ԿարևորՀասարակություն

Նիկոլ Փաշինյանը Բելգիայի վարչապետին է ներկայացրել «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը և դրա սկզբունքները

Միջուկային էներգիայի անդրանիկ գագաթնաժողովի շրջանակում կայացել է վարչապետ Նիկոլ Փաշինյանի հանդիպումը Բելգիայի վարչապետ Ալեքսանդր Դը Քրուի հետ: Զրուցակիցները քննարկել են Հայաստան-Բելգիա համագործակցությանը վերաբերող հարցեր: 

Կողմերը կարևորել են Հայաստանում Բելգիայի դեսպանության բացումը ևւ համոզմունք հայտնել, որ այն նոր ազդակ կհաղորդի բազմաոլորտ փոխգործակցությանը:  

Նիկոլ Փաշինյանը և Ալեքսանդր Դը Քրուն անդրադարձել են Հարավային Կովկասում առկա իրավիճակին, մասնավորապես, Հայաստան-Ադրբեջան խաղաղության պայմանագրի գործընթացին, տարածաշրջանային ենթակառուցվածքների ապաշրջափակման հնարավորություններին: 

 Նիկոլ Փաշինյանը զրուցակցին է ներկայացրել ՀՀ կառավարության «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը և դրա սկզբունքները: Տարածաշրջանում խաղաղության և կայունության ամրապնդման գործում երկուստեք կարևորվել է ԵՄ դիտորդական առաքելության գործունեությունը Հայաստանում: 

Մտքեր են փոխանակվել նաև Հայաստան-Եվրոպական միություն համագործակցության շուրջ: Մասնավորապես, անդրադարձ է կատարվել ԵՄ աջակցությամբ մեր երկրում իրականացվող ժողովրդավարական բարեփոխումներին, վիզաների ազատականացման շուրջ երկխոսությանը վերաբերող հարցերին:

Կարդացեք նաև

Back to top button