
Բրյուսելում ապրիլի 5-ին տեղի կունենա Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի, Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա Ֆոն դեր Լյայենի և ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենի հանդիպումը։ «Արմենպրեսի» հետ զրույցում այս մասին հայտնել է Հայաստանի անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը։ Նախատեսվում է քննարկել եռակողմ համագործակցության ուղիները, որոնք նպաստելու են Հայաստանի զարգացմանը, նշել է Գրիգորյանը՝ հավելելով, որ միջոցառումը նաև նպատակ ունի ամրապնդել Հայաստանի դիմակայունությունը։ Փորձագետները, սակայն, այդ առումով մեծ ակնկալիքներ չունեն։
Հայտնելով ապրիլի 5-ին Բրյուսելում սպասվող Փաշինյան-Բլինկեն-Ֆոն դեր Լյայեն եռակողմ հանդիպման մասին՝ Հայաստանի ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը խոստացել է այդ մասին մանրամասն խոսել առաջիկայում։ Մինչ այդ, այս հանդիպմանը ոչ միանշանակ գնահատական են տալիս հայաստանցի փորձագետները, թեպետ՝ կա համակարծություն, որ հենց ինքնին այսպիսի մակարդակով հանդիպումը շատ կարևոր է։
Քաղաքագետ Արեգ Քոչինյան. «Շատ կարևոր հանդիպում է։ Ըստ էության՝ նույնիսկ կարող ենք ասել, որ աննախադեպ է, որ այս մակարդակի միջոցառում լինի հենց միայն Հայաստանի թեմայով»։
Քոչինյանի գնահատմամբ՝ ապրիլի 5-ին Բրյուսելում սպասվող Փաշինյան-Բլինկեն-Լյայեն հանդիպումը Հայաստան-Արևմուտք համագործակցության ավելի գործնական փուլն է ազդարարում, որի ժամանակ անվտանգային ու տնտեսական հարցերը պետք է քննարկվեն։ Քաղաքագետի կարծիքով՝ սպասվող հանդիպումը պետք է դառնա այն բովանդակային խոսակցությունը, որը պետք է կառուցի Հայաստանի նոր արտաքին քաղաքականությունը.
«Պետք է կառուցի մեր նոր հարաբերությունները Արևմուտքի հետ»։
Դեռ անցած տարվա նոյեմբերին Կոնգրեսում լսումների ընթացքում Հայաստան-ԵՄ-ԱՄՆ եռակողմ քննարկումների մասին ակնարկել էր ԱՄՆ պետքարտուղարի տեղակալ Ջեյմս Օբրայնը՝ նշելով, որ ԱՄՆ-ն սերտորեն համագործակցում է ԵՄ-ի հետ Հայաստանին աջակցության առաջարկ տրմադրելու ուղղությամբ։
2023 թվականի հոկտեմբերի 5-ին էլ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լյայենը Գրանադայում հանդիպումից հետո հանդես էին եկել համատեղ հայտարարությամբ: Ուրսուլա ֆոն դեր Լյայենը տեղեկացրել էր Հայաստանին աջակցելու համար ԵՄ-ԱՄՆ համատեղ միջոցառման նախապատրաստման մասին։
Բավականին ժամանակ է, ինչ Հայաստանի իշխանությունները տարբեր առիթներով ու տարբեր մակարդակներում խոսում են Հայաստանի անվտանգության դիվերսիֆիկացիայի մասին։ Հարցը առաջնահերթություն է մնում Հայաստանի համար։ Այդ մասին նախօրեին շեշտել է նաև ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը՝ Ժնևում Եվրանեսթ կազմակերպությունում ունեցած ելույթում։
«Կարևորում ենք խաղաղության եվրոպական գործիքի միջոցով Հայաստանին աջակցության տրամադրումը։ Միաժամանակ մենք աջակցություն ենք փնտրում ԵՄ անդամ բոլոր պետություններից»։
Անվտանգային ի՞նչ երաշխիքներ Արևմուտքը կարող է տալ Հայաստանին, որը Ռուսաստանից դեպի Արևմուտք է թեքվում։ Քաղաքագետ Արթուր Խաչիկյանը կարծում է, որ Արևմուտքն ամեն ինչ անում է Ռուսաստանին այս տարածաշրջանից հանելու համար, մինչդեռ՝ իրականում որևէ անվտանգային երաշխիք Արևմուտքը չի կարող ու չի պատրաստվում տալ Հայաստանին։ Խաչիկյանը նկատում է, որ այդ ամենի մասին շատ ազնվորեն, պրոֆեսիոնալ և լուրջ կերպով հենց արևմտյան հեղինակավոր վերլուծական կենտրոններն են գրում, որոնք կապ ունեն իշխանությունների ու հատուկ ծառայությունների հետ։
«Բառացիորեն, շատ կարճ. ԱՄՆ-ն և ՆԱՏՕ-ն չեն կարող անվտանգության երաշխիքներ տրամադրել Հայաստանին, միայն կարող են օգնել։ Երկրորդը՝ ո՛չ Միացյալ Նահանգները, ո՛չ իրենց դաշնակիցները չեն ցանկանում Հայաստանին տալ անվտանգության երաշխիքներ, առավել ևս՝ չեն ցանկանում որևէ ֆորմալ դաշինք կնքել Հայաստանի հետ, չեն կարող բավարարել Հայաստանի ակնկալիքները։ ԱՄՆ-ն չունի ստրատեգիական շահեր Հարավային Կովկասում, բայց ունեն որոշ շահեր այն բանի մեջ, որ Ադրբեջանի տարածքով, խաղաղ ձևով նավթը և գազը արտահանվի դեպի Եվրոպա»։
Ստենֆորդի համալսարանի պրոֆեսորի փոխանցմամբ՝ նույն արևմտյան փորձագետների զեկույցներում նշվում է, որ Հայաստանին պետք չէ խզել իր հարաբերությունները Ռուսաստանի հետ, որը կարող է բերել աղետալի հետևանքների։ Նույն մոտեցմամբ են գրում նաև ՀԱՊԿ-ի հետ հարաբերությունների մասին, փոխարենը՝ հորդորում են դիվերսիֆիկացնել հարաբերությունները մի քանի երկրների հետ՝ արձանագրելով, որ Ֆրանսիայից և Հնդկաստանից հասնող օգնությունը բավարար չէ Ադրբեջանին զսպելու համար։
«Սա գրում է Ամերիկայի ամենահեղինակավոր կենտրոնը։ Նրանք ավելի ազնիվ են։ Նրանք այնտեղից ասում են։ Սա առաջինը չէ, երկրորդը չէ, երրորդը չէ։ Եվ հետո, պարոն Կլաարն ասում է՝ Թուրքիան է ձեր տարածաշրջանում վերահսկողը, Ստոլտենբերգը պատերազմի ժամանակ ասում է՝ Թուրքիան մեր արժեքավոր դաշնակիցն է»։
Հետևաբար, քաղաքագետի ձևակերպմամբ, պետք չէ միտք ու հոգի պղտորել։
Քաղաքագետ Արեգ Քոչինյանի խոսքով՝ Բրյուսելում սպասվող հանդիպումից, իհարկե, պետք չէ չափազանց մեծ ակնկալիքներ ունենալ։ Քոչինյանը, սակայն, կարծում է, որ կլինեն ցնցումները մեղմող քայլեր։ Ցնցումներն էլ, նրա համոզմամբ, անխուսափելի են՝ արտաքին դիվանագիտության փոփոխության դեպքում։
«Ես տեսնում եմ, որ շատ մեծ ոգևորություն կա և մենք ծայրահեղությունից ծայրահեղություն ենք որպես հասարակություն շատ հաճախ ընկնում։ Չի լինելու իրավիճակ, երբ որ Արևմուտքը գալու է և մեր փոխարեն մեր բոլոր խնդիրները լուծելու է։ Պատմության մեջ որևէ տեղ այդպես չի լինում»։
Դրան զուգահեռ, Քոչինյանը տեսնում է Արևմուտքից Հայաստանի հետ աշխատելու որոշակի պատրաստակամություն, նրա ձևակերպմամբ, մեղմելու համար այն միջավայրը, որում մենք գտնվում ենք։
«Ավելացնելու համար մեր ինքնապաշտպանական կարողությունները, որի մեջ մտնում է և տնտեսությունը, և քաղաքական դաշինքները, և ռազմատեխնիկական համագործակցությունը և այլն»։




