ԿարևորՀասարակությունՌեպորտաժներ

Փոփոխություններ սննդային հավելումների և բուրավետիչների ստանդարտների ցանկում

Փետրվարի 27-ից ուժի մեջ է սննդային հավելումների, բուրավետիչների, տեխնոլոգիական օժանդակ միջոցների անվտանգության մասին կանոնակարգումը։ Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի իրականացրած փոփոխություններով կրճատվել է թույլատրելի սննդային հավելումների ցանկը և ավելացվել  նոր սննդային հավելումներ։

Ֆերմենտային պատրաստուկների ցանկը 56-ից դարձել է 331։ Դրանք օգտագործվում են բանջարեղենի և մրգերի վերամշակման, կաթնամթերքի, մսի, ձկան, ալկոհոլային արտադրանքի, հացաբուլկեղենի, հացահատիկային ապրանքների, սուրճի, թեյի և մի շարք այլ ապրանքների արտադրության ժամանակ։

21-րդ դարը աչքի է ընկնում սննդային հավելումներով, մթերքի բազմազանությամբ, և դրա չափաքանակի կարգավորումը շատ կարևոր է, նկատում է սննդագետ Դավիթ Պիպոյանը։ Ըստ նրա՝ սննդային հավելումների կարգավորումը նախատեսում է ոչ միայն սննդամթերքում առավելագույն թույլատրելի շեմերի հաստատում, այլև օրական թույլատրելի չափաբաժնի որոշում։

«Սննդային հավելումների անվտանգությունը գնահատվում է մարդու օրական թույլատրելի շեմերով։ Հետևաբար պետք հասկանալ, թե կոնկրետ տվյալ սննդամթերքը որքան է օգտագործվում, որից հետո նոր պարզ հնարավոր կլինի գնահատել վերջիններիս ռիսկերը։ Կան հավելումներ, որոնք պետք է պարտադիր նշվեն, որ օրինակ՝ ազդում է երեխայի կոնցենտրացիայի վրա։ Օրինակ՝ այն ներկանյութերը, որոնք օգտագործվում են գազավորված ըմպելիքների արտադրության մեջ»։

Այստեղ որոշիչ է հենց սպառողների դերն ու իրազեկվածությունը։ Օրինակ՝ լիմոնադի շշի վրա հեշտությամբ կարելի է կարդալ հետևյալ արտահայտությունը․ «Պարունակում է ներկանյութ, որը կարող է բացասական ազդեցություն ունենալ երեխաների ակտիվության և ուշադրության վրա»‎։

Կամ շոկոլադե սալիկ գնելիս կարելի է հանդիպել այս նախազգուշացումը․ «Պարունակում է սորբիտային օշարակ, որը չարաշահելու դեպքում կարող է թողնել լուծողական ազդեցություն»։‎ Սպառողը կարող է տրամադրել մի քանի վայրկյան, ծանոթանալ նախազգուշացմանը և որոշել՝ ցանկանում է գնել այդ մթերքը, թե ոչ։ 

Սպառողի իրազեկվածությունից առաջ, սակայն, շատ կարևոր է նախ պետական վերահսկողությունը, ռիսկի գնահատումը, ապա արտադրական ռիսկերը։ Ըստ Դավիթ Պիպոյանի, մեր երկրում խնդիրներ ունենք ինչպես սպառողների իրազեկվածության մակարդակում, այնպես էլ արտադրությունում և պետական վերահսկողության փուլում։

«Արտադրությունում սննդային հավելումները կարգավորվում են  պատշաճ արտադրական գործելակերպ համակարգի միջոցով, որ ցավոք սրտի Հայաստանում ոչ բոլոր տնտեսվարող սուբյեկտների կողմից է պահպանվում։ Իսկ դա նշանակում է, որ խիստ կարևոր է պատշաճ պետական վերահսկողություն իրականացնել, որը Հայաստանում չի իրականացվում։ Սննդային հավելումների մոնիթորինգ չի արվում, ռիսկի գնահատում չի պատվիրվել, այսինքն, այս գերկարևոր խնդիրը դուրս է պետական վերահսկողությունից։ Երկրորդը արդեն իսկ մակնշված սննդային հավելումներն են և սպառողների մոտեցումը, որովհետև երբ մակնշված է, բայց ծնողը ուշադիր չէ և երեխային տալիս է յադ գազավորված ըմպելիքը, սա էլ է խնդիր»։

Մինչ սննդագետը արտադրությունից մինչև սպառում շղթայում խնդիրներն է մատնանշում, Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը հավաստիացնում է, որ արդեն ուժի մեջ է սննդային  հավելումների, բուրավետիչների, տեխնոլոգիական օժանդակ միջոցների անվտանգության մասին կանոնակարգումը։

Տեսչական մարմնի իրականացրած փոփոխություններով կրճատվել է թույլատրելի սննդային հավելումների ցանկը՝ 362-ից դառնալով 349։ Միաժամանակ ավելացվել են 6 նոր սննդային հավելումներ։

Տեսչական մարմնի սննդամթերքի անվտանգության վարչության պետ Գոհար Վարդանյան.

«Արտադրությունում դիտարկվում են դրանց թույլատրելի չափաքանակները, ինչ քանակով են օգտագործվում, դիտարկվում են ստանդարտացման փաստաթղթերին համապատասխան։ Ինչպես նաև սահմանային վերահսկողության ժամանակ, երբ ներկրվում են սննդային հավելումներ, նույնպես դիտարկվում է տվյալ ապհանջը»։

Միջազգային տենդենցներից հետ չմնալուն միտված օրենսդրական փոփոխությունները կարևոր համարելով, սննդագետ Դավիթ Պիպոյանն ասում է, որ իր ակնկալիքներն այդ փոփոխություններից այնքան էլ մեծ չեն։ Քանի դեռ չկա պատշաճ մոնիթորինգ և ռիսկի գնահատում, այս բոլոր փոփոխությունները ինքնանպատակ են, կարծում է։

«Կոնկրետ Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի գործունեության պարագայում այս օրենսդրական փոփոխությունները չեմ կարծում, որ առաջընթաց կունենանք»։

Ինչպես մինչև փոփոխությունները, այնպես էլ գործող կանոնակարգով, Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնում հիմնականում սահմանափակվում են պլանային ստուգումներով։ Անհրաժեշտության դեպքում նաև արտապլանային  ստուգումներ են իրականացնում, «Ռադիոլուրի» հետ զրույցում ասաց  սննդամթերքի անվտանգության վարչության պետը։

«Երբ որ այլ երկրներից ունենում ենք ծանուցումներ կոնկրետ տվյալ արտադրատեսակում հայտնաբերված որևէ հավելման չափաբաժնի խախտման արձանագրություն, արտապլանային ստուգումով կոնկրետ տվյալ դեպքի մասով իրականացվում է վերահսկողություն, լաբորատոր փորձաքննություն և արդեն  համարժեք գործողություններ են իրականացվում»։

Գոհար Վարդանյանի փոխանցմամբ՝ նոր փոփոխությունները հնարավորություն են տալու նոր տեխնոլոգիաներ կիրառելու սննդամթերքի արտադրության ժամանակ, նաև առավել հեշտացնելու են նույնականացման ընթացակարգերը։

Փոփոխությունների համար նախատեսվել է 36 ամիս անցումային շրջան։

Նորահայտ սննդային հավելումների, բուրավետիչների և տեխնոլոգիական օժանդակ նյութերի պետական գրանցման վկայականները, որոնք տրվել կամ ընդունվել են մինչև որոշման ընդունումը, վավեր են անժամկետ։

Կարդացեք նաև

Back to top button