ԿարևորՄիջազգային

Ռուսաստանն ունի քաղաքական կամք Հայաստանի հետ հարաբերություններ կառուցելու համար․ Պեսկով

Ռուսաստանը դեմ է իր գործընկերներին պայմաններ թելադրելուն, հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը «Գիտելիք. առաջինները» կրթական մարաթոնին։

Նա նշել է, որ հայ ժողովուրդը շահում է Ռուսաստանի Դաշնության հետ համագործակցությունից և Եվրասիական տնտեսական միությանը Հայաստանի անդամակցությունից, քանի որ մեծանում է ապրանքաշրջանառությունը, ընդլայնվում են տրանսպորտային ծառայությունները, ֆինանսական հատվածը։

«Մենք դեմ ենք ինչ-որ մեկին ինչ-որ բան թելադրելուն, մենք միասին գումար վաստակելու, միասին ավելի երջանիկ ու հարուստ դառնալու կողմնակից ենք: Վստահ ենք, որ մեր հայ ընկերները նույնպես դա հասկանում են»,- ասել է Պեսկովը:

Նա հավելել է, որ նախկին Խորհրդային Միության տարածքում Հայաստանն ամենադինամիկ զարգացող երկիրն է, քանի որ 2023 թվականին ՀՆԱ-ի աճը կազմել է ավելի քան 15 տոկոս։ «Նույնիսկ համաշխարհային չափանիշներով կարելի է ասել, որ Հայաստանը առաջատար է»,- ընդգծել է Պեսկովը՝ հավելելով, որ դա մասամբ պայմանավորված է Ռուսաստանի Դաշնության հետ «շատ սերտ փոխշահավետ համագործակցությամբ»։

«Ռուսաստանն ունի քաղաքական կամք Հայաստանի հետ հարաբերություններ կառուցելու համար»,- ընդգծել է Կրեմլի մամուլի ծառայության ղեկավարը։

Պեսկովը նաև ասել է, որ Ռուսաստանում ավելի շատ հայեր են ապրում, քան բուն Հայաստանում։ «Նրանք ռուսաստանցիներ են, և նրանց սիրում են Ռուսաստանում»,- ընդգծել է նախագահի մամուլի քարտուղարը։

Կարդացեք նաև

Back to top button