ԿարևորՌեպորտաժներՔաղաքական

Հուսով ենք, որ Հայաստան-ՆԱՏՕ  համագործակցության նոր ձևաչափը շուտով կհաստատվի. Փաշինյանը՝ Ստոլտենբերգին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը կառավարությունում հյուրընկալել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգին: Առանձնազրույցի ժամանակ զրուցակիցները քննարկել են Հայաստան-ՆԱՏՕ փոխգործակցությանը վերաբերող հարցեր: Մտքեր են փոխանակվել տարածաշրջանային գործընթացների, Հայաստան-Ադրբեջան խաղաղության պայմանագրի հետ կապված քննարկումների շուրջ: Նիկոլ Փաշինյանի և Յենս Ստոլտենբերգի հանդիպումը շարունակվել է ընդլայնված կազմով, որի ավարտից հետո նրանք հանդես են եկել մամուլի համար հայտարարությամբ։

Արդյունավետ քննարկումներ, լավ հնարավորություն՝ կարծիքներ փոխանակելու ինչպես Հայաստան-ՆԱՏՕ համագործակցության, այնպես էլ տարածաշրջանային ու գլոբալ կայունության ու անվտանգության խնդիրների վերաբերյալ։ Այսպես է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգի Հայաստան այցը գնահատում վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«Մենք շահագրգռված ենք շարունակելու զարգացնել առկա քաղաքական երկխոսությունը և ընդլայնելու գործընկերությունը դաշինքի, ինչպես նաև առանձին անդամ պետությունների հետ։ Հուսով ենք, որ Հայաստան-ՆԱՏՕ համագործակցության նոր ձևաչափը՝ անհատապես հարմարեցված գործընկերության ծրագիրը շուտով կհաստատվի։ Տարածաշրջանում տեղի ունեցած զարգացումների լույսի ներքո Հայաստանի համար չափազանց կարևոր է իր դիմակայունությունն ուժեղացնելը և համապատասխան պաշտպանական կարողությունները զարգացնելը»։  

Փաշինյանի ձևակերպմամբ՝ Հայաստանը շարունակում է հավատարիմ մնալ նաև տարածաշրջանացման քաղաքականությանը։ Նա հստակեցնում է՝ առանձնահատուկ և չափազանց կարևոր են հարաբերությունները Վրաստանի և Իրանի իսլամական Հանրապետության հետ, հավաստիացնում՝ որևէ համագործակցություն չի կարող ուղղված լինել մեր իսկ տարածաշրջանի դեմ։

Ադրբեջանական կողմի հետ խաղաղության հասնելու համաձայնեցված երեք սկզբունքներն է Ստոլտենբերգին ներկայացրել վարչապետ Փաշինյանը. միմյանց տարածքային ամբողջականության ճանաչում՝ Ալմա –Աթայի հռչակագրի հիման վրա, սահմանազատում՝ վերականգնելով 1991 թ.-ի ԽՍՀՄ փլուզման պահին գոյություն ունեցած սահմանը, ենթակառուցվածքների ապաշրջափակում՝ դրանց անցման երկրների ինքնիշխանության և իրավազորության հարգմամբ, հավասարության և փոխադարձության սկզբունքների հիման վրա։ Այդ առնչությամբ Փաշինյանը ներկայացրել է նաև Հայաստանի կառավարության պատկերացումներն ամբողջացնող «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը։ Ստոլտենբերգին Փաշինյանը ներկայացրել է նաև 1991 թ.-ի Հայաստան-Ադրբեջան սահմանագծից զորքերի հայելային ետքաշման, սպառազինությունների փոխադարձ վերահսկման, չհարձակվելու մասին պայմանագրի ստորագրման առաջարկները, որոնք, վարչապետի խոսքով, մինչ օրս դրական արձագանք չեն ստացել պաշտոնական Բաքվից։

«Ակնկալում ենք միջազգային հանրության, այդ թվում՝ ՆԱՏՕ-ի հաստատակամ աջակցությունը Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացին, հայտնի և երկուստեք համաձայնեցված սկզբունքների հիման վրա, ինչպես նաև հարկադրանքի և սպառնալիքի քաղաքականության միանշանակ մերժումը»։  

Հարավային Կովկասում կայունությունը եվրաատլանտյան անվտանգության համար  կարևոր է, քանի որ կանգնած ենք ավելի վտանգավոր աշխարհի առջև՝ իր հերթին հայտարարեց ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը։ Մեջբերում նրա հայտարարությունից՝ համընթաց թարգմանությամբ.

«Այսօր Հայաստանն ու Ադրբեջանը հնարավորություն ունեն տևական խաղաղության հասնելու տարիների հակամարտությունից հետո։ Ահա, թե ինչու եմ ես երկու երկրներին կոչ անում համաձայնության հասնել, որն ուղի կհարթի հարաբերությունների կարգավորման համար և ձեր ժողովուրդների համար տևական խաղաղության համար։ ՆԱՏՕ-ն աջակցում է Հայաստանի ինքնիշխանությանը և տարածքային ամբողջականությանը և ձեր խաղաղ ձգտումներին»։

Իր հայտարարության մի զգալի հատվածով էլ ՆԱՏՕ-ի պաշտոնյան ռուս-ուկրաինական պատերազմին անդրադարձավ՝ այն բնութագրելով, որպես խաղաղությունը գնահատելու սթափեցնող հիշեցում։ Ստոլտենբերգն ասաց նաև, որ ուղջունում է այն փաստը, որ Հայաստանն աշխատում է ԶՈՒ-երի նկատմամբ ժողովրդական վերահսկողությունն ամրապնդելու ուղղությամբ, այդ թվում նաև ՆԱՏՕ-ի բարեվարքության ծրագրին մասնակցության միջոցով։

«Դուք իրական հանձնառություն եք ցուցաբերել նաև կոռուպցիայի դեմ պայքարի հարցում, ժողովրդավարական ձեր ինստիտուտներն ուժեղացնելու և իրավունքի գերիշխանությունը պահպանելու հարցում»։

Լիահույս եմ, որ կշարունակենք ուժեղացնել մեր գործընկերությունը՝ միասին աշխատելով ավելի մեծ խաղաղության, կայունության և բարեկեցության  համար Հարավային Կովկասում և տարածաշրջանից անդին՝ եզրափակեց ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը։ 

Back to top button