Հայաստանը կլինի՞ Եվրասիական տնտեսական միասնական տարածքի հիմնադիր անդամ
Աննա Նազարյան
«Ռադիոլուր»
Երկու օրից Աստանայում տեղի կունենա Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստը, որին նախատեսվում է Եվրասիական տնտեսական միասնական տարածք ստեղծելու մասին փաստաթղթի ստորագրումը: Հիշեցնեմ՝ փաստաթղթի ստորագրման մասին հարտարարվել էր դեռ մեկ ամիս առաջ` Մինսկում կայացած գագաթաժողովից հետո, ինչն այդ ժամանակ կասկածի տակ էին առնում որոշ փորձագետներ: Մինսկում կայացած գագաթաժողովի ընթացքում Բելառուսի ու Ղազախստանի նախագահները դեմ էին արտահայտվել միասնական պայմանագրի ստորագրման նախագծին` առևտրի միասնական կանոնների բազմաթիվ խոչընդոտող նրբությունների պատճառով։
Անկախ մատնանշվող տնտեսական մոդելների տարբերությոսւնից՝ Հայաստանն ակտիվորեն համաձայնեցնում է ճանապարհային քարտեզով նախատեսված դրույթները: Դեռ մեկ ամիս առաջ 126 կետերից մեծ մասը պատրաստ էր: Ու ստացվում է մինչեւ հունիսի 1-ը Եվրասիական տնտեսական տարածքին Հայաստանի միանալու նախագիծը պատրաստ կլինի: Սերժ Սարգսյանի աշխատակազմի ղեկավար Վիգեն Սարգսյանն այսօր լրագրողներին տեղեկացրել է, որ Հայաստանի նախագահը մայիսի 29-ին Աստանայում տեղի ունենալիք Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստին մասնակցելու հրավեր ստացել է:
Իսկ որքանո՞վ է հավանական Աստանայում միասնական փաստաթղթի ստորագրումը։ Գլոբալիզացիայի ու տարածաշրջանային համագործակցության վերլուծական կենտրոնի նախագահ Ստեփան Գրիգորյանը «Ռադիոլուրի» հետ զրույցում տարակուսանք հայտնեց, թե հնարավոր է միասնական փաստաթղթի ստորագրում Հայաստանի մասնակցությամբ։ «Գոյություն ունեցող առարկությունները թույլ չեն տա, որ Հայաստանը հիմնադիր անդամ լինի Եվրասիական տնտեսական միասնական տարածքին, համոզված է վերլուծաբան Ստեփան Գրիգորյանը։
Սեպտեմբերի 3-ին Մաքսային միությանն անդամակցելու պատրաստակամության մասին արված հայտարարությունից հետո Եվրաինտեգրման ուղիով ընթացող Հայաստանը թուլացրեց դիրքերը Արևմուտքում ու դեռևս արդյունքի չի հասել Արևելքում, ավելացրեց վերլուծաբանը: Հայաստանը բազմիցս հայտարարել է «և… և…» քաղաքականության մասին ու ուշագրավ էր երկու շաբաթ առաջ Հայաստան ժամանած Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդի այն հայտարարությունը թե պետք է գտնել մի բանաձև, որը հնարավորություն կտա բացառության կարգով Հայաստանին ասոցացնել ԵՄ- ին։
Երեկ էլ Հայաստանում Ֆրանսիայի դեսպան Անրի Ռենոն լրագրողներին վստահեցրեց, որ Օլանդի այս ուղերձը հասել է այն մարմիններին որոնք պետք է իրականացնեն ԵՄ ԱԳ ծրագիրը: «ՄՄ անդամակցությունը չպետք է խանգարի, որպեսզի Հայաստանն ասոցացվի ԵՄ- ին», երեկ ասաց Ֆրանսիայի դեսպան։ Վերլուծաբան Ստեփան Գրիգորյանը պատահական չհամարեց դեսպանի այս հայտարարությունը։ «Դեռ պարզ չի՝ մենք կլինե՞նք ստորագրվող երկրների մեջ»,- ասաց։ Նման պայմաններում ստացվում է, որ Հայաստանին գուցե հաջողվի լինել և ՄՄ անդամ, և ասոցացվել ԵՄ- ին։