ԿարևորՀասարակություն

Հակոբ Արշակյանը կարևորել է բարձր տեխնոլոգիաների ոլորտի զարգացման ռազմավարություն ունենալու ուղղությամբ իրականացվող աշխատանքները

ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Հակոբ Արշակյանը ներկա է գտնվել «Նորարար Հայաստան 2024» աշխատաժողովին:

ԱԺ փոխնախագահը ողջույնի խոսքում անդրադարձել է Հայաստանում տեխնոլոգիական թռիչքաձեւ զարգացման հնարավորություններին. «Դրա մասին տարիներ շարունակ մենք բազմիցս քննարկել ենք, եւ տարբեր երկրներ այդ թռիչքը կարողացել են ապահովել. դա անհնարին բան չէ: Կարծում եմ, որ մենք բոլոր հնարավորություններն ունենք Հայաստանի համար նման թռիչք ապահովելու»:

Հակոբ Արշակյանի խոսքով անհնար է պատկերացնել բարձր տեխնոլոգիական ոլորտի միայնակ զարգացումը. «Այստեղ մենք սիներգիայի կարիք ունենք` կրթություն, գիտություն եւ արդյունաբերություն կապի: Եթե մենք կարողանանք Հայաստանում ստեղծել այս կապը եւ դա արդյունավետ աշխատի, ապա կունենանք թռիչք: Վերջին երկու տարվա ընթացքում մեր կատարած բոլոր խորքային ու այլ երկրների ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ նման թռիչք անհնար է ապահովել, եթե մենք չունենանք ռազմավարական մոտեցում թե’ կրթության, թե’ գիտության, թե’ տեխնոլոգիաների ոլորտներում իրար հետ փոխկապակցված զարգացման ռազմավարության ներդրման տեսանկյունից»:

ԱԺ փոխխոսնակը կարեւորել է բարձր տեխնոլոգիաների ոլորտի զարգացման ռազմավարություն ունենալու ուղղությամբ իրականացվող աշխատանքները: Հակոբ Արշակյանն ընդգծել է, որ այդ ուղղությամբ բազմիցս աշխատանքներ են կատարվել տարբեր խմբերի կողմից:

«Ցավոք, այս պահին չունենք ներդրված փաստաթուղթ եւ դրա պատճառներից մեկը նաեւ այն է, որ այն միայնակ չի կարող լինել: Այն պետք է լինի փոխկապակցված եւ մաս լինի համակարգին: Այս առումով մենք բախվել ենք մարտահրավերների»,- նշել է ԱԺ փոխնախագահը եւ հավելել, որ խնդիրը ոչ թե կոմունիկացիայի եւ համագործակցության մեջ է, այլ մարդկանց մոտեցումների եւ նրանց կողմից համակարգերը զարգացնելու առաջնահերթությունների:

Կարդացեք նաև
Close
Back to top button