ԿարևորՌեպորտաժներՔաղաքական

Թեհրանը չի ընդունում կտրուկ շրջադարձեր. փորձագետները՝ Իրանի Մեջլիսի ընտրությունների մասին

«Իրանն այսօր» Telegram ալիքի փոխանցմամբ՝ Իրանի հայ համայնքից Մեջլիսի պատգամավորներ են ընտրվել Արա Շահվերդյանը և Գեղարդ Մանսուրյանը։ Շահվերդյանը, որը նաև գործող պատգամավոր է, ընտրվել է Թեհրանի և հյուսիսային շրջանի իրանահայության ներկայացուցիչ։ Գեղարդ Մանսուրյանը միջազգայնագետ է և իրանական մամուլում աչքի է ընկել Հայաստանի ու Արցախի մասին հոդվածներով։ Նա Սպահանի և հարավային շրջանի իրանահայության ներկայացուցիչն է։ Իրանում անցկացված խորհրդարանական ընտրությունները ցույց տվեցին, որ այդ երկրի բնակչությունը չի ցանկանում կամ պատրաստ չէ արմատական փոփոխությունների ներքին և արտաքին քաղաքականությունում։ Ըստ փորձագիտական այս գնահատականի՝ կարելի է ասել, որ ներկայիս ստատուս քվոն տարածաշրջանում շատ առումներով կպահպանվի։

Մարտի 1-ին Իրանում կայացած Մեջլիսի և Իրանի փորձագետների խորհրդի ընտրություններում համապետական մասնակցությունն աննախադեպ ցածր էր` 41 տոկոս, մայրաքաղաք Թեհրանում` 24 տոկոս։ Պաշտոնյաները կանխատեսում էին, որ վերջնական ցուցանիշն ավելի բարձր կլինի, քան 2020 թվականի վերջին ընտրարշավի ժամանակ գրանցված 42,5%–ը, բայց դրանից էլ ցածր ցուցանիշ գրանցվեց։ Որոշ փորձագետներ նկատում են, որ այս ընտրություններում իրանցիները պարզապես դեմ են արտահայտվել ու չեն ցանկացել կտրուկ շրջադարձեր։

Այս առումով, իրանագետ Էմմա Բեգիջանյանը «Ռադիոլուրի» հետ զրույցում նկատեց, որ այս ընտրություններում խորհրդարանի պատկերը հստակ կանխատեսելի էր։ Ընտրություններում պասիվություն կար բարենորոգչականների թևում։

 «Բարենորոգչական թևը պասիվ էր, ակտիվ մասնակցություն չունեցավ, անգամ շատերն ընտրելու փուլին էլ չմասնակցեցին։ Այս խորհրդարանի ելքը հստակ կանխատեսելի էր։ Բացի այդ երկրում նաև տնտեսական սոցիալական խնդիրներ կան՝ սահմանափակումների ու այլևայլ պատճառներով. թանկացումներ և այլն, որոնք նույնպես պատճառ էին»։  

Այսինքն, բարեփոխականների մոտ կար գիտակցումը, որ խորհրդարանը չի կարողանալու ազդել կառավարության քաղաքականության վրա։ Ակնհայտ է, որ նման իրավիճակում հիմնական մրցակցություն է ընթանում ավանդական պահպանողականների և նոր պահպանողականների միջև։ Իրանի խորհրդարանը 290 անդամ ունի, որից 45-ը որոշվելու են 2-րդ փուլով։ Ամենայն հավանականությամբ դա ապրիլի սկզբներին տեղի կունենա, որից հետո միայն վերջնական տեսքով կձևավորվի խորհրդարանը։ Այդուհանդերձ, հաշվի առնելով, որ հիմնական մրցակցությունը ավանդական պահպանողականների և նոր պահպանողականների միջև է, այսօր արդեն հստակ է, որ Իրանի խորհրդարանում դիրքերը կշարունակեն պահել պահպանողականները, ինչը նշանակում է, որ արմատական փոփոխությունների պետք չէ սպասել ո՛չ ներքին, ո՛չ արտաքին քաղաքականության մեջ՝ առնվազն առաջիկա երկու տարվա ընթացքում։

 «Բոլոր դեպքերում, նրանք իրենց ազգային շահերը չեն զիջում, զիջողական չեն։ Կարող եմ ասել՝ մեծ փոփոխություն չի լինի, պարզապես կարող է դիրքորոշումն Արևմուտքի հետ կապված ավելի խիստ լինի իրենց կողմից»։   

Իրանագետը, սակայն, կարծում է, որ դա էլ այնքան մեծ հավանականություն չունի, քանի որ բոլորն էլ գիտակցում են, որ այսօր գոյություն ունեցող լարվածությունը տարածաշրջանում ձեռնտու չէ որևէ մեկին։ Բեգիջանյանի խոսքով՝ որևէ մեկը չի ցանկանա երկրորդ ճակատ բացել այս տարածաշրջանում, բացառությամբ մեկից.

 «Բացի Ադրբեջանից։ Էստեղ մենակ նա է շահագրգիռ, որ Իրանը ներքաշվի ինչ-որ բախումների մեջ, որպեսզի ինքն ավելի ազատ լինի իր քայլերում՝ Հայաստանի դեմ ագրեսիայի իմաստով։ Մյուսներն այդպես չեն»։

Հետևաբար, փորձագետները նկատում են, որ հայ-ռուսական հարաբերություններում նկատվող ներկայիս խութերի առկայության պայմաններում, Իրանը փորձելու է լրացնել անվտանգության որոշակի վակուումը, որն առաջացել է հայ-ռուսական հարաբերություններում առկա դժվարությունների պատճառով:

Back to top button