթե խոստացված ծրագրերը կյանքի կոչվեն, Հայաստանը կկարողանա վերագտնել իր կարևոր դերը էներգետիկայի ոլորտում։
Կարևորությունը կա, բայց փորձագիտական դաշտում կարծում են, որ Հայաստանի դերը նվազում է։ Ծրագրերի իրագործումն է դանդաղում։ Տասը տարուց ավելի սկսված Իրան-Հայաստան բարձրավոլտի կառուցման ավարտը չի երևում։ Ժամկետները անընդհատ փոխվում են։
Հայաստանը տարածաշրջանում միակ երկիրն է, որն ունի հարմոնիկ եռաբաղադրիչ էներգահամակարգ՝ հավասարապես ներկայացված է հիմնական երեք ուղղություններով՝ ատոմային, հիդրո և ջերմային էներգետիկա։ Բացի այդ տարածաշրջանում Հայաստանը միակն է, որն ունի էներգետիկ ավելցուկ, ասում է Հայաստանի էներգետիկ նախաձեռնության համահիմնադիր, էներգետիկ անվտանգության փորձագետ Արթուր Ավետիսյանը «Ռադիոլուրի» հետ զրույցում․
«Սա գլխավոր առավելություններից մեկն է։ Բացի այդ, Հայաստանը տարածաշրջանի միակ երկիրն է, որտեղ զարգանում են վերականգնվող էներգիայի աղբյուրները՝ մասնավորապես արևային էներգետիկան, որը, սակայն, այն արագությամբ չի զարգանում, որը սահմանված է ռազմավարության մեջ։ Բայց էներգետիկ բալանսում որոշակի իր չափաբաժինն ունի»։
Վերջին 7-8 տարիներին, իսկ 2021թ.-ից վերականգնվող էներգետիկայի զարգացմանն ուղղված ավելի ակտիվ քաղաքականության շնորհիվ էլեկտրաէներգիայի արտադրության հաշվեկշռում պատկերը փոխվել է հօգուտ «կանաչ էներգիայի» աղբյուրների՝ ասում է փորձագետն ու բացատրում․ սա ունի ինչպես դրական, այնպես էլ բացասական բաղադրիչ։
Նրա խոսքով՝ դրական է, որովհետև հնարավորություն է ընձեռվում ավելի շատ օգտագործել սեփական ռեսուրսները, ինչը շատ կարևոր է Հայաստանի էներգետիկ համակարգի դիվեսիֆիկացման տեսակետից: ՀՀ-ն ունի արևային էներգիայի հսկայական պոտենցիալ: Բայց պետք է զգույշ լինել, ասում է փորձագետը․
«Մեկ ուղղության զարգացումը ի հաշիվ մյուսի կարող է լուրջ խնդիրների բերել՝ ընդհուպ մինչև էներգետիկ համակարգում ցնցումների։ Առավել ևս՝ ի հաշիվ համակարգային կայանների, օրինակ, ատոմակայանի կամ հզոր հիդրոկայանների»։
Էներգետիկ համակարգի հարմոնիկությունը կարևոր նշանակություն ունի։ Բայց Հայաստանի դերը տարածաշրջանում նվազում է։ Բացատրություն կա՝ պետք է համակարգերը ժամանակին համահունչ զարգացնել։ Հզորությունը անհրաժեշտ, բայց ոչ բավարար պայման է, պետք է ունենալ նաև զարգացած ենթակառուցվածքներ։ Եվ առկա ներուժը իրացնելու, և ապագա նոր հզորությունների կառուցման պոտենցիալը իրացնելու համար անհրաժեշտ է ավարտել Հայաստան-Իրան երրորդ էլեկտրահաղորդման գծի կառուցումը, ինչպես նաև սկսել դեպի Վրաստան բարձր լարման էլեկտարհաղորդման գծի կառուցումը։
Այս ծրագրերը հնարավորություն կտան ընդլայնելու դեպի ՌԴ և ԵՄ երկրներ առաքվող հզորությունները։ Իրան-Հայաստան բարձրավոլտ էլեկտրագծի կառուցման աշխատանքներից գոհ չէ նաև ՏԿԵ փոխնախարար Հակոբ Վարդանյանը։ Պաշտոնյան ասում է՝ աշխատանքները դանդաղ են առաջ գնում․ աշխատանքների 70 տոկոսից ավելին կատարված է, և տեսականորեն հնարավոր է մեկ տարում ավարտել շինարարությունը։ Հակոբ Վարդանյանը ընդգծում է՝ ծրագրի համար Իրանից հրավիրված էներգետիկ մասնագետների ու շինարարների մեծ մասը 44-օրյա պատերազմից հետո Իրան էր վերադարձել։
«Մինչև 2018 թվականի փետրվար-մարտ ամիսների վերակնքումները կատարվել էր աշխատանքների ընդհանուր ծավալի 1-2 տոկոսը: Իրականում 2018 թվականի փետրվար-մարտ ամիսներից է լայն թափով սկսվել կառուցումը»։
Իրան-Հայաստան բարձրավոլտը պետք է շաագործվեր դեռ 2019-ի վերջին, սակայն ժամկետերը չեն պահպանվել, քանի որ 2017-ի փետրվարին շինարարությունը կասեցվել էր՝ նոր, ավելի մատչելի տարբերակով շարունակելու հիմնավորմամբ։ Այս ծրագիրը կյանքի կոչելու դեպքում էականորեն կամրապնդվի Հայաստանի էներգետիկ վարկանիշը։ Հայաստանն իր կարևորությունը կարող է վերագտնել միանշանակ էներգետիկ ոլորտով՝ ասում է Արթւոր Ավետիսյանն ու նշում, որ այն կարող է ապահովել նաև երկրի տնտեսական անվտանգությունն ընդհանրապես։ Ատոմային էներգետիկայի զարգացումը պետք է շարունկվի՝ ասում է մասնագետն ու նշում Մեղրի ու Շնող ՀԷԿ-երի կառուցման մասին։ Իհարկե արևային էներգետիկայի լուրջ զարգացումը նույնպես պետք է շարունակվի։




