ԿարևորՌեպորտաժներՔաղաքական

Հուսով եմ՝ Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագիր կստորագրվի․ Իրակլի Կոբախիձե

Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն հայտարարել է, որ առանց վերապահումների աջակցում է Հայաստանի Հանրապետության տարածքային ամբողջականությանը։ Այս մասին Իրակլի Կոբախիձեն ասել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպումից հետո մամուլի համար արված համատեղ հայտարարության ժամանակ։ Կոբախիձեն և Փաշինյանը նախ երկկողմ, ապա ընդլայնված կազմով բանակցություններ են ունեցել։ Վրաստանի վարչապետը կհանդիպի նաև Հայաստանի նախագահ Վահագն Խաչատրյանի հետ։

Երկկողմ համագործակցությունից մինչև տարածաշրջանային զարգացումներն են եղել Հայաստանի և Վրաստանի վարչապետների բանակցությունների օրակարգում։ Վրաստանի վարչապետի պաշտոնը ստանձնելու առիթով Նիկոլ Փաշինյանը շնորհավորել է Իրակլի Կոբախիձեին, վստահություն հայտնել, որ նա լուրջ ներդրում կունենա Հայաստանի և Վրաստանի հարաբերությունների խորացման գործում։ Հունվարին Թբիլիսում Հայաստանի և Վրաստանի միջև տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի 13-րդ նիստի շրջանակում երկու երկրների միջև Ռազմավարական համագործակցության մասին համատեղ հռչակագիր էր ստորագրվել։ Ըստ Փաշինյանի՝ այն հավակնոտ հեռանկար է ուրվագծում բոլոր բնագավառներն ընդգրկող երկկողմ հարաբերությունների հետագա զարգացման համար։

«Այսօր գործընկերոջս հետ առիթ ենք ունեցել քննարկել այս համատեղ հռչակագրի գործնական իրագործման ուղղությամբ հնարավոր ու անհրաժեշտ քայլերը։ Այդ հռչակագրում էական առանցք է միմյանց տարածքային ամբողջականության ու ինքնիշխանության անվերապահ ճանաչումը։ Եվ այսօր մենք նաև քննարկել ենք Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման գործընթացի ակտիվացման հնարավորությունները»։

Վրաստանի հետ համագործակցության շարունակական խորացումն ու ընդլայնումը ռազմավարական կարևորություն ունի ոչ միայն երկու երկրների երկկողմ հարաբերությունների, այլև տարածաշրջանում կայունություն և փոխշահավետ համագործակցություն ապահովելու տեսանկյունից՝ շեշտում է վարչապետ Փաշինյանը։ Վրաստանի՝ ԵՄ անդամության թեկնածուի կարգավիճակն, ըստ Փաշինյանի, կարևոր է և անմիջական ազդեցություն կունենա ոչ միայն տարաշածրջանի, այլև Հայաստան-Վրաստան երկկողմ հարաբերությունների վրա։  

 «ՀՀ-ն սատարել և սատարում է ԵՄ-ին անդամագրվելու Վրաստանի ձգտումներին»։

Տարածաշրջանային գործընթացների վերաբերյալ Հայաստանի իշխանության ընկալումներն է ներկայացրել վրացի գործընկերոջը Նիկոլ Փաշինյանը, նաև՝ Հայաստանի ու Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման զարգացումներն ու ընթացիկ վիճակը։

Վրաստանը հուսով է, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագիր կստորագրվի՝ իր հերթին հայտարարեց Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն։ Նա նաև հավելեց, որ իր երկիրը պատրաստ է այդ գործընթացին դրականորեն աջակցելու և նպաստելու խաղաղությանը և կայունությանը տարածաշրջանում։

 «Ես ընդգծել եմ մեր համատեղ ջանքերի կարևորությունը, որպեսզի կարողանանք պայքարել տարածաշրջանում առկա մարտահրավերների դեմ։ Վրաստանն աջակցում է Հարավային Կովկասում կայունությանը, խաղաղությանը և համատեղ ապրելուն միտված ջանքերին»,-ասաց Վրաստանի վարչապետը։

Վրաստանն առանց վերապահումների աջակցում է ՀՀ տարածքային ամբողջականությանը՝ շեշտեց Իրակլի Կոբախիձեն։

 «Ես, իհարկե, արտահայտել եմ իմ երախտագիտությունն իմ գործընկեր, վարչապետ պարոն Փաշինյանին, որն աջակցում է Վրաստանի տարածքային ամբողջականությանն ու ինքնիշխանությանը։ Ես, իհարկե, առանց վերապահումների աջակցում եմ Հայաստանի տարածքային ամբողջականությանը»։  

Հայաստանը ստանձնում է տարածաշրջանում խաղաղություն և կայունություն հաստատելու գործի իր բաժին պատասխանատվությունը՝ վրացի գործընկերոջ առջև վերահաստատում է Նիկոլ Փաշինյանը, հավելում, որ նույնպիսի մոտեցում ակնկալում է նաև մյուս դերակատարներից։

 «Հայաստանը պատրաստ է առաջ շարժվել Ադրբեջանի հետ հարաբերությունների կարգավորման գործընթացում արդեն իսկ հայտնի ու Հայաստանի և Ադրբեջանի միջև բարձրագույն մակարդակում համաձայնեցված երեք սկզբունքների հիման վրա։ Կարծում ենք, որ Հայաստանի կառավարության կողմից առաջ քաշված «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը պիտի դառնա մեր երկրների ռազմավարական գործընկերության ապագա թեմաներից մեկը»։

Վարչապետները համակարծիք են, որ երկու երկրների հարաբերությունները դինամիկ զարգանում են։ Դրան նպաստում է վերջերս ստորագրված հայ-վրացական ռազմավարական համագործակցության հռչակագիրը, որի նպատակը ընդհանուր սկզբունքների և արժեհամակարգերի հիման վրա երկկողմ համագործակցությունը խորացնելն է։

 Հայաստանի և Վրաստանի ղեկավարները համոզված են, որ բոլոր ուղղություներով համագործակցությունն է՛լ ավելի կխորանա ու կզարգանա։

Նշենք նաև, որ մարտի 16-ին էլ Իրակլի Կոբախիձեն պաշտոնական այցով Բաքվում էր։ Կոբախիձեն այնտեղ շեշտել էր, որ խաղաղությունն ու կայունությունը հատուկ ուշադրության կարիք ունեն։ Սրանք վարչապետի պաշտոնում Կոբախիձեի առաջին այցերն են հարևան երկու երկրներ:

Կարդացեք նաև

Back to top button