
ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» իշխանական խմբակցության անդամները վերջին շրջանում հաճախ են հանդիպում Հայաստանի արտաքին քաղաքականության պատասխանատուների հետ։ Հանդիպումների շարքում արդեն կայացել են վարչապետի, արտգործնախարարի և Անվտանգության խորհրդի քարտուղարի հետ հանդիպումները։
Նախօրեին խմբակցության հետ շուրջ 2.5 ժամ տևած հանդիպումից հետո Արմեն Գրիգորյանը պարզաբանել էր, թե ինչ հարցով էր գնացել ԱԺ։ Չի բացառվում, որ ևս մեկ այդպիսի փակ հանդիպում խորհրդարանում կկազմակերպվի նաև վարչապետ Նիկոլ Փաշինյանի մասնակցությամբ։ Թեև նա վերջին օերին արդեն երկու անգամ հանդիպել է իր թիմակիցների հետ, բայց վերջին շրջանում ակտիվացել են խոսակցությունները Հայաստանի արտաքին քաղաքական վեկտորի փոփոխության մասին։
Դրա մասին կարող են վկայել նաև Երևանի վերջին որոշումները։ Անվտանգության խորհրդի քարտուղարի պնդմամբ՝ հայկական կողմը արդեն հստակ որոշում ունի նաև «Զվարթնոց» օդանավակայանում ռուս սահմանապահների հետագա ներկայության առնչությամբ։
Փակ հանդիպումներից հետո վերլուծաբանները փորձում են հասկանալ՝ ինչի կարող են հանգեցնել նման որոշումները։
«Զվարթնոց» օդանավակայանից ռուս սահմապահներին հեռացնելու հարցը նոր առճակատման պատճառ կարող է դառնալ Հայաստանի և Ռուսաստանի միջև, իրականում դա չի խախտում Ռուսաստանի «կարմիր գծերը», կարծում է Ժողովրդավարության և անվտանգության տարածաշրջանային կենտրոնի նախագահ, քաղաքագետ Տիգրան Գրիգորյանը։
«Իմ ընկալմամբ՝ Ռուսաստանի համար «կարմիր գիծ» է տարբեր դաշինքներից Հայաստանի ֆորմալ դուրս գալը կամ ռազմաբազայի հարցի քննարկումը։ Այս փուլում տեսնում ենք, որ նմանատիպ հարց դրված չէ, և Հայաստանի տարբեր պաշտոնյաներ ուղիղ տեքստով հայտարարում են, որ այս հարցերը չեն քննարկվում»։
Այս պահին գոյություն ունեցող պատկերն այս է՝ ՀԱՊԿ-ում տարաձայնությունները դեռ չհարթած, Երևանից և Մոսկվայից այժմ հակասական հայտարարություններ են հնչում «Զվարթնոցի» հետ կապված։ Ընդ որում՝ այդ հայտարարություններն արվել են նույն օրը։ ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովն ասել է, որ Կրեմլին հայտնի չէ «Զվարթնոց» օդանավակայանից ռուս սահմանապահների դուրսբերման վերաբերյալ որևէ որոշում և պաշտոնական խողովակներով իրենց դրա մասին չեն տեղեկացրել։
Մինչդեռ Հայաստանի անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը պնդում է․ նշված հարցով պաշտոնական Երևանը ունի հստակ դիրքորոշում, որի մասին պաշտոնական նամակով տեղեկացրել է Մոսկվային։

«Հայաստանը անկախության շրջանում տարբեր ուղղություններով կարողություններ է ձեռք բերում և այս պահին Հայաստանը ամբողջական կարողություն ունի օդանավակայանում ամբողջությամբ վերահսկողություն իրականացնելու համար։ Այդ հստակ դիրքորոշման մասին ՌԴ-ին վերջերս տեղյակ պահել ենք պաշտոնական նամակով։ Դիրքորոշումն այն է, որ Հայաստանի ծառայությունները, սահմանապահ զորքերը «Զվարթնոց» օդանավակայանում պետք է ամբողջությամբ իրականացնեն ծառայությունը»։
Քաղաքագետ Տիգրան Գրիգորյանի կարծիքով՝ բավական դժվար է լինելու հստակություն մտցել այս հարաբերությունների մեջ, իսկ հստակության բացակայությունը իր մեջ ռիսկեր է պարունակում։ Առավել ևս, ըստ Ժողովրդավարության և անվտանգության տարածաշրջանային կենտրոնի ղեկավարի, նոր աշխարհակարգի ձևավորման պայմաններում մեր տարածաշրջանում «վակումը» լրացնելը շատ դժվար կլինի։
«Որովհետև, այո, կա ռազմատեխնիկական համագործակցության դիվերսիֆիկացիա, կան տարբեր պայմանագրեր Հնդկաստանի, Ֆրանսիայի, միգուցե այլ երկրների հետ, բայց դժվար է խոսել տվյալ պարագայում ռազմավարական բնույթի հարաբերությունների մասին, օրինակ՝ արևմտյան ինչ-որ կենտրոնների հետ։ Որովհետև, առաջինը՝ կարծես թե Արևմուտքը նման հետաքրքրություն չունի մեր տարածաշրջանում այդ աստիճանի պատասխանատվություն իր վրա վերցնելու, և երկրորդը՝ այնուամենայնիվ, ռեսուրսների սակավությունը հենց մեր տարածաշրջանում։ Արևմուտքը մեր տարածաշրջանում լուրջ ներկայություն, առնվազն՝ ռազմական, չունի։ Այդ առումով, իհրակե, այս դիվերսիֆիկացիայի քաղաքականությունը ճիշտ քաղաքականություն է, բայց այն պետք է լինի նաև ավելի զգուշավոր։ Այստեղ համաձայն եմ, որ շատ հաճախ արվում են քայլեր և հայտարարություններ, որոնք պարզապես գրգռում են Ռուսաստանին»։

Սրվող հարաբերությունները Ռուսաստանի հետ որոշակի հետևանքներ կարող են ունենալ նաև տնտեսական ոլորտի համար։ Պեսկովը արդեն ակնարկել է, որ ԵԱՏՄ կազմում Հայաստանը թերևս ամենամեծ օգուտներն է ունենում կազմակերպության անդամ բոլոր երկրներից։ Վերլուծաբանները արդեն հավանական են համարում, որ Ռուսաստանը կարող է տնտեսական կոպալսի հասցնել Հայաստանը։
Հենց տնտեսական անվտանգության հարցերն էին, ըստ Անվտանգության խորհրդի քարտուղարի, նախօրեին շուրջ 2.5 ժամ քննարկվում խորհրդարանի իշխանական թևի ներկայացուցիչների հետ։
«Բնականաբար, Հայաստանը հասկանում է, որ այդ խնդիրները հնարավոր են և փորձում է նոր գործընկերներ գտնել։ Որոշ տեղերում հաջողություններ ունենք, որոշ տեղերում՝ դեռևս չունենք։ Տնտեսական թվեր նշեմ, նույնիսկ հունվարինը․ արտաքին առևտրաշրջանառությունը Էմիրատների հետ հասել է 16%-ի։ Եթե չեմ սխալվում անցած հունվարին եղել է 4% , ինչը նշանակում է, որ մեծ փոփոխություններ է տեղի ունեցել։ Հայաստանը իրականացնում է և՛ տնտեսության, և՛ քաղաքականության, և՛ անվտանգության ոլորտում դիվորսիֆիկացիայի քաղաքականություն։ Հայաստանը ոչ մի տեղ չի գնում։ Հայաստանը նաև տարածաշրջայնացման քաղաքականություն է վարում»։
Որոշ իմաստներով ճիշտ համարելով այդ քաղաքականությունը, քաղաքագետ Տիգրան Գրիգորյանը, ամեն դեպքում, նաև ընթացքում սխալներ է նկատում։
«Կարծես թե Հայաստանի իշխանությունները լավ չեն հասկանում համաշխարհային միտումները։ Այսինքն՝ չեն հասկանում, թե աշխարհը ինչ ուղղությամբ է շարժվում։ Այդ շեշտը՝ միջազգային հանրության, միջազգային իրավունքի, լեգիտիմության երևի արդիական կլիներ 10-15 տարի առաջ, երբ դեռևս այդ կառույցները, այդ ինստիտուտները, միջազգային նորմերը աշխատում էին, բայց հիմա, երբ աշխարհը շարժվում է հակառակ ուղղությամբ, երբ տեսնում ենք, որ մեծ հաշվով ուժի կիրառումը լեգիտիմացվել է աշխարհում և ուժի կիրառման համար ինչ-որ լեգալիստական իրավական պատճառներ պետք չեն, անընդհատ շեշտը դնել, որ պետք է ունենանք լեգիտիմ պահանջներ, լեգիտիմ դիրքորոշումներ, ու մեր հիմնական շեշտը հենց միջազգային հանրության աջակցությունն էր, բայց տեսնում ենք, որ այս մոդելը չի աշխատում։ 22 թվականին էլ էին ասում՝ գնալու ենք ինչ-որ զիջումների և միջազգային հանրությունը մեզ աջակցելու է, բայց դրանից հետո ունեցանք սեպտեմբերյան էսկալացիան, Արցախի հայաթափումը, չկա կայունություն որևէ ուղղությամբ։ Այսինքն՝ այո, մտածելակեպը այլ է, բայց այդ մտածելակերպը այդքան էլ չի համապատասխանում նոր ձևավորվող իրողություններին»։
Քաղաքական վեկտորի փոփոխության խոսակցությունների ֆոնին ուշագրավ հայտարարություն է արել ԵՄ ներկայացուցիչ Փիթեր Ստանոն։
Նա ասել է, որ Հայաստանի հետ համատեղ զորավարժություններ անցկացնելու ծրագիր չկա, քանի որ ԵՄ-ն ռազմական դաշինք չէ, այլ քաղաքական և տնտեսական արժեքների վրա հիմնված կառույց։
«Եվրամիությունը չի նախատեսում նաև անդամ երկրների տարածքում վերապատրաստել հայ զինվորականներին»,- հայտարարել է նա։ Խոսելով հայկական բանակին անզեն աջակցություն ցուցաբերելու հնարավորության մասին, Ստանոն ասել է, որ այդ առնչությամբ դեռ կոնկրետ որոշում չի կայացվել։




