ԿարևորՀասարակությունՌեպորտաժներ

Տոտալ վերահսկողությո՞ւն, թե՞ հարկերը թաքցնելու բացառում․ ՊԵԿ-ին հասանելի է դառնում քաղաքացիների բանկային գաղտնիքը

«ՀՀ հարկային օրենսգրքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագիծը հաստատված է, բայց այն դեռ չի վավերացվել։ ՀՀ Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Ռուստամ Բադասյանը հայտարարել է, որ խոսքն այս դեպքում հարկային հսկողության շրջանակներում ռիսկերի գնահատման նպատակով՝ հարկային մարմնի՝ էլեկտրոնային համակարգով բանկերից ՀՀ Կենտրոնական բանկի միջոցով հարկ վճարողի յուրաքանչյուր բանկային հաշվի ամփոփ տեղեկություն ստանալու մասին է։ Օրենսդրական նախաձեռնությունից արդեն դժգոհություներ ու մտահոգություններ կան։

Քննչական կոմիտեին այժմ միանում է նաև Պետական եկամուտների կոմիտեն։ Առաջին կառույցի քննիչներն արդեն, երկրորդ կառույցի ներկայացուցիչներն առաջիկայում հասանելիություն կունենան քաղաքացիների բանկային տվյալներին։ Օրենքը դեռ ուժի մեջ չմտած, արդեն մտահոգություններ կան։ Դրանց մի մասը պարզապես քաղաքացիներին, մյուսն էլ բիզնեսին է վերաբերում։ ՀՀ Ազգային Ժողովի 7-րդ գումարման պատգամավոր, «Լուսավոր Հայաստան» կուսակցության կառավարման խորհրդի անդամ Արմեն Եղիազարյանն ընդգծում է՝ բանկային գաղտնիքի էությունը կորցնում է իր բովնադակությունը, երբ ցանկացած քննիչ առանց սանկցիայի, կարող է հասանելիություն ստանալ բանկային հաշիվներին, այդտեղ արդեն դատարանը որպես արբիտր դուրս է մնում այդ գործընթացից։ Այժմ նույն տրամաբանությունն է ՊԵԿ-ի դեպքում։

«Հարկային մարմինը կարող է ուղղակիորեն հասանելիություն ունենալ հաշիվներին և քաղվածքների տեսքով ամենամանրակրկիտ կերպով իմանալ, թե տվյալ ընկերությունները ինչ գործարքներ են անում։ Այստեղ նաև բացի բանկային գաղտնիքը, հասանելիություն է լինում նաև առևտրային գաղտնիքներին, որի մասին չի խոսվում։ Բայց ցանկացած գործարք գործընկերների միջև կրում է առևտրային գաղտնիք։ Պետք չէ դա հանրայնացնել»։

Սա ռիկսկային է ոչ միայն բիզնեսի, այլև ներդրումների համար, կարծում է փորձագետը։ Պետական եկամուտների կոմիտեում հարցերի պատասխաններն ունեն։ ՊԵԿ նախագահ Ռուստամ Բադասյանի խոսքով՝ ոչ թե մանրամասն տեղեկություններ են պահանջելու, այլ հարկ վճարողի մասին ամփոփ տվյալներ։

«Յուրաքանչյուր հաշվով կատարվող մուտքը, ելքը, տարեկան շրջանառության ծավալը, որպեսզի այս տեղեկատվությունը համադրվի հարկային մարմնի բազայում առկա տեղեկատվության հետ։ Ֆիզիկական անձանց դեպքում սահմանված է, որ այն կներդրվի հայարարագրմանը զուգահեռ»։

Բադասյանը հստակեցնում է՝ խոսքը զգայուն տեղեկությունների մասին չէ, այլ ընդամենը հարկ վճարողի բանկային հաշվով կատարված գործարքների հանրագումարի վերաբերյալ որոշակի տեղեկատվության, որը կստանան Կենտրոնական բանկի միջոցով։

Փորձագետ Արմեն Եղիազարյանն այլ դիտարկում ունի․ «Այդտեղ մի բան ինքը չի նշում, որ իրենց պահանջով բիզնեսը պարտավոր է որոշակի ժամկետում մանրակրկիտ տեղեկատվություն տրամադրել։ Այս պարագայում իր ասած զգայուն տեղեկատվությունը մի տեսակ տրամաբանական չէ։ Քանի որ միանգամից մանրակրկիտ տեղեկատվության պահանջ է ներկայացվելու»։       

Մինչ այժմ բանկային գաղտնիքի բարձր նշաձող է դրված եղել, արձանագրում է փաստաբան Արսեն Սարդարյանը։ Այժմ ՊԵԿ-ի դեպքում իրավիճակը փոխվում է։ 2024-ն, այսպես ասենք՝ շահառու են լինելու ֆիզիկական այն աիիձինք, որոնք աշխատում են աշխատանքային ու ծառայությունների մատւցման պայմանագրերով, իսկ արդեն հաջորդ տարվանից՝ բոլոր այն քաղաքացիները, որոնք ունեն բանկային հաշիվներ։

«Ամփոփ տեղեկատվությունը, ճիշտ է, մուտք ու ելքի, մնացորդների մասին է, բայց դրան կարող է հաջորդել հարկային տեսուչի՝ քաղվածք ներկայացնելու պահանջը։ Օրենսդրորեն որևէ կարգավորում չկա՝ որ դեպքում անձը իրավունք ունի հրաժարվել։ Ըստ էության՝ տոտալ վերահսկողության դաշտ ենք մտնում։ Այն անձը, ում պահանջը ներկայացվում է, պարտավոր է 3-օրյա ժամկետում քաղվածքը ներկայացնել։ Նաև՝ գրավոր համաձայնություն բանկից այդ քաղվածքի իսկությունը ճշտելու համար»։

ԱԺ Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ Բաբկեն Թունյանը պնդում է՝ խոսքը մարդկանց բանկային հաշիվների մանրամասների մասին չէ․

«Հարկային մարմինն ընդամենը ստանում է երկու տվյալ՝ տարվա ընթացքում մուտքերի ու ելքերի թիվը։ Իսկ եթե տվյալները հայտարրագրի տվյալների հետ համադրելով՝ լրացուցիչ ինֆորմացիայի կարիք եղավ, մնացածը սահմանվում է օրենքով»։ Փորձագիտական դաշտում, այդուհանդերձ, շարունակում են թվարկել ռիսկերը։ Ընդ որում՝ սա միայն տվյալների հասանելության հարց չէ՝ ասում է Արմեն Եղիազարյանը

«Եթե սրան քաղաքական տեսանկյունից նայենք, ապա գործող իշխանությունը դատական իշխանության ձեռքից վերցնում է լծակները՝ կենտրոնացնելով գործադիրի ձեռքում»։

Փորձագիտական դաշտում վստահ են՝ օրենքի ուժի մեջ մտնելուց հետո դատական նոր գործընթացներ են սկսկվելու։ Չեն բացառում, որ Սահմանադրական դատարան դիմելու անհրաժեշտություն էլ լինի։

Back to top button