
Նախօրեին հրավիրված մամուլի ասուլիսում վարչապետ Փաշինյանը, պատասխանելով հարցին, թե արդյոք իշխանությունների օրակարգում կա միջազգային ատյաններում ընդդեմ Ադրբեջանի գանգատներից հրաժարվելու հարց, նշել է, որ բանակցությունների ընթացքում այդպիսի հարց քննարկվել է։ Նիկոլ Փաշինյանը չի բացառել, որ համաձայնագրի տեքստի վերջնական հստակեցումներից հետո կողմերը, հնարավոր է, հրաժարվեն միմյանց դեմ ներկայացրած գանգատներից։ Իրավաբանները, սակայն, այս հեռանկարում ավելի շատ ռիսկեր ու վտանգներ, քան օգուտներ են տեսնում։
Իր ներքին գործերին չմիջամտելու հիմնավորմամբ է Ալիևը Հայաստանից պահանջում հրաժարվել միջպետական գանգատներից։ Իրավաբանները, սակայն, նկատում են՝ մարդկության դեմ հանցագործությունների համար պատասխանատվության ենթարկելը չի կարող համարվել միջամտություն պետության ներքին գործերին։ Նկատում են, որ Ալիեւը ուժի կիրառման սպառնալիքով փորձում է զիջումների հասնել իրավական հարցերում, որոնք ապագայում կարող են Ադրբեջանի համար լուրջ հետեւանքներ ունենալ։ Իրավաբանները մտահոգություններ ունեն, տարբեր ռիսկեր են տեսնում։
Արա Ղազարյան․ «Որպես իրավաբան՝ այն գործերով, որ ես եմ զբաղվում, ես չէի ցանկանա, որ նման բան պատահեր»։

Այս պահին Հայաստանը միջպետական 5 գանգատ ունի ներկայացրած միջազգային ատյաններում՝ ընդդեմ Ադրբեջանի։ Դրանցից 4-ը՝ ՄԻԵԴ-ում ներկայացված հայցերն են, իսկ մեկը՝ առանձին գանգատ է, որը ներկայացված է ՄԱԿ-ի արդարադատության միջազգային դատարանում։ Իրավապաշտպանները կարծում են, որ եթե Հայաստանի իշխանությունն այս գանգատներից հրաժարվելու քաղաքական որոշում կայացնի, ապա դա կստեղծի հիմք Ադրբեջանի նոր հանցագործությունների համար։ «Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» ՀԿ-ի նախագահ Արաքս Մելքոնյանը մտահոգիչ է համարում նման քննարկումների առկայությունն ընդհանրապես։
«Որովհետև այդ բոլոր գանգատները, որոնք ՀՀ-ն նախաձեռնել է Ադրբեջանի դեմ, մարդու իրավունքների պաշտպանության համար են իրականացված։ Ես կարծում եմ, որ մարդու իրավունքների խախտումների հարցը, բացարձակ հանցագործությունների պատասխանատվության հարցը չի կարող դառնալ քաղաքական քննարկումների և շահարկման առարկա»։
Միջազգային իրավունքի մասնագետ, փաստաբան Արա Ղազարյանը խնդիր չի համարում, որ կառավարությունը նման որոշում կայացնել, սակայն մի քանի հիմնական ռիսկ է տեսնում։
«Ամենամեծ ռիսկը, որ կա՝ մենք գործ ունենք ավտորիտար պետության հետ, որը չի հարգում միջազգային իրավունքը, օրենքի գերակայությունը չի հարգում և Ադրբեջանը կարող է նորից խաղաղության պայմանագիրը ստորագրելուց հետո արհեստականորեն ձգձգել ու ի վերջո չկատարել»։
Մասնագետներն ասում են՝ եթե հրաժարվում ենք իրավական գործընթացներից, նշանակում է, որ հարցերի կարգավորումը թողնում ենք խաղաղության պայմանագրին ու դրա հավելվածներին, ինչպես սովորաբար արվում է, բայց տվյալ դեպքում չկա երաշխիք, որ խաղաղության պայմանագրի ստորագրումից հետո Ադրբեջանն այդ հարցերի կարգավորումը կիրականացնի։ Այդ դեպքում արդեն քաղաքացիները չեն կարող նորից գնալ դատարան՝ նկատում է փաստաբանը։

Իրավապաշտպան Արաքս Մելքոնյանը նույնպես նկատում է, որ եթե պետությունը հրաժարվում է միակ արդյունավետ մեխանիզմից իրավունքների պաշտպանության, ապա փաստի առաջ է կանգնեցնում 100 հազարավոր մարդկանց՝ նաև անհատական իրավունքի պաշտպանության դեպքերի մասով։
«Որևէ դեպքում այս խախտումներից հրաժարումը չի բերելու խաղաղության։ Բերելու է պատերազմական հանցագործութունների, մարդու իրավունքների զանգվածային խախտումների անպատժելիության»։
Ադրբեջանը Հայաստանի դեմ 2 գանգատ է ներկայացրել։ Իրավաբանները նկատում են, որ Հայաստանի և Ադրբեջանի ներկայացրած գանգատների միջև էական տարբերություն կա՝ ասիմետրիկ է վիճակը, իսկ սա նշանակում է, որ Ադրբեջանն ավելի շատ կշահի այդ դատական գործընթացների դադարից։ Արա Ղազարյանի խոսքով՝ անորոշ են դառնալու նաև այն գործերի ճակատագրերը, որոնք ներկայացվել են մինչև միջպետական գանգատները։
«Այստեղ միջազգային ատյաններն էլ իրենց կարող են չափազանց լայն ու անորոշ հայեցողությամբ օժտել և կամայականորեն ասել՝ քանի որ միջպետական գանգատները իրենք հետ են վերցնում, ուրեմն դուք էլ դադարում եք զոհի կարգավիճակ ունենալ, որովհետև ձեր հարցերը լուծվելու են խաղաղության պայմանագրով և կարող է այս հիմքով գանգատները մերժել»։
Իրավաբանները մտահոգություն ունեն, որ սա բերելու է Ադրբեջանի տոտալ անպատժելիությանը, իսկ որևէ այլ պետությունից արդեն հնարավոր չի լինելու մարդու իրավունքների հարցով պաշտպանություն ակնկալել։




