
ՄԱԿ-ի Ժնևի գրասենյակում Հայաստանի մշտական ներկայացուցիչ Անդրանիկ Հովհաննիսյանի ելույթ է ունեցել Մարդու իրավունքների խորհրդում։ Նա իր ելույթում, խոսելով Լեռնային Ղարաբաղից հայ բնակչության զանգվածային բռնի տեղահանման մասին, մասնավորապես, նշել է․
«Երկու օր առաջ Ադրբեջանը Լեռնային Ղարաբաղի Ստեփանակերտ քաղաքում վառեց մեծ ծիսական խարույկ, որը պաշտոնապես անվանվեց «վերջնական մաքրում»:
«Վերջնական մաքրում» մի տարածաշրջանում, որտեղ, ըստ Եվրոպայի Խորհրդի խորհրդարանական վեհաժողովի, հայ ազգաբնակչությունը գրեթե ամբողջությամբ լքեց իր նախնիների հողը «ֆիզիկական ոչնչացման իրական սպառնալիքի, հայերի հանդեպ տևական ժամանակ սերմանվող ատելության, և ապագայում իրենց սպասվող վերաբերմունքի հանդեպ վստահության բացակայության հետևանքով»:
«Վերջնական մաքրում» իրակացվեց մի տարածաշրջանում, որտեղ, ըստ ԵԽ Մարդու իրավունքների հանձնակատարի, հայերի համար «սեփական տները լքելը նրանց հասու միակ բանական տարբերակն էր», քանի որ «առկա էր սեփական կյանքի և ապագայի հանդեպ խորը արմատացած վախ, որի հիմքում էին նախկինում իրականացրած և անպատիժ մնացած դաժանությունները և ահաբեկման շարունակվող գործողությունները»:
«Վերջնական մաքրում» տեղի ունեցավ մի տարածաշրջանում, որտեղ, ըստ ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհրդում քառասուն պետությունների կողմից հնչեցված համատեղ հայտարարության, «իրենց տներից հայերի զանգվածային տեղահանումը պայմանավորված էր Ադրբեջանի ռազմական գործողությամբ և ինն ամիս տևած Լաչինի միջանցքի արգելափակմամբ, ինչը հանգեցրեց ծանրագույն մարդասիրական ճգնաժամի»:
Երբ հնչեցվում է «վերջնական մաքրում» կարգախոսը, և դա մնում է անհետևանք, ապա դա նշանակում է, որ մարդու իրավունքները լրջորեն վտանգված են»:




