ԿարևորՀասարակությունՌեպորտաժներ

Ոսկեպար տանող ճանապարհը տարավ ոստիկանություն․ պայթած նռնակի, չգտնված զենքի ու պատից կախված հրացանի մասին

«Մարտական եղբայրություն» միաբանության անդամների կիրակնօրյա պլանները ոչ թե Երևանում ահաբեկչություն կազմակերպելու վերաբերյալ իրենց հասցեագրված մեղադրանքները հերքելու, այլ սահմանամերձ Ոսկեպարի բնակիչներին մարզելու մասին էին։ Բայց նրանց մի մասը Տավուշի մարզ չհասավ։ 49 մարդ բերման ենթարկվեց՝ ապօրինի զենք-զինամթերք ունենալու կասկածով։ Միաբանության անդամ Մասիս Շիրոյանը «Ռադիոլուր»-ին պատմել է տեղի ունեցածի մասին․ ասում է՝ այդ տարածք չգնալու մասին բանավոր հորդորներ միաբանությունը ամիսներ առաջ է ստացել։

«Մենք ասում ենք՝ դուք արգելելու եք, մենք մտնելու ենք, գրավոր ներկայացրեք՝ ինչու չենք կարող մտնել, մենք էլ չենք մտնի։ Ամսի 21-ն էր կարծեմ՝ հինգշաբթի օր էր, էլի գնացինք Նոյեմբերյան՝ Բաղանիս, Ոսկեպար։ Մեր հետ փորձեց կապ հաստատի Տավուշի մարզի ոստիկանության վարչության պետը։ Ինքն էլ ասեց, որ եթե պետությունը գտնում է, որ էդ տարածքները պետք է հանձնվեն, ուրեմն պետության շահն է։ Դրանից հետո փոխոստիկանապետը փորձեց մեր հետ կապի դուրս գալ, մեր ընկեր Հրանտ Տեր-Աբրահամյանին հրավիրեցին ոստիկանություն ու արդեն շատ չոր դրեցին հարցը, որ ամեն ինչ անելու են, որ չգնանք Ոսկեպար, առհասարակ՝ Նոյեմբերյան համայնք, ու առավոտյան ոստիկանական բաժանմունքները լցված են լինելու մեր անդամներով»։

Ներքին գործերի նախարարությունից այս տեղեկատվության իսկությունն ու այդ դեպքում նաև Ոսկեպար գնալու արգելքի հիմքերը պարզել չհաջողվեց։ Կիրակի ՆԳՆ խոսնակ Նարեկ Սարգսյանը հայտնել էր, որ «Մարտական եղբայրության» անդամներն ազատ են արձակվել։ Դա տեղի է ունեցել ձերբակալումներից 6 ժամ անց, երբ պարզ է դարձել, որ նրանց մոտ ոչ միայն անօրինական, այլ, առհասարակ, որևէ զենք չի եղել։ Մասիս Շիրոյանի կարծիքով՝ սա դեպի Տավուշ տանող ճանապարհը փակելու փորձ էր․

«Մենք ինչ անում ենք՝ անում ենք պահելով ՀՀ օրենքը, Սահամանադրությունը, սահամանադրական կարգը, ոչինչ չենք խախտում։ Դա արվեց, որ չհասնենք Վերին Ոսկեպար ու ինչքան հանրավոր էր պահել, էդքան պահել են։ Իրենք չեն մտածում, որ եթե մեզ բռնում են, պրոցեսը չի կանգնում․ թե՛ տեղացիները, թե՛ մեր մյուսը ընկերները գնալու են, կատարելու են էն ամենը, ինչ պլանավորված է մեր կողմից։ Իրենք փորձում են գաղափարի հետ կռիվ տալ․ անձերին փակելով գաղափարի դեմ կռիվ չեն տալիս»։

«Մարտական եղբայրությունը» Տավուշում սկսել է մարզումներ իրականացնել անցած տարվա մայիսից։ Ամռանն արդեն «Ազատազէնի» հետ նախաձեռնել են Վերին Ոսկեպարի հրաձգարանի կառուցումը՝ վստահ, որ սահմանապահ համայքների բնակիչները պիտի կարողանան ինքնապաշտպանվել։ Կես տարի մարզումներն անխոչընդոտ իրականցնելուց հետո, ըստ իրենց, դրանք դադարեցնելու բանավոր պահանջներ են ստացել։

Զենքի հետ վարվելու դասեր՝ զինաթափման վտանգի տակ. հրաձգարանները պայքարում են գոյություն ունենալու համար

Զինվող և զինվել հորդորող, զենքի հետ վարվել սովորեցնող խմբի՝ զենքը ներս՝ հայրենքի կողմ չուղղելու մասին հայտարարությունները չեն օգնում, որ այն հանրային, սոցցանցային խոսքում վտանգավոր չորակվի։ ԱԺ Պաշտպանության և անվտանգության հարցերի հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը, օրինակ, կարծում է, որ տներում առկա զինամթերքը վտանգավոր է։

«ՀՀ–ում որևէ զինված ապօրինի խմբավորում չի կարող լինի, թաքնված զենք չի կարող լինի, քանի որ պատից կախված հրացանը մի օր կրակում է։ Այդ կրակոցները չեն կարող մեր երկրում լինել, մենք ունենք բազմաթիվ անվտանգային խնդիրներ և մենք պետք է ամուր զգանք մեր երկրի ներսում։ Մտնել, պահանջներ դնել պետության առաջ դա չի հանդուրժի որևէ երկիր, և ես համոզված եմ, որ բոլորն իրենց մաշկի վրա զգացին, որ պետք է սթափվեն»։

Անդրանիկ Քոչարյանի այս խոսքը երեկ ՆԳՆ ոստիկանության Նոր Նորքի բաժանմունքում տեղի ունեցած պայթյունի մասին է, որը մի շարք լրատվամիջոցներ վերագրեցին «Մարտական եղբայրությանը»։

Զինված երեք անձ մոտեցել է բաժանմունքի բաց պատուհանին ու սպառնացել ձեռքի նռնակներով պայթեցնել հերթապահ մասը։ Նռնակն իսկապես նետվել է, պայթել, սակայն վնասել է հենց սպառնացողներից 2-ին։ Նրանք ոտքերի շրջանում վնասվածքներ են ստացել և տեղափոխվել բժշկական կենտրոն, իսկ երրորդ անձը՝ նռնակները ձեռքին պահած, շարունակել է սպառնալ, որ կպայթեցնի շենքը։ Քնչական կոմիտեն ավելի ուշ հայտնեց, որ քրեական վարույթ է հարուցվել ահաբեկչության հատկանիշներով։

«Մարտական եղբայրության» անդամ Հրանտ Տեր-Աբրահամյանը արձագանքում է  կատարվածում միաբանությանը մեղադրելու փորձերին․

«Դա լկտիագույն սուտ է, որովհետև մեր կազմակերպությունը երբեք որևէ անօրինական քայլի չի պատրաստվում դիմել, առավել ևս՝ Երևանի մեջ որևէ զինված գործողության, դա ուղղակի ամբողջ մեր արժեքային համակարգին կտրականպես դեմ է»։

Ավելի ուշ պարզ է դարձել, որ ոստիկական բաժին ներխուժած անձինք Ազգային-ժողովրդավարական Բևեռի աջակից և գաղափարակիցներն են: «Մարտական եղբայրությունը» պատրաստվում է հերքում պահանջել՝ մինչևիսկ դատական ճանապարհով։ Ասում են՝ ավելին՝ Տավուշում մարզումները ևս շարունակելու են։ Դա, ասում են, տեղի է ունենալու առնվազն այնքան ժամանակ, քանի դեռ չեն ստացել Ոսկեպար գնալն արգելող օրինական հիմնավորում։

Back to top button