ԿարևորՀասարակությունՌեպորտաժներ

Զենքի հետ վարվելու դասեր՝ զինաթափման վտանգի տակ. հրաձգարանները պայքարում են գոյություն ունենալու համար

«Ազատազէն»-ը պատրաստվում է անել օրինական ամեն բան, որ տավուշցիները կրակել կարողանան։ Կառույցը սա մեկ անգամ արդեն արել է։ 2023-ին բոլոր պատասխանատուների համաձայնությամբ Վերին Ոսկեպարում բացել են Տավուշի մարզի առաջին ու միակ հրաձգարանը՝ ցանկացողներին զենքի հետ վարվել, կրակել, պաշտպանվել սովորեցրելու համար՝ պատմում է «Ազատազէն»-ի խորհրդի անդամ Իշխան Գևորգյանը։ Բայց հանգստյան օրերին տեղի ունեցած դեպքերը ստիպել են վերադառնալ մեկնարկային կետին, այն է՝ մարզը չունի շահագործվող հրաձգարան, պետք է անել ամեն ինչ, որ ունենա։

Զենքով հրաձգարան գնալը տրամաբանական է, օրինական չէ

Հարցն այն է, որ մարտի 3-ին «Մարտական եղբայրություն» միաբանության 2 անդամներ փորձել են այցելել «Մարտական եղբայրության» և «Ազատազէն»-ի կողմից համատեղ կառուցված կրակային պարապմունքների տարածք, սական բերման են ենթարկվել։ Նույն օրը «Ազատազէն»-ից հայտնեցին՝ տարեսկզբին պատկան մարմիններից ստացել են հրաձգարանը չշահագործելու ազդակներ՝ չնայած Նոյեմբերյանի համայնքապետարանի և «Մարտական եղբայրության» կնքած համագործակցության հուշագրին:

«Ամենասկզբից գամ․ «Մարտական եղբայրության» տղաները 23-ի ամռանը «Ազատազէն»-ին առաջարկեցին միասին հրաձգարան կառուցել․ մենք Տավուշում մարդ ենք մարզում, ուզում ենք հրաձգությունը ապահով անենք, դուք էլ դրա մեջ լավ փորձ ունեք, կգա՞ք միասին հրաձգարան կառուցենք։ Համաձայնեցինք, քանի որ մեր ռազմավարության մեջ մտնում էր ամեն մարզում հրաձգարան կառուցելը։ Նոյեմբերյանի համայնքապետին տեսանք, պայմանավորվեցինք, որ հողը կընտրենք, կասենք, եթե թույլատրի՝ կկառուցենք։ Համաձայանություն ստացանք։ Ասացինք նաև մյուս պատկան մարմիներին, որոնց հետ կարող էինք խնդիր ունենալ, այն կառուցներին, որոնք պետք է կրակոցի ձայնի վրա գային։ Բոլորին տեղեկացնելուց հետո սկսեցինք մարդ մարզել»,- պատմում է Իշխան Գևորգյանը։

6 ամիս Ոսկեպարի, հարակից գյուղերի, անգամ Նոյեմբերյանի, Վանաձորի և այլ քաղաքների բնակիչներին անխոչընդոտ մարզելուց հետո տեղեկացան, որ մարզումները շարունակելն այլևս նպատակահարմար չէ։ Դրանք բացառող բանավոր ազդակների եզրահանգումը եղավ հրաձգարան այցելել փորձողների բերման ենթարկումը, որոնք ժամեր անց ազատ արձկվեցին։ Բերման ենթարկելու հիմքերի մասին «Ռադիոլուր»-ին պատմել է Ներքին գործերի նախարարի մամուլի խոսնակ Նարեկ Սարգսյանը․

«Նշված վայրում գտնվող անձանցից մեկի մոտ եղել է զենք, ինչի հետ կապված նրանց են մոտեցել ոստիկաններ, նրանց հրավիրել են ոստիկանության բաժին և ստուգվել է զենքի օրինականությունը»։

Թվում է՝ զենքի օրինական լինելն ապացուցելուց հետո մարզումները կարող էին շարունակվել՝ առանց հրաձգարան ունենալու թույլտվություն ստանալու ճանապարհը նորից անցնելու։ ՆԳՆ-ի պատասխանն այս դեպքում ավելի հակիրճ է․

«Նշված հրաձգարանն անօրինական է և չունի համապատասխան թույլտվություն»։

Հրաձգարանում կրակել թույլ չտալը տրամաբանական չէ, օրինական է

Պարզվում է՝ Հայաստանում գործող բոլոր չլիցենզավորված հրագարանների գոյությունը միայն բարի կամքի դրսևորում է և ցանկացած պահի դրանք կարող են էլ չլինել։ Հիշեցնենք՝ այժմ ամբողջ երկրում միայն 2 լիցենզավորված հրաձգարան կա, որոնցից մեկը՝ «Ազատազէն»-ը, այդ լիցենզիան ստացել է դատական ճանապարհով։

«Խնդիրն այն է, որ բացի լիցենզավորված հրաձգարաններից, եթե ուրիշ տեղ քո զենքը տալիս ես ուրիշին, կարող են քեզ վարչական տույժի ենթարկել, երկրորդ անգամ կրկնվելու դեպքում՝ անգամ զինաթափել։ Ու եթե չունենանք համաձայնություններ մարզային, տեղական իշխանությունների հետ, ուղղակի չենք կարողանալու մարդ մարզել, ունենալու ենք զինաթափվելու ռիսկ։ Այդ խնդիրն էլ գալիս է նրանից, որ ռազմամարզականների օրենքը այդպես էլ չընդունվեց։ Ստիպված պետք է ճանապարհներ ման գանք՝ ոնց ենք այդ տարածքը օրինականացնելու կամ ոնց ենք լեզու գտնելու խանգարողների հետ, որ վերսկսենք։ Առաջին դեմքի մակադակով ասված է, որ պատերազմի ռիսկը մեծ է, մենք էլ ուզում ենք պատրաստ լինել յուրաքանչյուր տեսակի սրացմանը, ուզում ենք նաև շանս տալ մեր մարզերի քույրերին ու եղբայրներին (իսկ Տավուշում հիմնականում սահամանամերձ համայքներից էին գալիս), որ իրենք իրենց կրակոցի ձայնից չվախենան»։

Իշխան Գևորգյանի խոսքով՝ այս հարցը մնացել է, այսպես ասած, գորշ գոտում։ Բոլոր նրանք, ովքեր ուզում են մարդկանց մարզել, պատրաստել հնարավոր սրացումներին, անում են դա՝ զինաթափման վտանգն աչքի առաջ ունենալով, պատասխանատուների հետ լեզու գտնելով, գործի կարևորության մասին համոզելով, որ գորշ գոտին ավելի գորշ չդառնա։

6 ամիս անց կրակել թույլ չտալը ոչ տարամաբանական է, ոչ օրինական

Իշխան Գևորգյանը խնդրահարույց է համարում հրաձգարանի շահագործումից հետո այդ գործի անհնարին դառնալը։ Արգելքի հնարավոր խնդիրներից առաջինին՝ սահմանամերձ տարածքում կրակային մարզումներ իրականացնելու վտանգին, արձագանքում է՝ հրաձգարանը ոչ թե սահմանամերձ է, այլ սահմանամերձ գյուղերի բնակիչների համար։

«Խորքում է գտնվում, ու 6 ամիս մարզումների ժամանակ ոչ մի խնդիր չի եղել, բայց հրաձգարանին հարևան գյուղը՝ Ոսկեպարը, սահմանամերձ է։ Գյուղում աշխարհազորի համար զենքեր կային, մարդիկ գիտեին, որ գյուղում X քանակի զենք կա, ու երբ խնդիր լինի, իրենք կարող են արագ գնալ, զինվել։ Բայց զինվողների մեծամասնությունը կիրառելու հմտություն չուներ։ 6 ամսվա ընթացքում մենք մարզումների շնորհիվ բավականին լավ արդյունքներ ենք ցույց տվել թե՛ մեծահասակաների, թե՛ բարձր դասարանի աշակերտների մասով։ Մի քանի հարյուր մարդ է մարզվել, մարդիկ են եղել, ովքեր 10-ից ավել անգամ են եկել ու բավականին հմտացել են»։

Նկարը՝ «Մարտական եղբայրություն» միության ֆեյսբուքյան էջից

Երկրորդ հավանական արգելքը ևս հրաձգարանի գտնվելու վայրով է պայմանավորված։ Կա տեսակետ, որ Վերին Ոսկեպարը խնդրահարույց է իր, այսպես կոչված, անկլավային կարգավիճակով։ Սակայն Իշխան Գևորգյանի համար սա ևս տարօրինակ է, քանի որ տարածքը ընտրելիս տեղական իշխանությունների կողմից որևէ արգելք չի եղել․

«Երբ Երևանի հաձգարանը գտել էինք, քննարկվում էր՝ տակով գազ է անցնո՞ւմ, թե՞ ոչ, ավելի հեռվում թունավոր թափոնների գերզման կա՞, թե՞ ոչ։ Եթե ինչ-որ խնդիր է լինում հողի հետ, տեղի մարմինները իմանաում են։ Եթե Երևանի հրաձգարանը 2 կմ վերև լիներ, չէինք կարողանա բացել։ Այստեղ էլ եթե այդ խնդիրները լինեին, մեզ կասեին՝ մի արեք»։

«Ազազատազէն»-ը քաղաքական և ռազմական հարցեր լուծելու՝ պետության դերը ստանձնելու ոչ մի հավակնություն չունի՝ հիշեցնում է Իշխան Գևորգյանը։ Տարածքի ընտրության մեջ՝ որևէ դիտավորություն, մարդկանց մարզելու ցանկության մեջ որևէ տարօրինակ բան չկա։
Ասում է՝ պարզապես պատերազմ է, պետք է պատրաստ լինել։

Դա անելու հնարավորության համար «Ազատազէն»-ը պատրաստվում է անել օրինական ամեն բան, որ տավուշցիները կրակել կարողանան։
Ճիշտ այնպես, ինչպես մեկ անգամ արդեն արել է։

Back to top button